Այրումում ծղոտի վրա սունկ են աճեցնում

12.07.2019 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Արսեն Խուդյան #Այրում #սունկ
Լոռու մարզի Այրում գյուղի բնակիչ Արսեն Խուդյանը մոտ 10 տարի առաջ համայնքային տնտեսությունը զարգացնելու այլընտրանքային ճանապարհ է ընտրել եւ սկսել ծղոտի վրա սունկ աճեցնել։ Սկսել է, սակայն պայմանների բացակայության պատճառով նախաձեռնությունը բիզնես դարձնել չի կարողացել։ Կիսատ թողած գործը եղբոր հետ վերսկսել է 2018-ի նոյեմբերին:

Banks.am-ի թղթակիցը եղել է Այրումում, ծանոթացել սնկի արտադրության մանրամասներին:

Վերսկսելով սնկի արտադրությունը

Ծղոտի վրա սունկ աճեցնելու առաջին անհաջող փորձից հետո Արսենը մեկնում է Ռուսաստան, շինարարական ընկերություն հիմնում ու գործունեություն ծավալում բացառապես այս ոլորտում, սակայն Հայաստան վերադառնալու մտքից երբեք չի հրաժարվում։

«Նախկին փորձն օգտագործելով՝ ես ու եղբայրս որոշեցինք նորից, ավելի բարձր մակարդակով սկսել տարիներ առաջ կիսատ թողած գործը, մանավանդ, որ վերջին մեկ-երկու տարին չէի կարողանում մնալ Ռուսաստանում։ Այնտեղ լուծարեցինք մեր ընկերությունը։ Սնկի արտադրությունը վերսկսելու նպատակով որոշակի գումար էի հավաքել, բացի այդ՝ սարքավորումներ ու տարբեր պարագաներ եմ ինձ հետ բերել ու անցած տարեվերջին սկսել գործը»,- պատմում է 32-ամյա գործարարը։


Ներդրում, աշխատանք, արդյունք

Արտադրություն հիմնելու համար շուրջ 20 մլն դրամ է պահանջվել, իսկ զարգանալու, արագ քայլերով առաջ գնալու համար երիտասարդ գործարարը եւս 10 մլն դրամի կարիք ունի։ Ներկայում արտադրական տարածքն են բարեկարգում՝ սունկ աճեցնելու պայմանները բարելավելու եւ համապատասխան ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով։

Օրական միջինում 150 կգ սունկ են ստանում։ Նպատակ կա այդ թիվը հասցնել 300-400-ի։

Արսենը ներկայացնում է սնկի արտադրության հետաքրքիր տեխնոլոգիան.

«Հարդը (ցորենի, գարու մանրացրած ցողունը - խմբ.) հատուկ աղացով մանրացվում է, ապա՝ խոնավեցվում։ Հետո տեղափոխում ենք բունկերի մեջ՝ եփելու նպատակով։
Չորս օր եփվելուց հետո հովացնում ու խառնում ենք սնկի սերմի հետ, ապա լցնում պարկերի մեջ։ Դրանից հետո արդեն հարդով շաղախված սերմը պարկերով տեղափոխվում է հատուկ տարածք՝ ինկուբացիայի նպատակով: Ինկուբացիոն շրջանը 14 օր է տեւում, որի ընթացքում պարկերը մնում են 24 աստիճան ջերմաստիճանի եւ 70-80 աստիճան խոնավության պայմաններում: Ինկուբացիային հաջորդում է բերքատվության փուլը, որը մեկ ամիս է տեւում»:


Բերքատվությունից գոհ են. մեկ պարկ հարդի եւ սերմի շաղախից երկու անգամում միասին 5-6 կգ բերք են ստանում: Բերքատվության առաջին ալիքը, ինչպես Արսենն է նշում, մոտ 1 տոննա բերք է տալիս մեկ շաբաթում։ Հաջորդող օրերին, սակայն, բերքատվությունը նվազում է:

Ամռան ամիսներից բացի, ամբողջ տարվա ընթացքում բերքի քանակն ամսական 3 տոննա է կազմում:

«Սերմերը բերում ենք Ռուսաստանից, որովհետեւ այնտեղ մասնագիտացված լաբորատորիաներ են գործում, մարդիկ տարբեր սերմերից նոր սորտեր են ստանում, իսկ Հայաստանում չգիտես, թե որտեղ են դրանք արտադրվում ու ինչպես։ Բացի այդ, ռուսական ընկերությունները համապատասխան հավաստագրով երաշխավորում են իրենց արտադրանքի որակը, ինչի արդյունքում արդեն վստահությունը մեծանում է»,- ասում է Արսենը։


Համագործակցում են հիմնականում երկու՝ Ռուսաստանի Սարատով քաղաքում գործող «Սանտանա» եւ ռուս-ուկրաինական «Ֆուտառ» ընկերությունների հետ։

Ներկայում միայն կախասունկ են աճեցնում՝ ամառային եւ ձմեռային տեսակներով։ Արսենի խոսքով՝ սա խնայողության ձեւ է, որպեսզի ձմռանն արտադրամասը շատ տաքացնելու կարիք չլինի։

Արտադրության ընդլայնում

Ներկայում Այրումի սնկի հիմնական սպառողը վերավաճառողներն ու ռեստորաններն են։ Բերքի քանակը մեծ չէ, որպեսզի կարողանան ընդլայնել սպառման շուկան։

Վանաձոր, Իջեւան, Դիլիջան, Սեւան ու Երեւան են արտահանում, զուգահեռ՝ մեծացնում արտադրությունը։ Բագրատաշենում նույն գործը Արսեն Խուդյանի ընկերն է անում։ Եվս մեկ արտադրամաս էլ սահմանամերձ Տավուշի Կողբ գյուղում ունեն։

Տաթեւիկ Ճուղուրյանը զրուցում է Արսեն Խուդյանի հետ

Արսենն ասում է, որ արտադրության աշխարհագրությունն ընդլայնելն ու գործընկերներ ունենալը չափազանց կարեւոր է, որովհետեւ Հայաստանից արտահանելու դեպքում միայն Այրումում ստացած բերքով բավարար քանակ չեն կարող ապահովել։

Վաճառք

Այրումում աճեցված կախասնկի 1 կիլոգրամը 1000 դրամով են վաճառում, իսկ շուկայում գինը հասնում է մինչեւ 1300-1500 դրամի։ Սուպերմարկետների հետ պայմանավորվածություն կա՝ արտադրանքը փաթեթավորված հանձնելու։ Այդ ուղղությամբ նույնպես աշխատում են։


Գործունեության մի քանի ամսվա ընթացքում Արսենը գյուղում 5 աշխատատեղ է բացել։ Արտադրության կայունանալու դեպքում աշխատողների թիվը կհասնի 15-ի։ Եվս 5 աշխատակից էլ փաթեթավորման գործի համար է պետք։ Իսկ դա կլինի արդեն աշնանը։

Արտադրական գործը Խուդյան եղբայրները «Թերեզա Արմեն» արտադրական անվամբ են կազմակերպում ու ներկայացնում։ Սակայն ցանկանում են, որ արտադրանքը հիմնական անուն ունենա, որի ուղղությամբ ներկայում աշխատում են:

Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)
Լուսանկարները՝ հեղինակի եւ Արսեն Խուդյանի արխիվից
Դիտում՝ 15138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai