Ռոդրիգո Յանյես. Չիլին մտադիր է ընդլայնել արտահանումը Հայաստանից

15.10.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Ռոդրիգո Յանյես #Չիլի
Օրերս Հայաստան էր ժամանել Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսը։ Banks.am-ին տված հարցազրույցում պաշտոնյան խոսել է այցի հիմնական նպատակի եւ երկու երկրների միջեւ համագործակցության իրենց տեսլականի մասին։

- Պրն Յանյես, խնդրում եմ հակիրճ ներկայացնել Հայաստան այցի նպատակը։

- Այցի հիմնական նպատակն առեւտրային ոլորտում Հայաստանին եւ Եվրասիական տնտեսական միությանն ավելի մոտենալն է, նաեւ քննարկելը համագործակցության հնարավորությունները։

Մենք շատ ընդհանրություններ ունենք Հայաստանի հետ ինչպես մշակութային, այնպես էլ աշխարհագրական դիրքի առումով։ Կարծում ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ կիսելով մեր փորձն ու գիտելիքը։

- Ինչպես արդեն նշեցիք, Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ առեւտրային կապերի հաստատմամբ։ Այս առումով ինչպե՞ս եք տեսնում համագործակցությունը հատկապես Հայաստանի հետ։

- Կարծում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ ռազմավարական գործընկեր Եվրասիական տնտեսական միությանը մոտենալու ճանապարհ գտնելու հարցում։ Մենք այստեղ ենք պատմելու՝ ինչու Չիլին կարող է դառնալ Հայաստանի ստրատեգիական գործընկերը եւ լինել ճանապարհ դեպի Լատինական Ամերիկա։ Մենք նաեւ եկել ենք կիսվելու մեր կատարած վերլուծությամբ, որն առնչվում է Հայաստանից դեպի Չիլի արտահանման պոտենցիալին։

Ռոդրիգո Յանյեսը

Չիլին աշխարհից ներկրում է ավելի քան 1400 ապրանքատեսակ, որի մի մասը կարող էր լինել Հայաստանից։ Այն հանգամանքը, որ Չիլին Լատինական Ամերիկայի տարածաշրջանում հանդիսանում է երկրորդ խոշորագույն ներկրողը՝ Բրազիլիայից հետո, տալիս է Հայաստանից արտահանումը մեծացնելու հնարավորություններ։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է աշխատանք տանել ավելի լավ առեւտրային պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որովհետեւ Հայաստանից Չիլի արտահանված արտադրանքի մաքսատուրքն այսօր կազմում է 6%: Քանի որ Չիլին ունի խոշորագույն ազատ առեւտրի համաձայնագրերի ցանցերից մեկն աշխարհում, Հայաստանի մրցակիցները չիլիական շուկայում ունենում են 0% մաքսատուրք՝ շնորհիվ այդ համաձայնագրերի։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկն այն էր, որ առաջիկա ամիսներին մենք Հայաստան կբերենք տեխնիկական թիմ՝ հանդիպելու իրենց պաշտոնակիցներին եւ կիսվելու մեր փորձով այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան։


- Հանդիպման ժամանակ նաեւ արտահայտել եք Ձեր մտադրությունը՝ ընդլայնելու Հայաստանից դեպի Չիլի արտահանվող ապրանքատեսակները։ Այսօր այդպիսի արտադրանքներից է հանքաքարը։ Ի՞նչ այլ արտադրանք եք ցանկանում ներկրել Հայաստանից։

- Մենք առանձնացնում ենք ոգելից խմիչքները՝ ստացված խաղողի թորման եղանակով, ալյումինե փայլաթիթեղը, զարդեղենը, հագուստը, շոկոլադը եւ կակաո պարունակող այլ ապրանքատեսակները։

Կան մի շարք արտադրանքներ, որոնք ունեն արտահանման պոտենցիալ, սակայն մենք պետք է աշխատենք մեր պաշտոնակիցների հետ՝ կապելու մեր մասնավոր սեկտորները, բիզնես համայնքները, հասկանալու մարտահրավերներն ու խոչընդոտները, որ կարող ենք ունենալ առեւտրային ոլորտում՝ սկսած մաքսատուրքից մինչեւ տեխնիկական արգելքներ։

Մենք պետք է մտածենք նաեւ առեւտրային ոլորտի ապագայի մասին՝ խոսելով թվային տնտեսությունից, թվային առեւտրից։ Հանդիպում ենք ունեցել նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւ ներկայացրել մեր աշխատանքն այդ ոլորտում։

Ռոդրիգո Յանյեսը

- Այսօր Հայաստանը Չիլիից ներմուծում է ձկնեղեն եւ ոգելից խմիչքներ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ այլ ապրանքատեսակներ կան, որ ունեն Չիլիից Հայաստան արտահանման պոտենցիալ։

- Կարծում ենք՝ մենք կարող ենք դառնալ ինչպես չոր, այնպես էլ թարմ մրգերի մատակարար՝ հաշվի առնելով այն, որ գտնվում ենք տարբեր սեզոնային գոտիներում, եւ դառնալ հուսալի գործընկեր այդ ոլորտում։

Ծառայությունների ոլորտը եւս կարող է շատ հետաքրքիր լինել։ Մենք ունենք բարձր մակարդակի արդյունաբերություն՝ հանքարդյունաբերության, անտառային տնտեսության, գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության ոլորտներում։ Մենք զարգացրել ենք համաշխարհային մակարդակի ծառայություններ, որի տեխնիկական փորձը կարող է օգտակար լինել Հայաստանին:

- Նախքան Հայաստան այցելելը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ եք ունեցել նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում։ Որքանո՞վ էին դրանք արդյունավետ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առումով։

- Հանդիպումները շատ արդյունավետ էին։ Մենք կապեր հաստատեցինք տեխնիկական տեղեկատվության փոխանակման համար, նաեւ վերլուծելու համար այն ոլորտները, որոնք ունեն առավելագույն ներուժը միության բոլոր 5 երկրների հետ առեւտրաշրջանառության ընդլայնման առումով։ Համաձայնության եկանք շարունակելու տեղեկատվության փոխանակումը՝ ավելի լավ ծանոթանալու համար տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժին եւ առկա հնարավորություններին։

Ռոդրիգո Յանյեսի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտում՝ 37096
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW