«Էմ Բի Լեգալ»-ն աջակցում է ՏՏ ընկերություններին «ամբողջ կյանքի ընթացքում»

26.05.2024 | 23:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Աշխատելով բազմաթիվ ոլորտներում՝ «Էմ Բի Լեգալ» իրավաբանական ընկերության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունի ՏՏ ոլորտի իրավունքը: Միայն վերջին մեկ-երկու տարում ընկերությունը ծառայություններ է մատուցել ՏՏ ավելի քան 100 ընկերության: «Էմ Բի Լեգալ»-ի հաճախորդների թվում թե՛ ոլորտի խոշոր խաղացողներն են, թե՛ խոստումնալից ստարտափները, որոնց հետ ընկերությունն աշխատում է հատուկ գործիքակազմով:

Banks.am-ի հետ զրույցում  «Էմ Բի Լեգալ» ընկերության հիմնադիր գործընկեր Մեսրոպ Մանուկյանը պատմել է՝ ինչ է ենթադրում ՏՏ ոլորտի իրավունքն ու ինչու է Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական ընկերությունների համար:

Պաշտպանել ընկերության «նոու-հաուն»

«Էմ Բի Լեգալ» ընկերությունը ծառայություններ է մատուցում գրեթե բոլոր ոլորտներում: Բացառություն է միայն քրեական իրավունքը: Ինչո՞ւ ենք առանձնացնում հատկապես ՏՏ ոլորտը. ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ ՏՏ իրավունքի հետ կապված մեր գիտելիքներն ու փորձը շատ պահանջված են թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ընկերությունների կողմից: Այստեղ ունենք մրցակցային մի շարք առավելություններ:

ՏՏ ոլորտի իրավական պահանջների մասին կարող ենք խոսել՝ դիտարկելով ընկերության «ամբողջ կյանքը»՝ գրանցումից մինչեւ լուծարում:

Շատ կարեւոր է, թե ի սկզբանե որ երկրում կգրանցվի ՏՏ ընկերությունը: Նախ՝ գործընթացը պետք է հնարավորինս պարզ լինի, երկրորդ՝ քիչ ծախսատար: Հատկապես ստարտափների դեպքում հիմնադիրները ցանկանում են գումարն առավելագույնս ներդնել ընկերության աճի մեջ ու կրճատել հավելյալ ծախսերը:

Այս ոլորտում երկրորդ կարեւոր կետը ֆինանսավորումն ու դրա հետ կապված իրավական նրբություններն են: ՏՏ ոլորտում ընկերությունները հաճախ ներգրավում են վենչուրային ֆինանսավորում, եւ այս ամենը պետք է իրավական առումով կարգավորված լինի:

Հայաստանը շատ հարմար երկիր է ՏՏ ընկերություն գրանցելու համար: Բացի այդ, որոշ դեպքերում առաջարկում ենք ընկերությունը գրանցել Հայաստանում եւ զուգահեռ նաեւ՝ Միացյալ Նահանգներում, Սինգապուրում, Կայմանյան կղզիներում, մի շարք այլ երկրներում:

Գրանցումից հետո՝ ընկերության կյանքի ընթացքում, կարգավորում ենք երկու հիմնական հատված, որոնք վերաբերում են ընկերության նորարարություններին ու հարաբերություններին աշխատակիցների հետ: Վերջինը ենթադրում է աշխատանքային պայմանագրերի կնքումն ու դրանց հետ կապված բոլոր հարցերը:

Մեր հիմնական շեշտադրումը, սակայն, ընկերության «նոու-հաուն»՝ ստեղծած գիտելիքը, գյուտը կամ տեխնոլոգիան իրավական առումով պաշտպանելն է:
Վերջերս գրանցել ենք հաճախորդ ՏՏ ընկերություններից մեկի գյուտը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Միացյալ Թագավորությունում:

Մեսրոպ Մանուկյանը


«Էմ Բի Լեգալ»-ն օգնում է մարդկանց եւ ընկերություններին պաշտպանել իրենց ստեղծած տեխնոլոգիաներն ու նորարարությունները: Սա, ըստ իս, մեր աշխատանքի կարեւորագույն հատվածն է:

Ընկերության կյանքը, ցավոք, կարող է ավարտվել լուծարմամբ: Այս դեպքում կարեւոր է, որ կուտակված գիտելիքը, ստեղծված տեխնոլոգիաները լիցենզավորվեն եւ կոմերցիալիզացվեն: «Էմ Բի Լեգալ» ընկերությունը կազմում է այս կամ այն տեխնոլոգիայի, ծրագրային ապահովման առեւտրայնացման պայմանագրերը: Այս դեպքում, եթե ընկերությունը մի օր ցանկանա փոխանցել կամ վաճառել իր տեխնոլոգիան մեկ այլ ընկերության, վստահ կլինի՝ բոլոր ֆինանսական հոսքերը կուղղվեն տեխնոլոգիան ստեղծողներին:

«Պատուհան»՝ դեպի աշխարհ

«Էմ Բի Լեգալ» ընկերության հաճախորդների թվում ինչպես հայկական, այնպես էլ՝ արտասահմանյան ՏՏ ընկերություններ են: Մեզ հետ համագործակցում են հայկական ծագում ունեցող բավականին խոշոր ընկերություններ: Օրինակ՝ վերջերս հաճախորդներից մեկի համար իրականացրել ենք ընկերության աշխատակիցների բաժնետիրացման գործընթաց: Սա Հայաստանում ընդունված նոր օրենք է, եւ առաջիններից մեկն ենք սկսել այն կիրառել: Մեր հաճախորդների թվում է նաեւ կիբերանվտանգության ոլորտում հայաստանյան առաջատար ընկերություններից մեկը, որին ծառայություններ ենք մատուցում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Առհասարակ, «Էմ Բի Լեգալ» ընկերությունը գործընկերներ ու ներկայացվածություն ունի աշխարհի տարբեր անկյուններում: Սրա շնորհիվ կարողանում ենք աջակցել հայկական ընկերություններին նաեւ միջազգային շուկաներում:

Եթե օտարերկրյա ընկերությունների դեպքում մենք ձգողականության կետ ենք դեպի Հայաստան, ապա հայկական ընկերությունների համար «Էմ Բի Լեգալ»-ը կարող է լինել «պատուհան» դեպի աշխարհ ու միջազգային շուկաներ:

Կարեւոր է նշել, որ «Էմ Բի Լեգալ» ընկերությունը միշտ բաց է ցանկացած համագործակցության համար նաեւ ստարտափային ընկերությունների հետ: Այս դեպքում կիրառում ենք հատուկ գործիքակազմ: Ունեցել ենք փորձ, երբ ստարտափային ընկերություններն ի սկզբանե չեն վճարել մեր ծառայությունների համար եւ գումար ենք գանձել միայն առաջին ֆինանսավորման ներգրավումից հետո:  Այս առումով բավականին ճկուն ենք, եթե ինքներս էլ հավատում ենք ստարտափի գաղափարին:

Վերջերս ընդամենը մեկ օրում Հայաստանում գրանցվելու հարցում ենք ստացել միանգամից չորս ընկերությունից՝ Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից ու ԱՊՀ տարածաշրջանի մի երկրից:

Հայաստանը գրավիչ է ՏՏ ընկերությունների համար

Հայաստանն առհասարակ հարմար է օտարերկրյա ներդրողների համար: Ընկերության գրանցումն այստեղ բավականին պարզ գործընթաց է, բացի այդ՝ չկան արգելքներ օտարերկրյա բաժնետերերի համար:

Ընկերության գրանցումից հետո դրա հիմնադիրները Հայաստանում հեշտությամբ ստանում են կացության կարգավիճակ ու աշխատանքային պայմանագրերի հիմքով կարողանում են այստեղ տեղափոխել նաեւ աշխատակիցներին:

Մեսրոպ Մանուկյանը


Ինչ վերաբերում է ՏՏ ընկերություններին, Հայաստանում գործում են ոլորտին աջակցող պետական ծրագրեր, որոնք նախատեսում են հարկային արտոնություններ: Որպես իրավաբանական ընկերություն՝ կարող ենք ասել, որ պետական այս ծրագրերն աշխատում են եւ Հայաստանն իսկապես առավել գրավիչ դարձնում:

«Էմ Բի Լեգալ» ընկերության համար կարեւոր է հաճախորդների համար խորհրդատու դառնալ ոչ միայն իրավաբանության հարցերում, այլեւ՝ հասկանալ նրանց տեսլականը, առաջիկա նպատակներն ու դրանք հաշվի առնելով՝ առաջարկել Հայաստանում հաստատվելու լավագույն տարբերակը:

Հայաստանն՝ օազիս ՏՏ ընկերությունների համար

ՏՏ ոլորտի հետ կապված հայաստանյան օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում կապված են ստարտափների համար ներդրումային գործիքների հետ: Քննարկվում է Միացյալ Նահանգներում կիրառվող «safe» գործիքների կիրառման հնարավորությունը: Սա այս կամ այն ստարտափում ներդրում կատարելու ամենից պարզ եւ արագ գործիքն է՝ առանց իրավական բարդությունների, երկար բանակցությունների ու թղթաբանության՝ զուտ մեկ փաստաթուղթ ստորագրելու միջոցով: Սա կարագացնի ֆինանսավորման մուտքը ստարտափ, ինչը շատ կարեւոր է:

Հուսանք՝ այս միտումը կշարունակվի եւ ոլորտին աջակցող կառուցողական ու երկարաժամկետ ռազմավարություն կտեսնենք:

Հայաստանն իրական հնարավորություն ունի տարածաշրջանում օազիս դառնալ ՏՏ եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 9765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW