Արամ Սարգսյան. 2018-ին «Յանդեքս. Տաքսի»-ն Հայաստանում հսկայական աճ է գրանցել

09.01.2019 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արամ Սարգսյան #Յանդեքս. Տաքսի
EMEA երկրներում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք ու Աֆրիկա) եւ ԱՊՀ-ում  «Յանդեքս. Տաքսի»-ի տնօրեն Արամ Սարգսյանի հարցազրույցը

- Ինչպիսի՞ն էր 2018 թվականը «Յանդեքս. Տաքսի»-ի միջազգային զարգացման տեսանկյունից:

- Շատ հաջող տարի էր: Մենք սկսեցինք աշխատել 8 երկրներում (Ուզբեկստանում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Սերբիայում, Ֆինլանդիայում, Կոտ դ'Իվուարում եւ Իսրայելում), տարեվերջին ամսական մեկ երկրում էինք մեկնարկում:

Վստահ եմ, որ կանգ չենք առնելու եւ 2019-ին եւս շարունակելու ենք բացահայտել նոր երկրներ:

- Ի՞նչը կարող եք անվանել ձեր ամենամեծ հաջողությունը, եւ ինչի՞ վրա դեռ պետք  է աշխատեք:

- Մենք շատ արագ լավ ցուցանիշներ արձանագրեցինք Բալթյան երկրներում, ինչը սովորաբար դժվար է ակնկալել մեր բիզնեսում նման կարճ ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ, կան երկրներ եւ շուկաներ, որտեղ պետք է աշխատենք մարդկանց մտածելակերպի եւ սովորությունների փոփոխության ուղղությամբ, եւ դա երկար ու բարդ աշխատանք է:

2018-ին գործարկեցինք մեր նոր՝ Yango ապրանքանիշը, որի ներքո ներկայացված ենք Կոտ դ'Իվուարում, Ֆինլանդիայում եւ Իսրայելում: Նոր բրենդի մեկնարկը դժվար աշխատանք էր, այդ իսկ պատճառով հատկապես հաճելի է տեսնել դրական արդյունքները:  

- Ո՞ր նոր շուկաներ եք նախատեսում մուտք գործել 2019-ին:

- Դեռ չեմ կարող կոնկրետ երկրներ նշել, բայց դրանք կլինեն Եվրոպայում եւ Աֆրիկայում: Նաեւ ուսումնասիրում ենք Լատինական Ամերիկայի շուկան:

- Իսկ ինչպիսի՞ն էր տարին «Յանդեքս. Տաքսի»-ի համար Հայաստանում:

- Խենթ տարի էր՝ բառի դրական իմաստով (ծիծաղում է– խմբ.):

Նույնիսկ դժվար է հիշել, թե որքան բան ենք հասցրել անել 2018-ին Հայաստանում՝ լավագույն վարորդների հետ «Յանդեքս. Տաքսի»-ի ղեկավարության հանդիպումներից, նոր մարզերի եւ «Մանկական» սակագնի մեկնարկից մինչեւ աջակցություն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:

2018 թվականին մենք արձանագրեցինք օգտատերերի, գործընկերների, մեր ծառայությանը միացած նրանց վարորդների եւ, համապատասխանաբար, ուղեւորափոխադրումների հսկայական աճ: Հայաստանը մեզ համար ամենահաջող շուկաներից մեկն է, այն ուղենիշ է բոլորիս համար:

Ամբողջ տարվա ընթացքում լրջորեն աշխատել ենք որակի վրա: Սկսեցինք առավել խիստ վերաբերվել վարորդների խախտումներին, իսկ վերջերս սկսեցինք օգնել երեւանյան գործընկերներին թարմացնել ավտոշարժակազմը: Կարծում եմ՝ արդյունքները շուտով նկատելի կդառնան:

- Լինո՞ւմ է, որ որոշ ծառայություններ կամ նորարարություններ փորձարկվում են Հայաստանում եւ, հաջողության դեպքում, կիրառվում այլ շուկաներում:

- Այո, մենք ունենք այդպիսի պրակտիկա, եւ օրինակները քիչ չեն: Մենք իսկապես նոր գործառույթներ ենք փորձարկում, եւ եթե Հայաստանի բնակիչներին այդ նորարարությունները դուր են գալիս, սկսում ենք դրանք տարածել նաեւ այլ շուկաներում:

Չնշելով կոնկրետ գործառույթը՝ կարող եմ ասել, որ ի սկզբանե փորձարկելով այն Հայաստանում, կիրառեցինք նաեւ այլ երկրներում, եւ արդյունքում այն ամբողջ ընկերությանն ապահովեց 10-15% աճ: Դա պարզապես հոյակապ է:

- Հարցազրույցներից մեկում Դուք ասել էիք, որ ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը: Կա՞ն արդյոք մեր երկրում առանձնահատկություններ, որոնք չկան այլ շուկաներում:

- Հայաստանի բնակիչներն այնքան էլ չեն սիրում նշել հավելվածում, թե ուր են ցանկանում ուղեւորվել: Եթե մի շարք այլ երկրներում վերջնական կետը նշում է օգտատերերի մոտ 90%-ը, ապա Հայաստանում դա լավագույն դեպքում անում է մեկ երրորդը:

Երկրորդ տարբերությունն այն է, որ շատ քիչ օգտատերեր են վճարում անկանխիկ, այսինքն՝ հավելվածին կցված բանկային քարտով: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Հայաստանում անկանխիկ վճարումների մասնաբաժինն ավելացել է 2-4 անգամ, սակայն, միեւնույն է, դա ամենացածր ցուցանիշներից մեկն է՝ այլ շուկաների համեմատ:

- Գյումրիում եւ Վանաձորում գործում են «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցներ: Դա ավելի շատ հասարակակա՞ն, թե՞ կրթական ծրագիր է: Արդյոք նախատեսո՞ւմ եք նոր դպրոցներ հիմնել Հայաստանի մարզերում:

- Այդպիսի ծրագրեր կան, սակայն դեռ պատրաստ չենք հայտնել մանրամասները: Իսկապես, եթե դպրոցները նախապատրաստեն կադրեր, որոնք երբեւէ կաշխատեն «Յանդեքս»-ում, մենք անչափ ուրախ կլինենք: Սակայն նպատակը դա չէ: Եթե մեր դպրոցների շրջանավարտները լավ մասնագետներ դառնան եւ սկսեն ստեղծել իրենց պրոդուկտներն ու հավելվածները, օգնեն զարգացնել շուկան ու երկիրը, մենք մեր առջեւ դրված խնդիրը լուծված կհամարենք:   

- Անցյալ տարվա օգոստոսին «Յանդեքս. Տաքսի»-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը մեզ հետ հարցազրույցում ասում էր, որ ընկերությունը Հայաստանի կառավարության հետ կառուցողական երկխոսություն է հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Այդ երկխոսությունը շարունակվո՞ւմ է:

- Այո, մենք աջակցում ենք կառավարության առաջարկած փոփոխություններին: Դրանք վերաբերում են Հայաստանում ինքնազբաղվածության ոլորտի ստեղծմանը. դա բավականին առաջադեմ հայեցակարգ է, որին դեռ ոչ բոլոր երկրներն են հասել: Շատ լավ է, որ Հայաստանն այս հարցում կարող է առաջատար դառնալ:

Արամ Սարգսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Դիտում՝ 91427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW