Ռուբեն Հայրապետյան. Մեր կարճաժամկետ արդյունքը ՀՊՏՀ հեղինակության փոփոխությունն է

02.04.2019 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Ռուբեն Հայրապետյան #ՀՊՏՀ
Banks.am-ի հարցազրույցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հետ

- Պարոն Հայրապետյան, լինելով բավական երիտասարդ՝ դժվար չէ՞ կառավարել մի կառույց, որի տանիքի տակ համախմբված են տարբեր սերունդների ներկայացուցիչներ:

- Համալսարանի կառավարման բարդությունը պայմանավորված է ոչ այնքան տարբեր սերունդների ներկայացուցիչների, որքան տարաբնույթ խնդիրների առկայությամբ, որոնք հաճախ անհապաղ եւ միաժամանակյա լուծում են պահանջում: Այս առումով, հաշվի առնելով նաեւ արտաքին միջավայրի փոփոխությունը եւ աշխարհում ընթացող ժամանակակից միտումները՝ երիտասարդ, ուժերի ծաղկման շրջանում լինելը նույնիսկ անհրաժեշտություն է՝ դիմակայելու համար փոփոխությունների խելահեղ տեմպին:

Խորհրդային ժամանակներից եկած կարծրատիպ կա, որ բարձր պաշտոնը կամ գիտական աստիճանը պետք է տրվի այն մարդկանց, որոնք արդեն պատկառելի տարիքի են, որպեսզի տվյալ անձը վայելի իր տարիների արժանի վաստակը: Այսինքն, պաշտոնը վերածվել է յուրօրինակ պատվո կոչման կամ հարգանքի տուրքի: Մինչդեռ, երիտասարդ տարիքում պաշտոն ստանձնելը շատ ավելի պարտավորեցնող է, որովհետեւ տվյալ անձի ամբողջ հետագա կարիերան կախված է լինելու տվյալ պաշտոնում կազմակերպության գրանցած հաջողությունից: Եվ այս առումով երիտասարդ տարիքի ղեկավարները սովորաբար շատ ավելի մոտիվացված են լինում:

Պետք է նաեւ հաշվի առնել տնտեսությունների զարգացման համաշխարհային միտումները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ինչի արդյունքում տարբեր պետությունների եւ կազմակերպությունների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների միջին տարիքը վերջին ժամանակաշրջանում էականորեն նվազել է: Դրա վառ օրինակն է այն, որ մի շարք զարգացած երկրներ ղեկավարում են երիտասարդներ:

- ՀՊՏՀ ղեկը ստանձնելիս հայտարարեցիք բարեփոխումների մեկնարկի մասին: Որո՞նք են այս գործընթացի կարճաժամկետ արդյունքները եւ ո՞րն է Ձեր պատկերացրած բուհական կրթության հաջողված մոդելը:

- Համալսարանը՝ որպես բարդ համակարգ, բաղկացած է բազմաթիվ եւ փոխկապակցված տարրերից, որոնց բարելավումը եւ զարգացումը սովորաբար երկարաժամկետ հեռանկարում է տեսանելի դառնում: Սակայն իմ մոտեցումը մշտապես եղել է այն, որ ֆունդամենտալ երկարաժամկետ լուծումները պետք է համատեղել կարճաժամկետ եւ, որոշ դեպքերում, ակնթարթային արդյունքների գրանցմամբ: Մասնավորապես, որպես կարճաժամկետ արդյունք՝ առաջնահերթ փորձել ենք վերացնել այն խնդիրները, որոնց առկայությունը անընդունելի է համալսարանական միջավայրում եւ շատ դեպքերում կախված է սուբյեկտիվ գործոններից:

Ինձ համար հիմնական կարճաժամկետ ձեռքբերումը միջավայրի եւ հեղինակության փոփոխությունն է համալսարանում եւ դրա շուրջ, որն էական նշանակություն ունի բարեփոխումների հետագա ընթացքի կենսունակության գործում:

Որպեսզի հստակ լինի, թե ինչ է արվել, նշեմ՝ կտրուկ բացառել ենք բոլոր տեսակի միջնորդությունները եւ դրա արդյունքում այժմ համալսարանում շատ դժվար կլինի գտնել ուսանողների, որոնք չեն սովորում, որովհետեւ այսուհետ դրական գնահատական ստանալու միակ ճանապարհը սովորելն է:

Նույնը վերաբերում է նաեւ կադրային քաղաքականությանը, այստեղ եւս միակ չափանիշը մարդու մասնագիտական կարողություններն են:

Բացի դրանից, նոր կարգերի մշակման եւ հաստատման միջոցով վերացվել է թելադրությունների մեթոդով անցկացվող դասախոսությունների արատավոր պրակտիկան, որին հետայսու ամրապնդման եւ մշտական բարեփոխման ընթացք է տրվելու:

Հիմա ակտիվորեն ներդնում ենք կարճաժամկետ դասընթացների համակարգը, այդ թվում՝ շաբաթ օրերին եւ երեկոյան ժամերին, որի շահառուները ոչ միայն ՀՊՏՀ ուսանողներն են լինելու, այլեւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մի քանի շաբաթ կամ ամիս տեւող ծրագրի միջոցով մասնագիտական հմտություններ ձեռք բերել:

Մեր կարճաժամկետ արդյունքների շարքում է ՀՊՏՀ տարբեր տարիների շրջանավարտների ցանցի ստեղծումը, որի մասին ես հայտարարեցի այս տարվա հունվարին:


Մենք հզոր ներուժ ունենք, որը մինչեւ այժմ պատշաճ կերպով չենք իրագործել: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտները բուհի շուրջ ձեւավորել են հսկայական ռեսուրսային բազա, որը կանոնակարգված կերպով ավելացված արժեք չի ստեղծել:

Այժմ արդեն շուրջ 600 հայտ ենք ստացել մեր շրջանավարտներից, այդ թիվն օրեցօր աճում է: Դրանք այն մարդիկ են, որոնք ամեն կերպ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալու բուհի զարգացման գործում:

Նրանց հետ կարող ենք իրականացնել հետազոտական ծրագրեր, նրանց ներգրավել համալսարանի ենթակառուցվածքների զարգացման եւ բազում այլ ծրագրերում: Այնպես որ, շրջանավարտների ներուժը շատ մեծ է, եւ այդ աշխատանքների համակարգմամբ կզբաղվի կոնկրետ ստորաբաժանում:

Այս ընթացքում համագործակցության մի շարք համաձայնագրեր ենք ստորագրել նոր գործընկերների հետ: Այդ նպատակով ես ամենօրյա ռեժիմով հանդիպումներ եմ ունենում տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ, քննարկում համագործակցության երկկողմանի շահավետությունը:

Հասցրել ենք նաեւ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային համալսարանների հետ, որոնք նոր հեռանկարներ են բացում համատեղ հետազոտությունների եւ կրթական ծրագրերի իրականացման առումով: Կարեւորելով մեր համալսարանի ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը՝ նոր նախաձեռնություն ենք սկսել՝ ուսանողական ստարտափների աջակցության եւ համալսարանին կից համապատասխան կենտրոնի ստեղծման, որի ուղղությամբ աշխատանքային խումբն այս պահին ոլորտում փորձառու մեր նոր գործընկեր կազմակերպությունների հետ միասին հստակ ծրագիր է մշակում:

- Որքանո՞վ է ՀՊՏՀ-ն իրեն մասնակից զգում տնտեսական հեղափոխության իրագործման գործում: Այս առումով կխնդրեի անդրադառնաք նաեւ համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությանը:

- Իմ կարծիքով՝ տնտեսական հեղափոխությունը շրջադարձային փոփոխություններ է ենթադրում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

Համոզված եմ, որ տնտեսական հեղափոխության իրականացման գործում իր հստակ դերակատարումը պետք է ունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ դառնալով մեր երկրի տնտեսության զարգացման իրական շարժիչ ուժերից մեկը։ Այս նպատակներին հնարավոր է հասնել միայն համակարգված եւ հետեւողական աշխատանքով: Ինչպես տնտեսագիտական համալսարանը, այնպես էլ տնտեսության բոլոր առանցքային դերակատարները պարտավոր են իրենց հստակ առաքելությունը եւ ներդրումը ունենալ մեր երկրի տնտեսության համար պատմական եւ վճռորոշ այս փուլում՝ համահունչ դարձնելով իրենց քայլերը կառավարության հռչակած ընդհանուր քաղաքականությանը: Տնտեսական հեղափոխությունը այլընտրանք չունի, եւ իրականացնողները պետք է լինենք բոլորս։

ՀՊՏՀ-ի «Ամբերդ» հետազոտական կենտրոնն իրականացնում է հանրային քաղաքականության եւ տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտություններ, վերլուծություններ եւ մշակումներ: Կենտրոնում հետազոտություններն իրականացվում են անձնակազմի եւ հրավիրյալ փորձագետների կողմից: Հետազոտական աշխատանքներում ընդգրկված են ՀՊՏՀ ուսանողները: Հետեւաբար, առաջիկա տարիներին կենտրոնը եւս ակտիվորեն ներգրավված է լինելու բոլոր այն գործընթացներում, որոնք առաջնահերթություն են համարվում համալսարանի զարգացման համար: Հատուկ ուշադրություն է դարձվելու հետազոտությունների կիրառական բաղադրիչի ավելացմանը եւ դրանց առեւտրայնացմանը:

- Յուրաքանչյուր բուհի համար կարեւորվում է սերտ կապն աշխատաշուկայի հետ, այդ թվում՝ ուղեղների արտահոսքը կանխելու տեսանկյունից: Ինչպե՞ս է այս հարցը լուծվում Ձեր համալսարանում:

- Ինչ վերաբերում է աշխատաշուկայի հետ կապերին, ապա կազմակերպությունների հետ ձեռք բերվող նոր համագործակցության միջոցով ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում տարբեր կազմակերպություններում փորձառություն, հետագայում նաեւ՝ աշխատանքի անցնելու: Ընդ որում, կան կազմակերպություններ, որոնք նույնիսկ պարտավորվում են որոշակի թվով շրջանավարտների ընդունել իրենց մոտ աշխատանքի, իսկ վերջնական ընտրությունը կատարվելու է հենց բուհում՝ ուսանողների ցուցաբերած ուսումնառության արդյունքների հիման վրա:

Ուսանողների ընտրության գործընթացին կարող են մասնակցել նաեւ կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրինակ, մի քանի օր առաջ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի (IDeA) հետ։


Հուշագրի շրջանակում նախատեսում ենք համատեղ աշխատել մի շարք ուղղություններով, որոնցից ամենակարեւորները կլինեն ՀՊՏՀ ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը հիմնադրամում, համատեղ հետազոտությունների իրականացումը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը։

Ինչ վերաբերում է աշխատակիցների հնարավոր արտահոսքին, ապա պետք է նշել, որ մեր բուհում աշխատավարձերը բավական մրցունակ են, բացի դրանից, շուտով ներդրվելու է արդյունավետության առանցքային ցուցանիշների (KPI) համակարգ, ըստ որի՝ բարձր արդյունք ցուցաբերող աշխատակիցը ստանալու է էապես բարձր աշխատավարձ եւ ընդհակառակը:

- Ձեր առաջին ընդգրկուն հանդիպումը ուսանողների հետ տեւեց շուրջ 4 ժամ: Ամփոփեք, խնդրում եմ, հանդիպման արդյունքները:

- Ուսանողների հետ հաղորդակցությունն ինձ համար շատ կարեւոր էր, եւ մեկնարկային հանդիպումը բավական ընդգրկուն էր: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել համալսարանում նախատեսվող փոփոխությունները, ռազմավարական ծրագրի գերակայությունները եւ ուսանողներին հուզող բոլոր հարցերի պատասխանները, լսել ուսանողների մոտեցումները, հստակեցնել մեր ուղերձները, որպեսզի դրանք լինեն հասցեական եւ ըմբռնելի:

Իմ գնահատմամբ՝ հանդիպումն արդյունավետ էր, ուսանողներին հուզող հարցերից շատերի լուծումը նախանշված է մեր առաջիկա անելիքների շարքում, այդուհանդերձ, եղան նաեւ հրաշալի առաջարկներ, որոնք իմ հանձնարարությամբ ընթացք կստանան:

Ուսանողների հետ հանդիպումները շարունակական կլինեն, թեպետ յուրաքանչյուր շաբաթ ինձ մոտ նախատեսված է նաեւ ընդունելության օր:

- Ի՞նչ նոր գաղափարներ ունեք միջազգային համագործակցությունն աշխուժացնելու առումով:

- Միջազգային գործունեության աշխուժացմանը մեծ ուշադրություն եմ դարձնում իմ նշանակման առաջին իսկ օրվանից: Գրեթե ամեն օր կապ ենք հաստատում միջազգային տարբեր կազմակերպությունների եւ բուհերի հետ, ինչի արդյունքում արդեն իսկ նախատեսված են համագործակցության մի շարք ուղղություններ: Մասնավորապես, օրերս մենք համագործակցության համաձայնագիր կնքեցինք Եվրոպայի ամենահին համալսարանի՝ Բոլոնիայի համալսարանի հետ, որը ես իրական ձեռքբերում եմ համարում մեր համալսարանի բարեփոխման գործընթացում: Նման մակարդակի գործընկերներ ունենալը շատ կարեւոր է կրթության եւ հետազոտության որակը բարձրացնելու համար, եւ հետեւաբար՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավել նոր գործընկերների:

Բացի նշվածից, ունենք մի շարք ծրագրեր, որոնք կա՛մ արդեն կյանքի են կոչվել, կա՛մ մոտ ապագայում կիրականացվեն։ Վերջերս հանդիպել եմ նաեւ տնտեսագիտության ոլորտում Ռուսաստանի առաջատար համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (Ազգային հետազոտական համալսարան) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում արդեն քննարկել ենք համագործակցության եզրերը եւ առաջիկա մեկ-երկու ամսում կստորագրենք համագործակցության հուշագիրը։

Ակտիվ շարունակում ենք աշխատել նաեւ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում արեւելյան երկրների հաստատությունների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ։

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը շարունակում է կապեր հաստատել չինական մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հետ՝ հետագայում նպատակ ունենալով փոխադարձ հետաքրքրությունների ոլորտում իրականացել համատեղ հետազոտություններ:  

Մենք վարում ենք բազմավեկտոր քաղաքականություն, որը ներառում է ոչ միայն արեւմտյան, այլեւ ՌԴ եւ Վրաստանի բուհերը, եւ այս առումով եւս առաջիկայում կունենանք նոր համաձայնագրեր, որոնց հիմնական շահառուները կլինեն մեր ուսանողները:

Միջազգայնացման կարեւոր բաղադրիչներից մեկը համարելով միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը դրամաշնորհային ծրագրերի տեսքով՝ աշխատանքներ են տարվում նաեւ ավելացնելու նմանատիպ ծրագրերում ՀՊՏՀ-ի ներգրավվածությունը։

Ռուբեն Հայրապետյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը
Դիտում՝ 22791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW