Banks.am-ի հարցազրույցը «Յանդեքս.Տաքսի»-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանի հետ- Մի քանի ամիս առաջ Երեւանում ողբերգական ՃՏՊ տեղի ունեցավ, որի զոհ դարձավ փոքր երեխա: Դրանից հետո հասարակության շրջանում քննարկում սկսվեց մանկական նստատեղերի օգտագործման անհրաժեշտության մասին: Եթե չեմ սխալվում, Մոսկվայում մանկական նստատեղով «Յանդեքս.Տաքսի» պատվիրելու հնարավորություն կա: Նախատեսո՞ւմ եք նման ծառայություն ներդնել նաեւ Հայաստանում:- Իսկապես, նախորդ տարվա վերջից Մոսկվայում մեզ մոտ գործում է հատուկ մանկական սակագին՝ կարելի է նշել երեխայի տարիքը եւ ընտրել մանկական նստատեղով մեքենա: Կան նաեւ մեքենաներ, որոնք մանկական երկու նստատեղ ունեն: Վերջերս այդ սակագինը սկսեց գործել նաեւ Վրաստանում:Հայաստանում «Յանդեքս.Տաքսի»-ն նախատեսում է գործարկել այդ ծառայությունը մի քանի օրից: Արդեն ընտրել ենք մանկական նստատեղերի հավաստագրված մատակարար, այժմ մեր գործընկերների հետ ավարտում ենք մեքենաների ընտրությունը եւ վարորդների ուսուցումը: Ի դեպ, այդ ընթացքում պարզվեց, որ Հայաստանում այդքան էլ շատ չեն չծխող վարորդները, ինչը երեխաներին տեղափոխելու համար պարտադիր պայման է:- Սակագինը կտարբերվի՞ գործող սակագներից:- Սկզբում այն գրեթե չի տարբերվի «Ստանդարտից», իսկ հետո կկողմնորոշվենք ըստ պահանջարկի:Ամեն դեպքում, հաճախորդները պետք է հաշվի առնեն, որ մանկական նստատեղով հագեցած մեքենաների քանակը սահմանափակ է լինելու, հետեւաբար հնարավոր է, որ նրանք ստիպված լինեն սովորականից փոքր-ինչ երկար սպասել:- Դուք հիշատակեցիք չծխող վարորդներին: Հաճախորդերը կարո՞ղ են բողոքել, եթե վարորդը ծխում է ղեկին:- Մենք միշտ շատ ուշադիր հետեւում ենք վարորդների վարկանիշներին: Նրանք եւս ավելի ուշադիր են սկսել վերաբերվել սեփական վարկանիշներին, որովհետեւ տեսնում են կապը վարկանիշում զբաղեցրած դիրքի եւ պատվերների քանակի միջեւ: Մուշեղ Սահակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Որպես կանոն, լուրջ բողոք ստանալու դեպքում մենք հրավիրում ենք վարորդին «Յանդեքս. Տաքսիի» կենտրոն, համատեղ վերլուծում ենք իրավիճակը եւ խնդրում ենք ավելի կոռեկտ լինել: Եթե վարորդի վարկանիշն որոշակի դիրքից ներքեւ է իջնում, համակարգն ավտոմատ կերպով արգելափակում է վարորդին եւ նա զրկվում է «Յանդեքս. Տաքսի»-ի հետ համագործակցելու հնարավորությունից:Այսօր տարբեր երկրներում «Յանդեքս. Տաքսի»-ին միացված է մի քանի հարյուր հազար վարորդ, ուստի «ձեռքով» վերահսկել ամեն ինչ հնարավոր չէ, մենք էլ՝ տեխնոլոգիական ընկերություն ենք: Հենց այդ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր «խելացի համակարգի» անընդհատ կատարելագործմանը:- Կարեն Կարապետյանի կառավարությունն առաջարկում էր մի շարք փոփոխություններ մտցնել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, որի հետ կապված «Յանդեքս. Տաքսիի» դիտողությունները քիչ չէին: Oրինագիծը մնո՞ւմ է նոր կառավարության օրակարգում:- Այո, հարցը բաց է, սակայն օրենքի նախագիծը, որն առաջարկում է գործող կառավարությունը, շատ ավելի լավն է քան նախորդ կառավարության ներկայացրածը: Միաժամանակ, մենք բավականին շատ մեկնաբանություններ եւ առաջարկներ ունենք:Այսօր «Յանդեքս.Տաքսի»-ի համակարգում Հայաստանում գրանցված է մոտ 60 հազար վարորդ: Մեր վիճակագրության համաձայն, միայն 23 տոկոսի համար է այս աշխատանքը հիմնական: Վարորդների մոտ երեք քառորդը, իրենց սոցիալ-տնտեսական վիճակից եւ հավելյալ եկամուտ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, օրական կատարում են միջինում 2-3 պատվեր: Այն ֆիքսված ամսական գումարը, որը նրանք ստիպված կլինեն վճարել օրինագծի ընդունման դեպքում, շատերի համար կարող է շատ բարձր լինել: Մուշեղ Սահակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք առաջարկում ենք, որպեսզի վարորդները ընտրության հնարավորություն ունենան. վճարել ֆիքսված ամսական գումարը կամ ֆիքսված վճար յուրաքանչյուր պատվերից: Կարող է թվալ, որ այն վարորդները, որոնց համար սա հիմնական աշխատանք է, ոչ շահավետ պայմաններում կհայտնվեն, քանի որ ստիպված կլինեն ավելի շատ վճարել: Սակայն միշտ կարելի է գտնել խելամիտ լուծում, որի դեքում այդպիսի վարորդների համար միջին պատվերն ավելի էժան կարժենա միանվագ վճարից:Պետք է գոհունակությամբ փաստեմ, որ կառավարությունը պատրաստակամ է լսել մեր փաստարկները: Իհարկե, նրանք պաշտպանում են պետական շահը, սակայն պատրաստ են լսել մեր գաղափարները: Մենք կառուցողական երկխոսություն ենք հաստատել կառավարության հետ, եւ վստահ եմ, որ ի վերջո կհանգենք այնպիսի որոշման, որը ոչ միայն ձեռնտու կլինի բոլորի համար, այլ շուկան ավելի քաղաքակիրթ կդարձնի:Մուշեղ Սահակյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը Tweet Դիտում՝ 24730