Մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը
“Հայէկոնոմբանկը” ստացել է 15 մլն դոլարի սինդիկացված վարկ

15.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց Աշխարհ”, Դեկտեմբեր 14, 2007 թ.

“Հայէկոնոմբանկը” Վերակառուցման եւ զարգացման եվրոբանկի հետ համատեղ երեկ կնքեց 15 մլն դոլար ընդհանուր գումարով սինդիկացված (միասնական) վարկային պայմանագիր

Ըստ “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահ ԴԱՎԻԹ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ, սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ: Առաջին անգամ համաշխարհային ճանաչում ունեցող վեց ֆինանսական հաստատություն` Եվրոբանկը, գերմանական, ավստրիական, հնդկական, տայվանական եւ անգլիական բանկերը միասին մասնակցություն են ունենում Հայաստանում սինդիկացված վարկավորման իրականացմանը:
Եվրոբանկի ներկայացուցիչ Մ.ՎԱՅՆՇՏԵՅՆԻ կարծիքով, այս պայմանագրի ստորագրումը փաստում է, որ Հայաստանի տնտեսության ու բանկային համակարգի նկատմամբ վստահությունը մեծացել է.

-Եվրոբանկի նպատակն է օգնել, որպեսզի արտասահմանյան առեւտրային բանկերը ֆինանսական միջոցներ ներդնեն Հայաստանի տնտեսության մեջ: Այս գործարքը լրացուցիչ հիմնավորում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Մեծացել է նաեւ հայկական շուկայի ախորժակը: Կարծում եմ, սա առաջին ծիծեռնակն է:

Արտասահմանյան ներդրումները, Եվրոբանկի ներկայացուցչի կարծիքով, առաջիկայում կշարունակեն ավելանալ: Հայաստանի բանկային համակարգը տնտեսության առանցքային ճյուղերից է եւ առանց առողջ բանկային համակարգի դժվար է պատկերացնել տնտեսության հետագան: Մ. Վայնշտեյնը թերեւս պատահական չի համարում, որ հայկական ֆինանսական հատվածը առաջիններից մեկն է, որ արտասահմանից ստանում է այս միջոցները:

Ինչ վերաբերում է “Հայէկոնոմբանկին”, ապա.

- Այն մեր հին գործընկերն է: Ինչպես գիտեք, մենք բանկի մի մասի սեփականատերերն ենք եւ շատ գոհ ենք, որ այսօր մեր համագործակցությունը բարձրացավ նոր աստիճանի:

“Հայէկոնոմբանկի” սեփականատերերից մեկի նկատմամբ իրականացվող, այսպես կոչվող, քաղաքական ճնշումների վերաբերյալ Եվրոբանկի ներկայացուցիչը տեղյակ չէ: Իսկ բանկի վիճակի մասին դատում է ֆինանսական հաշվետվություններով եւ բանկում գոյություն ունեցող օբյեկտիվ տեղեկություններով:

Ստորագրված պայմանագրով, 15 մլն դոլարը հատկացվելու է երկու փուլով. առաջին 5 մլն դոլարը տրամադրելու է Եվրոբանկը` 36 ամիս մարման ժամկետով: Հաջորդ 10 միլիոնը, որը եւս հատկացվելու է երկու բաժնով, տրամադրելու են ծրագրին մասնակից մյուս բանկերը: Այն կհատկացվի 5-ական մլն դոլարով: Սակայն այս դեպքում ներգրավվող գումարների ժամկետայնությունը համեմատաբար փոքր կլինի: Եթե առաջին 5 միլիոնը մասնակից բանկերը կտրամադրեն 18 ամիս, ապա երկրորդը` 12 ամիս մարման ժամկետով:

Այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար նման կարճ ժամկետայնությամբ գումարների ներգրավումը, Դ.Սուքիասյանը պատասխանեց.

- Պայմանագիրը ստորագրված է այդ ժամկետներով, սակայն այնտեղ կա պայման, որ մենք կարող ենք երկարաձգել նույնքան ժամկետով, որքանով տրամադրվում է: Բացի այդ` "Հայէկոնոմբանկը" ունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, որոնք նույնպես կարող են օգտագործվել վարկավորման իրականացման նպատակով:

Ի տարբերություն ներգրավվող գումարների մի մասի կարճ ժամկետայնությանը, դրանք վարկառուներին կտրամադրվեն 2-3 տարի մարման պարտավորությամբ: Թեպետ անհրաժեշտության դեպքում, ըստ Դ.Սուքիասյանի, վարկերը կարող են հատկացվել մինչեւ անգամ 5 տարով:

Ներգրաված 15 մլն դոլարը "Հայէկոնոմբանկը" նախատեսում է ուղղել արտադրության, սպասարկման եւ առեւտրային ոլորտի փոքր եւ միջին ընկերությունների վարկավորմանը. "Այս գործարքով "Հայէկոնոմբանկը" եւս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանում մանր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման գործընթացին աջակցելուն միտված իր քաղաքականությանը":

Ծրագրի շրջանակներում մեկ վարկառուին առավելագույնը կարող է տրամադրվել մինչեւ 400 հազար դոլարին համարժեք գումար` 14-16 տոկոս տոկոսադրույքով: Դ.Սուքիասյանը կարծում է, որ սահմանված տոկոսադրույքը բխում է շուկայի պահանջարկից.

- Տոկոսադրույքը համապատասխանում է պահանջարկին: Մենք շուկայում տեսնում ենք այդ պահանջարկը:

Չնայած եթե այստեղ տեղի ունենա տոկոսադրույքների փոփոխություն, ապա բանկը եւս պատրաստ է դրանք իջեցնել. “Եթե շուկայում տեղի ունենան փոփոխություններ, ապա “Հայէկոնոմբանկը” միանշանակ կփոխի իր վարկային տոկոսադրույքները”:

Թեպետ ներգրաված 15 մլն դոլարն ամբողջությամբ կուղղվի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, այնուհանդերձ Դ.Սուքիասյանը կարծում է, որ դրանով այս շուկայի պահանջարկը չի կարելի բավարարված համարել.

- Շուկայի ծավալը գնահատելը շատ դժվար է, որովհետեւ տարեցտարի այն փոխվում է: Ամեն դեպքում, այս պահին կարծում ենք, որ 15 միլիոն դոլարը այնքան մեծ գումար չէ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 6504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW