Հուշանվերներ, որոնք ճանաչելի են դարձնում Հայաստանը

27.10.2017 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Հուշանվեր #Մեխակ Ապրեսյան
Հյուրընկալող երկրի համար մեծ է հուշանվերների վաճառքի դերը։ Տնտեսական նշանակությունից բացի՝ այն բարձրացնում է երկրի ճանաչելիությունը:

Հայաստանյան հուշանվերների վաճառակետերում կարելի է հանդիպել հայկական զարդանախշերով, տարատեսակ հայկական խորհրդանիշներով հուշանվերների, որոնցից շատերի վրա չկան Armenia, Made in Armenia եւ նմանատիպ այլ նշումներ։ Հայերիս համար նռան, խաչքարի, եկեղեցու կամ եւ այլ պատկերներով հուշանվերներն անմիջապես նույնանում են Հայաստանի հետ, բայց հազիվ թե նույն ընկալումն ունենա Հայաստան առաջին անգամ այցելող կամ դրսում «Հայաստան» անունն առաջին անգամ լսող օտարերկրացին։

Հարցի առնչությամբ Banks.am-ը հարցախույզ է անցկացնել հուշանվերների վաճառակետերում, ինչպես նաեւ զրուցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Ի՞նչ է պահանջում զբոսաշրջիկը

Վերնիսաժի վաճառակետերից մեկում իրենց ձեռքի աշխատանքներն են ներկայացնում կավագործ Արշակը եւ Կարոն։ Աշխատանքներից գրեթե բոլորի վրա քանդակված են Armenia, Yerevan բառերը։

«Սկզբում ուշադրություն չէինք դարձնում այս հարցին։ Հետո սեփական փորձով համոզվեցինք, որ զբոսաշրջիկի պահանջը հենց դա է։ Այժմ աշխատանքները պատրաստելիս առաջնորդվում ենք այդ սկզբունքով»,- ասում է Կարոն։


Փայտագործ Արթուրն էլ նկատում է, որ զբոսաշրջիկները շատ տարբեր են, եւ այդ պատճառով հուշանվերները պատրաստելիս ինքը փորձում է բավարարել բոլորի պահանջները։

«Մի մասն ուզում է, որ վրան գրված լինի Armenia, մի մասն էլ նախընտրում է հայերեն գրված տարբերակները։ Պատահում է նաեւ, որ ո՛չ դրոշ են ուզում վրան լինի, ո՛չ էլ Armenia բառը, սակայն նման պահանջով զբոսաշրջիկներն ավելի քիչ են»։


«Արեւային ավտոբուս» հուշանվերների խանութում արտադրատեսակների մի մասի վրա չկան Armenia կամ «Հայաստան» նշումներ։ Խանութի աշխատակիցը պարզաբանում է, որ դա զբոսաշրջիկների պահանջարկի արդյունքն է.

«Երբ զբոսաշրջիկը ցանկանում է դրոշով կամ «Հայաստան» նշումով հուշանվեր, խանութ մտնելիս անմիջապես ասում է, որ իրեն դա է պետք։ Բայց մեր խանութ այցելող զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է գնելու իմաստ պարունակող հուշանվերներ, եւ չի ցանկանում, որ հուշանվերի վրա նման նշումներ լինեն»։

Խանութի աշխատակիցը այցելուներին ներկայացնում է հուշանվերների պատմությունն ու նշանակությունը՝ այդ կերպ փորձելով ճանաչելի դարձնել Հայաստանի մշակութային ժառանգությունը։

Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում գտնվող Art Areni հուշանվերների խանութում զբոսաշրջիկների կողմից ավելի շատ պահանջված է Areni գրառումը։ Խանութի համահիմնադիր Ասպրամ Ալեքսանյանը նշում է, որ իրենց այցելած զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ են կիրառելի հուշանվերները, հատկապես, եթե զարդարված են հայկական խորհրդանիշերով եւ զարդանախշերով։ Նա հավելում է, որ իրենց առայժմ չեն հանդիպել Հայաստանը ճանաչելի դարձնող նշումները մերժող զբոսաշրջիկներ։


Օրենսդրական դաշտի կարգավորումը

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը կարեւորում է հուշանվերների դերը՝ որպես զբոսաշրջության զարգացման կարեւոր մասնիկ։

«Բնականաբար, պետք է բոլորս գիտակցենք, եւ հատկապես հուշանվերներ պատրաստողները, որ հուշանվերը Հայաստանը ներկայացնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Մենք պետք է հուշանվերներին այնպիսի բովանդակություն, արտաքին տեսք տանք, որ դրանք արտացոլեն մեր մշակույթն ու ժառանգությունը։ Զբոսաշրջության պետական կոմիտեն արդեն կառավարությանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, ի թիվս այլ հարցերի, փորձել ենք կարգավորել նաեւ այս ոլորտը»,- ասում է Մեխակ Ապրեսյանը:


Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում հստակ սահմանված է «Հայաստանի արհեստագործական արտադրանք» հասկացությունը։ Օրենքը չի նախատեսում արգելել այլ արտադրանքների, հուշանվերների արտադրությունը կամ ներմուծումը։ Այն պարզապես հնարավորություն կտա տարբերակելու Հայաստանի արհեստագործական արտադրանքն այլ արտադրատեսակներից, որպեսզի գնորդի համար պարզ դառնա, թե որ արտադրանքն է երաշխավորում Զբոսաշրջության պետական կոմիտեն, եւ որը՝ ոչ։ Հայաստանի արհեստագործական արտադրանքը կունենա տարբերակիչ նշան, որն էլ կօգնի գնորդին կողմնորոշվել ընտրության հարցում։

Մեխակ Ապրեսյանը հույս է հայտնում, որ դրույթը կընդունվի, եւ իրենց հաջորդ քայլը կլինի պետական եւ մասնավոր հատվածի բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը, ճիշտ չափանիշների եւ ընթացակարգի ընտրությունը՝ որակավորման գործընթացներն իրականացնելու համար։

Պատշաճ փաթեթավորում

Հատկանշական է, որ կախված հուշանվերի ձեւից եւ չափից՝ միշտ չէ, որ հնարավոր է լինում համապատասխան նշումներ կատարել։

Arev souvenirs հուշանվերների խանութը գտել է խնդրի իր լուծումը. բացի խանութի անվանումով տոպրակներից՝ այն գնորդին առաջարկում է Armenia գրառմամբ եւ հայկական խորհրդանիշներով տոպրակներ։


Պատշաճ փաթեթավորման խնդրի մասին բարձրաձայնում է նաեւ Մեխակ Ապրեսյանը.

«Պետք է կարողանանք այս բացը լրացնել, որպեսզի հուշանվերները ե՛ւ պատշաճ ապրանքային տեսք ունենան, դառնան ավելի գրավիչ, ե՛ւ հենց փաթեթավորման միջոցով կարողանանք նշումներ կատարել»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 29076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai