Շա՜տ կաթ ու շա՜տ սեր, Երեւանի կենտրոնում փոքրիկ ֆերմա՝ կաթնատու կովիկներ, հորթուկներ ու գյուղտեխնիկա, հազարավոր այցելուներ՝ մեծահասակներ ու երեխաներ, նաեւ անակնկալներ, համերգային ծրագիր ու բարձր տրամադրություն․ Հայաստանում Գինեսի նոր ռեկորդ սահմանվեց։ Հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, «Երեմյան Փրոդաքթս»-ը գերազանցեց «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը եւ գրանցեց նորը․ «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց` Գինեսի ռեկորդի համար նախատեսված 6000-ի փոխարեն։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոդաքթս» «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով կաթի մարդաշատ հյուրասիրությունը «Երեմյան Փրոդաքթս»-ն արդեն երկորրդ անգամ էր իրականացնում․ 2023-ին կրկին «Սիզընս» այգում իրականացված հյուրասիրության ընթացքում մասնակիցները 4800 բաժակ կաթ էին խմել։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել կաթի օգտագործման նոր մշակույթի ձեւավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։Ավելի քան 2000 շիշ՝ 0,75 լ տարողությամբ․ հենց այսքան կաթ է սպառվել Գինեսի ռեկորդի գրանցման համար։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է․«Մենք մեզ համար հստակ ռազմավարություն ենք որդեգրել՝ ոչ միայն արտադրել բարձրորակ կաթ, այլեւ մեր երկրում փոխել կաթի սպառման մշակույթը, կոտրել այն կարծրատիպերը, որոնց պատճառով մեր հասարակություն կաթ քիչ են օգտագործում։ «Շատ կաթը շատ սեր է»-ն այդ նպատակին ուղղված միջոցառումներից է, որն անցյալ տարի բուռն արձագանքներ ստացավ, ու մենք որոշեցինք այս տարի կրկնել այն։ Ուրախ եմ եւ հպարտ, որ մեզ արդեն երկրրոդ անգամ հաջողվեց Հայաստանում Գինեսի ռեկորդ գրանցել․ այսօր մենք միասին ՝ մեր քաղաքի բնակիչների ու հյուրերի հետ շատ կաթ խմելու համաշխարհային ռեկորդ սահմանեցինք։ Սա թե՛ մեր եւ թե՛ Հայաստանի համար մեծ ու աննախադեպ իրադարձություն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոդաքթս» Ռեկորդը հավաստող փաստաթուղթը Դավիթ Երեմյանին հանձնեց Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական դատավոր Պրավին Պատելը, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառման համար։ Նա ուշադրությամբ եւ մանրակրկտորեն հետեւում էր բոլոր ընթակարգերի պահպանմանն ու սահուն ընթացքին։ «Այս ռեկորդի գրանցման էությունը ոչ միայն բաժակներով կաթի մատուցումն էր, այլեւ խիստ կանոնների պահպանումը։ «Երեմյան Փրոդաքթսի» թիմը, իսկապես, շատ մեծ ու պատասխանատու աշխատանք իրականացրեց, ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Շատ ուրախ ենք, որ պահպանվեցին բոլոր կանոններն ու ընկերությունը գրանցեց Գինեսի ռեկորդը»,- ասել է Պրավին Պատելը։ ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանի խոսքով Գինեսի ռեկորդի գրանցման ընթացքում պահպանվել են բոլոր կանոնները․«Հաշվի առնելով միջոցառման մասշտաբները՝ բավականին լուրջ խնդիր էր դրված որպեսզի պահպանվեին սննդամթերքի անվտանգության բոլոր կանոնները՝ մատուցումը, հիգիենան, կաթի պահպանման պայմանները եւ այլն։ Սա նաեւ կարեւոր խթան էր, որպեսզի մեր երեխաները սկսեն կաթ օգտագործել՝ ոչ առողջ ըմպելիքների փոխարեն»։ Լուսանկարը՝ «Երեմյան Փրոդաքթս» Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը, ով Գինեսի ռեկորդի գրանցման միջոցառման վկան էր, նշել է․ «Մեր գործընկերների հետ արձանագրեցինք, որ միջոցառումը բարձր մակարդակով անցկացվեց։ Նմանատիպ նախաձեռնություններն առավել քան կարեւոր են, առողջ մթերքների եւ առողջ ապրելակերպի տարածման, սննդային վարքի փոփոխության տեսանկյունից»։ Այս տարի եւս այգում հյուրընկալվել էր փոքրիկ ֆերման՝ կաթնատու կովիկները, հորթուկները, գյուղտեխնիկան, կաթ տեղափոխող մեծ մեքենան։ Նշենք, որ «Երեմյան Փրոջեքթս»-ն արդեն երկրորդ անգամ է Գինեսի ռեկորդ սահմանում։ 2018 թվականին ընկերության կողմից պատրաստված գաթան պաշտոնապես գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենամեծ գաթա»։ Ռեկորդը նվիրված էր Երեւանի 2800-ամյակին: Tweet Դիտում՝ 7073