Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդն անցած շաբաթ այցելել էր Հայաստան: Այցի նպատակն էր դիտարկել Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային ու ներդրումային ծավալների ավելացման հնարավորությունները: Բրիտանացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ առաջատար բիզնեսների ղեկավարների հետ:Մեդիամաքսը Մարկ Փրիթչարդի հետ զրուցել է Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ներկայիս վիճակի եւ ապագա հնարավորությունների մասին: - Պրն Փրիթչարդ, սա Ձեր նոր պաշտոնում արդեն 3-րդ այցն է Հայաստան՝ 2017թ. սեպտեմբերից ի վեր: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ներկայիս մակարդակը: - Առեւտրային եւ ներդրումային հարաբերությունները Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ շատ լավն են, բայց կարող էին ավելի լավը լինել: Իհարկե, բրիտանական դեսպանատունը, մեր հիանալի դեսպանը եւ դիվանագիտական թիմն անում են շատ բան, բայց իմ նշանակումը, կարծում եմ՝ ընդգծում է բրիտանական կառավարության հանձնառությունը՝ ավելացնելու առեւտրային եւ ներդրումային ծավալները:Բրիտանական ընկերությունները շատ բան ունեն առաջարկելու հայաստանյան շուկային: Հարկային եւ կարգավորող միջավայրը պետք է լինի հրապուրիչ: Կառավարությունը կարիք ունի շարունակել բիզնես բարեփոխումները եւ կոռուպցիայի վերացումը: Երբ բրիտանական բիզնեսը ներդրում կատարի Հայաստանում, պետք է վստահ լինի, որ ցանկացած վեճի դեպքում հաշտարարները կամ դատարանները կապահովեն անկախ արդարադատություն՝ ընդունելով անկողմնակալ եւ արդարացի որոշումներ՝ հիմնված տեղական եւ միջազգային նորմերի ու օրենքների վրա: - Ձեր կարծիքով՝ երկու երկրների առեւտրային հարաբերություններում դեռ առկա՞ է չիրագործված ներուժ: - Անշուշտ: Մեր ներկայությունը Հայաստանում կարող է ավելանալ եւ կավելանա: Մանրածախ առեւտրի ոլորտում Հայաստանում ունենք մի շարք հաջողակ բրենդներ՝ Marks & Spencer, Monsoon, Accessorize, որոնք իրենց տեղը գտել են հայկական շուկայում: Ես քննարկումներ ունեցել եմ Բրիտանիայում տեղական ընկերությունների հետ, թե ինչպես կարող ենք ավելացնել բրիտանական բրենդների ներկայությունը Հայաստանում: Բրիտանական կապիտալն արդեն առկա է Հայաստանում՝ դեղագործության, հանքարդյունաբերության, կրթության, դիզայնի եւ խորհրդատվության ուղղություններում: Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում պլանավորում ենք առեւտրային առաքելության այց կազմակերպել Հայաստան: - Որո՞նք են ներկայիս մարտահրավերները, որոնց բրիտանական բիզնեսը կարող է հանդիպել հայկական շուկա մուտք գործելիս: - Յուրաքանչյուր բրիտանացի ներդրողի համար կարեւոր է Հայաստանում գործել թափանցիկ բիզնես միջավայրում: Կառավարությունը շատ է աշխատում՝ ներկայացնելով բարեփոխումներ, որոնք թույլ կտան բիզնեսին ավելի վստահ զգալ՝ լինի դա ծառայությունների, թե պրոդուկտի դեպքում: Այդ բարեփոխումները կարեւոր են: Հույս ունեմ, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կապահովեն բիզնես բարեփոխումների շարունակականություն: Հայաստանն ունի կրթված աշխատուժ, բայց կառավարությունը կցանկանար ավելի շատ մարդ ունենալ աշխատաշուկայում: Բրիտանական ընկերությունները համագործակցում են մասնավոր հատվածի հետ՝ մարդկային կապիտալը Հայաստանում լիովի իրագործված դարձնելու ուղղությամբ: Կրթված աշխատուժը թե՛ ՏՏ-ում, թե՛ դիզայնում, թե՛ խորհրդատվական ու ինժեներական ոլորտներում աշխատում է բրիտանական բիզնեսների հետ՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում ներդրումներն ավելի կայուն դարձնելու նպատակով:- Որքանո՞վ է բրիտանական շուկան բաց արտերկրի բիզնեսների համար: Եվ ի՞նչ պետք է իմանան հայ գործարարներն այդ շուկա մուտք գործելուց առաջ: - Հայաստանը հիանալի դեսպան ունի Մեծ Բրիտանիայում: Եթե նա դառնա Հայաստանի հաջորդ նախագահը, ապա դա շատ օգտակար կլինի երկու երկրների՝ միմյանց հասկանալու առումով: Հայաստանյան բիզնեսների համար հնարավորությունները դրական են: Նոր գործընկերային համաձայնագիրը ԵՄ-ի հետ շատ օգտակար է եւ առեւտրային ու ներդրումային ավելի շատ ծավալներ կարող են իրագործվել նախաբրեքսիթյան (Brexit) փուլում: Այնուամենայնիվ, հետբրեքսիթյան փուլն ավելի շատ հնարավորություններ կընձեռի Բրիտանիայի հետ առեւտրային հարաբերություններում: - Կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչ դեր ունի HSBC բանկը Հայաստանի բանկային համակարգում: Ի դեպ, բանկը վերջերս վնասով է աշխատում: Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը: - HSBC-ն Հայաստանում արդեն շատ երկար ժամանակ է աշխատում եւ նվիրված է երկրին: Բանկերն ունեն բերքի եւ սովի ժամանակներ: Չեմ կարծում, որ HSBC-ն որեւէ ձեւով «սովի փուլում է» այսօր. լոկալ մակարդակով գուցե բանկի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, որքան նրանք կցանկանային: Բանկերն ունեն վերելքների ու վայրէջքների փուլեր՝ ինչպես բոլոր բիզնեսները: Այս այցիս շրջանակում հանդիպել եմ HSBC-ի ավագ մենեջերի հետ եւ հասկացել, որ բանկը ոչ միայն մտադիր է մնալ Հայաստանում, այլեւ ցանկանում է շուկայում մեծացնել իր մասնաբաժինը, եւ ես նրանց այս հարցում հաջողություն եմ մաղթում: HSBC-ն հեռացել է տարածաշրջանի շատ երկրներից, սակայն շարունակում է գործել Հայաստանում: Ունենալ հզոր բանկ տարածաշրջանում, որը տեղակայված է հենց Երեւանում, կարեւոր ուղերձ է պարունակում: - Ի՞նչ կարծիք ունեք «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գործունեության մասին, որը Հայաստանի ամենամեծ ներդրողներից է այսօր: Որոշ խմբեր հաճախ մտահոգություններ են հնչեցնում, որ ընկերության գործունեությունը շրջակա միջավայրի նկատմամբ ռիսկեր է պարունակում: - «Լիդիան»-ն այստեղ խոշոր գումարներ, եւ որ ամենակարեւորն է՝ մարդկային ռեսուրս է ներդրել: Ընկերությունը զգալի ներդրում է կատարում Հայաստանի տնտեսության մեջ: Բնապահպանական տեսանկյունից՝ կապ չունի դա մեծ, թե փոքր ընկերություն է, հանքարդյունաբերողների եւ բնապահպանների միջեւ լարվածություն միշտ էլ առկա է: Սա նորություն չէ, եւ ամենայն հավանականությամբ, իրավիճակը երբեւէ չի փոխվի: Մի կողմից, քննադատությունը նաեւ առողջ երեւույթ է, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը: Մյուս կողմից, ընկերություններն ու երկրներն առաջընթացի կարիք ունեն, եւ իմ պատկերացմամբ՝ «Լիդիան»-ը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր ստանդարտներին բոլոր գործընթացներում: Հանքարդյունաբերական ընկերություններին քննադատողներ միշտ կլինեն: Բայց «Լիդիան»-ն արել եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխանի Հայաստանի՝ շրջակա միջավայրի պահպանման ամենաբարձր ստանդարտներին: Մարկ Փրիթչարդի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 41597