Հայկական «տանիքներ»՝ ծառերի համար

25.04.2019 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Վաբատեքս» #Գոհար Տեպոյան
2018-ի սեպտեմբերից Վանաձոր քաղաքում «Վաբատեքս» ընկերությունը շահագործման է հանձնել տարածաշրջանում միակ հակակարկտային ցանցերի գործարանը։ Banks.am-ի թղթակիցը մեկնել է Վանաձոր, տեղում ծանոթացել արտադրության գործընթացին եւ զրուցել ընկերության կոմերցիոն տնօրեն Գոհար Տեպոյանի հետ։

Ծառերի 100-տոկոսանոց պաշտպանություն

Խոսելով կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության մասին՝ Գոհար Տեպոյանը նշում է, որ դրանք մինչ այժմ ամբողջ աշխարհում համարվում են կարկուտի  դեմ պայքարելու լավագույն միջոցը։

«Սխալված չենք լինի, եթե ասենք՝ հակակարկտային ցանցերը 100%-ով պաշտպանում են ծառերը։ Դրանք ունեն առանձգականություն եւ հետ են մղում կարկուտը՝ թուլացնելով հարվածը, իսկ V-աձեւ կառուցվածքը թույլ է տալիս, որ կարկուտը հավաքվի միջշարքային հատվածներում եւ հետագայում հալվելով՝ ներծծվի հողի մեջ»,- պարզաբանում է նա։


Ընկերության կոմերցիոն տնօրենը հավելում է, որ ցանցերը պաշտպանում են նաեւ թռչուններից, որոնք եւս հաճախ վնասում են բերքը։ Բացի այդ, ինչ-որ չափով կրճատում են միջատների մուտքը, թեեւ պատվերի դեպքում հնարավոր է ստանալ ավելի խիտ՝ հատուկ միջատապաշտպան ցանցեր։

Լավագույնի որոնումներով

«Վաբատեքս» ընկերության մասնագետները ոլորտում ուսումնասիրություն են սկսել դեռեւս 2017-ից եւ ծանոթացել միջազգային փորձին։

«Հասկանալով, որ լավագույն ցանցերն արտադրվում են Իտալիայում՝ որոշեցինք Հայաստանում կազմակերպել արտադրություն եւ այստեղ ստանալ իտալական լավագույն որակի ցանցեր՝ ավելի մատչելի արժեքով ու հասանելի սպասարկմամբ»,- նշում է Գոհար Տեպոյանը։


Ցանկալի արդյունքին հասնելու համար «Վաբատեքսը» սկսել է համագործակցել Իտալական Carmac եւ Tesrete ընկերությունների հետ: 2018-ի փետրվարից սկսվեցին շինարարական աշխատանքները, զուգահեռաբար՝ Իտալիայում պատվիրեցին համապատասխան սարքավորումները, եւ արդեն նույն տարվա սեպտեմբերին գործարանը պատրաստ էր շահագործման։


2019-ի փետրվարից էլ մեկնարկեց բետոնե սյուների արտադրությունը։ Ցանցերի տեղադրման համար մեծ կարեւորություն ունեն նաեւ համապատասխան աքսեսուարները, որոնց արտադրության կազմակերպման համար այժմ բանակցում են հայաստանյան մի քանի ընկերությունների հետ։

Գոհար Տեպոյանի խոսքով՝ արտադրանքի որակը դեռեւս 3 տարի վերահսկվելու է իտալական ընկերության կողմից։


2018-ի տվյալներով՝ գործարանն ապահովել է 25 աշխատատեղ, սակայն կա այդ թիվն ընդլայնելու միտում։ Նույն թվականին ընկերության կողմից կատարվել է 2 մլրդ 250 մլն դրամի ներդրում։

Տարածաշրջանի մատակարար դառնալու հեռանկար

Հակակարկտային ցանցերի արտադրամասնն ունի տարեկան 6 մլն քմ արտադրողականություն, որը ենթադրում է 500 հա տարածքի ցանցապատում։

Բետոնե սյուների գործարանը կարող է արտադրել տարեկան 400 հա-ի ցանցապատման համար անհրաժեշտ սյուներ, սակայն վաճառքների ծավալների ավելացմամբ պայմանավորված՝ արտադրանքի ծավալը եւս հնարավոր է մեծացնել։


Իտալական սարքավորումները թույլ են տալիս ստանալ տարբեր խտության ցանցեր։ Հայաստանում հարմար է կիրառել 2,8x8 մմ չափով ցանցերը, որոնք առաջացնում են ստվերայնություն, նաեւ կլանում ուլտրամանուշակագույն ճառագայթները։  

Այժմ ընկերությունն աշխատում է հայկական արտադրանքը տարածաշրջանի մի շարք երկրներ արտահանելու ուղղությամբ։ Հույս ունեն՝ մինչեւ տարեվերջ ունենալ հստակ պայմանագրեր վրացական եւ ռուսական ընկերությունների հետ։



Ներկրվածից մատչելի, գյուղացու համար՝ թանկ

Մեծածախ վաճառքի դեպքում հակակարկտային ցանցի մեկ քմ-ն արժե 145 դրամ (առանց ԱԱՀ), իսկ ցանցապատման ամբողջական աշխատանքի արժեքը կախված է տվյալ այգու առանձնահատկություններից եւ օգտագործվելիք սյուների ու աքսեսուարների քանակից։


«Բնականաբար, ներմուծված ցանցերի համեմատությամբ մեր արտադրանքն էականորեն մատչելի է, բայց գյուղացու համար շարունակում է թանկ մնալ։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ մենք տալիս ենք 10-20 տարվա երաշխիք, կատարված ներդրումն ամենեւին էլ մեծ չէ, եւ կարելի է 2-3 տարում ծածկել»,- նշում է Գոհար Տեպոյանը՝ հավելելով, որ շատերը պարզապես լիարժեք իրազեկված չեն ցանցերի արդյունավետության մասին։

Այնուամենայնիվ, ընկերությունն արդեն իսկ ունի պատվիրատուներ եւ շուտով կսկսի իրականացնել ցանցերի տեղադրման առաջին աշխատանքները, որոնց կմասակցեն նաեւ իտալացի մասնագետները։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները եւ տեսանյութը՝ հեղինակի
Դիտում՝ 7533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW