Banks.am-ի հարցազրույցը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ- Նոր եք վերադարձել Եվրոպայից։ Խնդրում եմ, պատմեք, թե ինչ հանդիպումներ եք ունեցել եւ ինչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել։ - Գործուղման բուն նպատակը ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության մշտական հանձնաժողովի նիստը նախագահելն էր։ Ուղեւորությունս, սակայն, բավական ծանրաբեռնված ստացվեց, քանի որ Բրյուսելից բացի՝ այցելեցի նաեւ Լոնդոն եւ Բուխարեստ՝ EasyJet-ի եւ Wizz Air-ի ղեկավարության հետ բանակցությունների համար։ Հունգարական Wizz Air-ի ծառայություններից օգտվելու համար մեր քաղաքացիները հաճախ ստիպված են լինում մեկնել Վրաստան։ Wizz Air-ը պատրաստակամություն հայտնեց կոնկրետ առաջարկ ներկայացնել ընթացիկ տարվա ընթացքում՝ դեպի Հայաստան չվերթներ կազմակերպելու վերաբերյալ: ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության հետ ձեռք է բերվել համաձյանություն Հայաստանի Հանրապետությանը մոտակա 2 տարիների ընթացքում օդային երթեւեկության կազմակերպման ոլորտում անվճար աջակցության շուրջ: Մշակվել է նախագիծ, որտեղ արտացոլված են աջակցության շրջանակները: ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ-ի ցանցային կառավարիչ Ջո Սուլթանայի հետ պայմանավորվել ենք, որ նա կայցելի Հայաստան եւ կներկայացնի Եվրոպական օդային տարածքի ներկա վիճակը, ապագայի զարգացման տեսլականը, ինչպես նաեւ ոլորտում առկա մարտահրավերները:- Իսկ Ryanair լոուքոսթեր ավիաընկերությունը հայկական շուկա բերելու գործընթացն ի՞նչ փուլում է։-Բրյուսելում Ryanair-ի ղեկավարության հետ երկրորդ հանդիպումն ունեցա։ Մեր նախորդ հանդիպումից հետո իրենք առաջարկ էին ներկայացրել։ Ուսումնասիրելով՝ եկել էինք եզրակացության, որ այն բավարար շահավետ չէ մեր տնտեսության վրա ունեցած հնարավոր ազդեցության տեսանկյունից։ Վերջին հանդիպման ընթացքում ներկայացրեցի մեր առաջարկը, որին նրանք դրական արձագանքեցին եւ խոստացան քննարկել եւ պատասխանել: 07.03.2019 | 14:37 Ryanair-ը հնարավոր է՝ մուտք գործի հայկական շուկա Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ նոր ավիաընկերություն շուկա բերելու գործընթացը կարող է երկար տեւել։ Օրինակ՝ նույն Ryanair-ը Կոպենհագենի օդանավակայանի հետ բանակցել է 12 տարի, Վրաստանի հետ հինգերորդ տարին է բանակցում։ - Ի՞նչ եզրահանգումների եք եկել այս հանդիպումների արդյունքում։- Հիմնական եզրահանգումն այն է, որ առանց օրենսդրական փոփոխությունների մենք չենք կարողանա նոր ավիափոխադրողներ ներգրավել մեր շուկա։ Այն գումարները, որոնք ավիաընկերությունները պետք է վճարեն պետությանը եւ օդանավակայանին նոր ուղղությունների համար, պետք է նվազեցվեն։ Պետք է փոփոխություններ կատարենք, որպեսզի ավելի հետաքրքիր եւ գրավիչ դառնանք ավիաընկերությունների համար։ Առաջիկա շաբաթներին օրենսդրական փոփոխությունների մասին մեր առաջարկները կուղարկենք կառավարություն։ - ԵՄ-ի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրման գործընթացն ի՞նչ փուլում է։ - Այս համաձայնագիրը շատ կարեւոր է։ Ryanair-ի, Wizz Аir-i, EasyJet-ի ներկայացուցիչները պարզ ասում են, որ մեր շուկա իրենց հնարավոր մուտքը պայմանավորված է նաեւ այդ համաձայնագրի ստորագրմամբ:Վերջնական ստորագրման հիմնական խոչընդոտը Brexit-ի գործընթացն է, եւ այս պահին հնարավոր ստորագրման ժամկետը դեռ հստակ չէ։ Լուսանկարը՝ Անձնական արխիվից - Ազգային կամ տեղական ավիափոխադրող ունենալու-չունենալու հարցը շարունակում է բաց մնալ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։- Ես կողմ եմ, որ ունենանք տեղական ավիափոխադրող, քանի որ դա աշխատատեղեր է ստեղծելու Հայաստանում։ Մենք պետք է ստեղծենք ավիաընկերություն, որը կկարողանա մրցունակ լինել: Բայց կողմ չեմ, որ սահմանափակենք լոուքոսթերների մուտքը Հայաստան՝ տեղական ավիափոխադրող ունենալու համար։ Զրուցել եմ տարբեր խմբերի հետ, որոնք ուզում են տեղական ավիաընկերություն ստեղծել։ Դրանցից մեկը հասկանում է ժամանակակից ավիացիոն շուկայի պահանջները եւ լուրջ հաշվարկներ է ներկայացրել։ Հիմա փորձում ենք այդ խմբին աջակցել ներդրումներ ներգրավվելու համար։ - Տարեսկզբին հայտնեցիք օդաչուի անվճար կրթության հնարավորության մասին՝ հատուկ ողջունելով իգական սեռի ակտիվությունը։ Դիմողները շա՞տ էին։- Մտածում էինք, որ շատ կլինեն, բայց իրականությունն այլ էր։ Արդյունքում ընտրվել է երեք տղա, որոնք ավիացիայի հետ կապ ունեցող ընտանիքներից են։ Կցանկանայիք, որ ավելի մեծ ակտիվություն լիներ եւ այս ուղղությամբ պետք է լրացուցիչ աշխատանքներ տանենք։ Տաթեւիկ Ռեւազյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը Tweet Դիտում՝ 14203