Բանկերը գերադասում են աշխատել սահմանափակ դաշտում

02.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց աշխարհ" (Երեւան), 02.08.07.

Հայաստանի բանկային համակարգի վարկային կապիտալի գերակշիռ մասը վերջին տարիներին ուղղվում է հիմնականում սպառողական եւ հիպոթեկային շուկաներ:

Միայն ընթացիկ տարվա անցած եռամսյակում առեւտրային 21 բանկերի տրամադրած շուրջ 38 մլրդ դրամ վարկերից 18 միլիարդը եղել են այս երկու շուկաներ ուղղված վարկերը: Երեք ամսվա ընթացքում սպառողական վարկերն ավելացել են գրեթե 10,5 մլրդ դրամով: Այժմ դրանք բանկերի վարկային պորտֆելի մոտ 25 տոկոսն են:

Այս տարվա առաջին կիսամյակում առեւտրային բանկերը տրամադրել են շուրջ 68 մլրդ դրամի վարկ: Ընդհանուր առմամբ բանկերի վարկային պորտֆելն անցնում է 310 մլրդ դրամի սահմանը: Թեպետ ավելացել են գրեթե բոլոր ոլորտներին ուղղվող վարկային միջոցները, այնուհանդերձ ակնհայտ է, որ բանկերը գերադասում են աշխատել հիմնականում հիպոթեկի եւ սպառողական շուկաներում: 2007թ. առաջին կիսամյակում սպառողական շուկայի վարկավորմանը բանկերը հատկացրել են շուրջ 20 մլրդ դրամ, իսկ հիպոթեկային վարկեր` 12,5 մլրդ դրամ:

Բանկային համակարգում սպառողական վարկերը հասել են 87,5 մլրդ դրամի: Եթե մի քանի տարի առաջ վարկային պորտֆելում առաջնությունը պատկանում էր առեւտրային վարկերին, ապա այժմ վիճակը փոխվել է: Առաջին տեղում սպառողական վարկերն են: Չնայած ավելանում են նաեւ առեւտրի ոլորտին հատկացվող բանկային գումարները, այնուհանդերձ դրանք սկսել են շատ ավելի դանդաղ աճել: Երկրորդ եռամսյակում առեւտրային վարկերն ավելացել են շուրջ 5 մլրդ դրամով կամ կրկնակի պակաս, քան սպառողական վարկերը:

Ակնհայտ է, որ գնալով աճում է սպառողական վարկերի պահանջարկը, որքան էլ այստեղ վերջին շրջանում տոկոսադրույքները հիմնականում փոփոխության չեն ենթարկվել: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ դրանք համարվում են ամենաթանկ վարկերը բանկային համակարգում: Տոկոսադրույքները տատանվում են հիմնականում 18¬22 տոկոսի սահմաններում:

Սպառողական վարկերի համեմատաբար արագ աճը բնականաբար չի կարող պայմանավորվել միայն պահանջարկով: Դրա բավարարումը վկայում է, որ մեծացել է նաեւ բանկերի վստահությունը` գումարների վերադարձելիության առումով: Այլապես հազիվ թե նրանք փորձեին նման ակտիվությամբ գործել այս շուկայում: Հատկանշական է, որ սպառողական վարկերի ավելացումն ամենեւին չի հանգեցրել բանկային համակարգում անհուսալի վարկերի ծավալների մեծացման: Ավելին` սպառողական վարկերի գծով առկա է վերադարձելիության բավական բարձր ցուցանիշ: Այստեղ բանկերը հիմնականում ապահովագրված են կորուստներից: Պատահական չէ, որ բանկերի վարկային պորտֆելում չկան անհուսալի վարկեր: Կան կասկածելի կամ, այսպես ասած, ռիսկային վարկեր, որոնք կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0,3 տոկոսը:

Սպառողական վարկերը ապահովում են միջոցների ավելի արագ շրջապտույտ: Դրանք տրամադրվում են կարճ ժամկետով: Այս վարկերի ժամկետայնությունը շատ հաճախ ընդամենը մի քանի ամիս է: Իսկ առավելագույն դեպքում հասնում է 3¬4 տարվա: Նման պայմաններով միջոցներ են հատկացվում ավտոմեքենաների ձեռքբերման համար: Այն դեպքում, երբ հիպոթեկային շուկան պահանջում է ավելի երկար ժամկետայնություն, որն այնքան էլ ձեռնտու չէ բանկերի համար:

Խնդիրն այն է, որ բանկային համակարգը միշտ էլ ֆինանսական միջոցների կարիք ունի: Որքան երկար ժամանակահատվածում տեղաբաշխվեն գումարները, այնքան մեծանում է նոր միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը, որովհետեւ ժամանակ է պետք, որպեսզի տեղաբաշխված միջոցները կրկին վերադառնան բանկ: Իսկ քանի որ առեւտրային բանկերի մեծ մասն ունեն ֆինանսական խնդիրներ` ստիպված են լինում հնարավորինս խուսափել, այսպես ասած, երկար վարկեր տրամադրելու գայթակղությունից, որքան էլ դրանց պահանջարկը մեծ է:

Թերեւս սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ հիպոթեկային վարկերը պահանջարկի բավարարումը դեռեւս շատ դանդաղ է տեղի ունենում: Այնուհանդերձ, ակնկալվում է, որ այստեղ առաջիկայում կարող են լինել կտրուկ տեղաշարժեր:
Այս տարի որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում տնտեսության իրական հատվածի վարկավորման առումով: Մասնավորապես ավելացել են արդյունաբերությանը հատկացվող գումարները: Երկրորդ եռամսյակում դրանք աճել են շուրջ 4 մլրդ դրամով: Հիշեցնենք, որ անցած տարի այս ոլորտին տրվող վարկերը նույնիսկ սկսել էին նվազել: Այնուհանդերձ, արդյունաբերության վարկավորման ծավալները դեռեւս շատ փոքր են` 49 մլրդ դրամ: Համեմատության համար ասենք, որ ընդամենը երեք տարվա վարկային պատմություն ունեցող հիպոթեկային վարկերի ծավալն արդեն հասնում է 35 մլրդ դրամի: Այնինչ արդյունաբերության վարկավորումն ունի 10-15 տարվա պատմություն:

Շինարարությանը հատկացվող գումարներն ավելացել են շուրջ 2 մլրդ դրամով, որն այնքան էլ մեծ չէ այս ոլորտում արձանագրվող բուռն զարգացումների պայմաններում: Հիշյալ ցուցանիշը հիմք է տալիս ասելու, որ շինարարության մեջ մտնող ֆինանսական հոսքերը հիմնականում բանկային համակարգից դուրս շրջանառվող գումարներն են:

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտում՝ 6888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai