Մարգարիտայի գործերում միավորվում են արվեստն ու բիզնեսը

22.04.2019 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Մարգարիտա Վերանյան #«Սուրբ լույս» #Ալավերդի
Նկարչություն, դիզայն, հագուստի մոդելավորում, բատիկա, դեկորների ու զանազան փայտե իրերի արտադրություն: Սա այն ամենն է, ինչով Ալավերդիում զբաղվում է Մարգարիտա Վերանյանը: Նա նախ որպես ստեղծագործող է ներկայանում, հետո միայն՝ գործարար, որն ընտանեկան բիզնեսի մեջ շահույթ ստանալու հանգամանքը միշտ երկրորդ տեղում է դասում:

Մարգարիտան ամուսնու հետ փորձել է շարունակել նրա ծնողների՝ դեռեւս 30 տարի առաջ սկսած փայտամշակման գործը՝ ժամանակի ընթացքում զարգացնելով ու ավելացնելով «Սուրբ լույս» անվան տակ ներկայացվող ապրանքների տեսականին: Banks.am-ը փորձել է պարզել ընտանեկան այս բիզնեսի հաջողության գաղտնիքները:

Առաջին քայլեր

Դեռ դպրոցական տարիքում կամ դրանից էլ առաջ Մարգարիտան վստահ է եղել, որ ինքն արվեստի ճանապարհով է գնալու: Ավելին՝ արվեստին մոտ լինելու համար հետագայում նաեւ դպրոց գնալուց է հրաժարվել:

«Երբ 8-րդ դասարանում էի, էլ չուզեցի դպրոց գնալ, մի տեսակ ավարտած-վերջացրածի զգացողություն էր ինձ մոտ: Ու երբ հայրիկիս ասի, որ չեմ ուզում գնալ դպրոց, չզարմացավ, բայց հարցրեց, թե ի՞նչ կուզեմ անել: Ու ընտրեցի ինձ համար հարազատ մի վայր, որտեղ կշարունակեի ուսումս: Դա Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն էր»,- պատմում է 32-ամյա Մարգարիտա Վերանյանը:


Ստեղծագործելու մեծ ցանկությունն ու արվեստի գայթակղիչ աշխարհը Մարգարիտային հրապուրել են այն աստիճան, որ ուսումնարանի վերջին կուրսը չավարտած՝ ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա եւ մեկ տարի երկու կրթօջախներում սովորել միաժամանակ:

Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողուհին տարվել է կտորի վրա նկարչության արվեստով՝ բատիկայով, ապա մանրադիտակով ուսումնասիրել մի շարք մրգերի, բանջարեղենի կառուցվածքն ու յուրահատուկ այդ նախշերը պատկերել կտորին:

Այնուհետ՝ արդեն ցուցահանդեսներ, վաճառք, նոր հավաքածուներ ու նաեւ՝ նոր գաղափարներ:

Աջից՝ Մարգարիտա Վերանյանը

«Թղթից, պապեմաշե տեխնիկայով, զարդեր էի պատրաստում, էնպես էի անում, որ քիչ ներդրումով շատ եկամուտ ստանամ, նաեւ՝ էկոլոգիապես մաքուր հումքից լինի: Ցուցահանդեսներին դրանք բավականին շատ էին վաճառվում: Ցուցահանդեսներից մեկի ժամանակ ծանոթացա ֆրանսահայ ամուսինների հետ: Մի քանի տարի իմ պատրաստած զարդերը նրանց միջոցով նաեւ Ֆրանսիա հասան, պարբերաբար ինձնից գնում ու վերավաճառում էին այնտեղ»,- հիշում է Մարգարիտան:

Ոչ միայն ստեղծագործող, այլեւ արտադրող

2010-ին լազերային տպագրության գործը Հայաստանում քչերին էր հայտնի: Մարգարիտա Վերանյանն ու նրա քանդակագործ ամուսինը՝ Վաչե Պարանյանը, որոշում են Ալավերդի քաղաքում ստեղծել մի արվեստանոց, որտեղ հնարավոր կլիներ արվեստն ու արտադրությունը միահյուսելով՝ բիզնես սկսել:


«Մեկնեցինք Չինաստան, որտեղ մանրամասն ուսումնասիրեցինք լազերային տպագրության գործը: Այնտեղ սարքավորում գնեցինք, որով պետք է տպագրությունն անեինք:  Հայաստան վերադառնալով՝  սկսեցինք համագործակցել տարբեր կազմակերպությունների, ընկերությունների հետ: Կարելի է ասել՝ պատվերների բում էր: Սկսել ենք տոնածառի խաղալիքներից, հետո արտադրեցինք ականջօղեր, որոնց վաճառքը սպասվածից մեծ էր, այնուհետեւ՝ զարդատուփեր: Հետագայում ակտուալ դարձան փայտե տուփերը, որոնց մեջ փաթեթավորվում էր թեյ, շոկոլադ, չիր, զանազան այլ իրեր, օրինակ՝ զարդեր»,- պատմում է Մարգարիտան:

Համագործակցել են «Պիաֆչիկ հենդմեյդ»-ի, «Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, տարբեր բանկերի հետ:


«Ու դարձանք ոչ միայն ստեղծագործող, այլեւ՝ արտադրող»,- ոգեւորությամբ պատմում է Մարգարիտան ու հավելում, որ առ այսօր իրենց ցանկացած պատվերի հիմքում ստեղծագործություն կա: Որեւէ բան չեն կրկնում, մի հաճախորդի համար ստեղծվածը մյուսի դեպքում չի կրկնվում: Դա սկզբունք է:

«Իմ առաջ նպատակ եմ դնում՝ անել մի բան, որից դեռ չկա: Ինֆորմացիան էսօր էնքան շատ է, որ էլ ոչնչով մարդկանց չես զարմացնի: Հաճախորդը, երբ պահանջում է քեզնից, դու դառնում ես նրա գերին ու հեռանում ես ստեղծագործական պրոցեսից: Պետք է կարողանաս պահել քո ոճը, կարողանաս նաեւ հաճախորդին ասել, որ ո՛չ, սա ես չեմ անում, որովհետեւ իմը չէ: Բայց մյուս կողմից՝ կա նաեւ շուկայի խնդիր:  

Հայաստանյան շուկան այնքան փոքր է, որ չես կարող միայն քոնը ներկայացնել, առաջ տանել, դու ստիպված ես անընդհատ կատարել հաճախորդի պատվերը, ինչի արդյունքում դառնում ես ռոբոտ: Հիմա իմ մեծ ցանկությունն է, որ ես դուրս գամ էդ շրջանակից, կատարողի դերից, որովհետեւ չեմ ուզում կորցնել իմ տեսակը»,- ասում է երիտասարդ գործարարը:


Դեկորներ եւ խաղալիքներ

Մարգարիտա Վերանյանի պատրաստած հայկական զարդանախշերով առաջին դեկորներն օգտագործվել են Հաղպատում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցի ինտերիերի ձեւավորման ժամանակ (2013թ.): Հիմա, զարդանախշերից բացի, ստեղծում է տարբեր պատկերներ՝ հարսանեկան, մկրտության արարողությունների ու տարաբնույթ միջոցառումների համար: Դրան զուգահեռ՝ զարգանում է փայտե խաղալիքների արտադրությունը: Խաղալիքներ, որոնք զարգացնում են երեխայի մտավոր ունակությունը:   


«Զարգացնող խաղալիքներ են դրանք, էնպես չի, որ նորություն է, բայց փորձում ենք հայկականացնել, հնարավորինս մատչելի մատուցել: Ներկերը մաքուր են, չեն թափվում, ստեղծված են այնպես, որ երեխային որեւէ կերպ չվնասեն»

Խաղալիքները վաճառում են 1000-5000 դրամով՝ Ալավերդիում եւ Երեւանում:


Ապրանքանիշը՝ «Սուրբ լույս»

«Սուրբ լույս»-ը բազմապրոֆիլ ընկերություն է, որն Ալավերդիում գործում է 1988 թվականից: Ընտանեկան ընկերության անվան տակ էլ Մարգարիտան եւ նրա ամուսինը՝ Վաչեն, ներկայացնում են իրենց կողմից ստեղծված, արտադրված յուրաքանչյուր բան, ինչը հասանելի է նաեւ Ֆեյսբուքում: Ստեղծագործական ընթացքը շարունակվում է: Արվեստագետ ամուսիններն արդեն նոր ասելիք ունեն:

«Ուզում ենք վերադառնալ սկիզբ ու կիրառել այն, ինչ մեզ տրված է բնությունից: Այսինքն, ամուսինս վերցնի դուրը եւ քանդակի, իսկ ես նորից ձեռքս առնեմ վրձինը: Նպատակ ունենք աշխարհին ներկայացնել հայկական զարդարվեստը: Ստեղծելու ենք փայտե զարդատուփեր, որոնց վրա փորագրված են լինելու հայկական զարդանախշեր: Տուփի մեջ կլինի շարֆ, որի վրա պատկերված կլինեն այն նույն նախշերը, որոնք փորագրված կլինեն տուփի վրա: Մեր նպատակը եկամուտ ստանալը չէ, այլ աշխարհին մեր զարդարվեստը ներկայացնելը ու դրա հետ նաեւ էն էներգիան, որը մեր խաչքարերն են ունեցել»,- ասում է Մարգարիտան:

Մարգարիտան՝ ընտանիքի հետ

Երիտասարդ ամուսինները ներկայում ուսումնասիրում են հայկական զարդարվեստը, որպեսզի որեւէ մանրուք բաց չթողնեն ու չվրիպեն: Մարգարիտան նաեւ անհատական ցուցահանդեսի է պատրաստվում: Տարբեր տարիների ընթացքում իր նկարած գրաֆիկական աշխատանքներն է հավաքում՝ դրանց կողքին դնելով նաեւ նորերը:


Դպրոց-արվեստանոց հիմնելու մասին

«Միշտ նպատակ եմ ունեցել տալու, սովորեցնելու իմ իմացածը: Ցանկանում ենք Ալավերդիում դպրոց-արվեստանոց ստեղծել, որտեղ հիմնականում երեխաներին կտանք մեր ամբողջ իմացածը, մենք էլ կսովորենք նրանցից: Արվեստի յուրօրինակ մթնոլորտից բացի, բնական միջավայր ենք ստեղծելու, որտեղ երեխաները կշփվեն կենդանիների հետ, իրենց ձեռքով կկերակրեն, կխնամեն նրանց: Հիմա զբաղված ենք նաեւ որոշ կենդանիների ընտելացնելով: Բնությունն իր բարիքները անսպառ տալիս է մարդուն, դրանք պետք է ճիշտ օգտագործել, սեր դնել դրանց մեջ ու փոխանցել նաեւ ուրիշներին»,- ամփոփում է Մարգարիտան:  

Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)
Լուսանկարները՝ հեղինակի եւ անձնական արխիվից
Դիտում՝ 10333
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai