Նոր բիզնես նախագիծ՝ սահմանապահ Բերքաբերում

30.06.2017 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բերքաբեր #«Սահման» ՀԿ #Անահիտ Նազարյան
Սահմանամերձ-սահմանապահ Բերքաբերի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությունյանը սեփական բիզնեսը հիմնելու մասին վաղուց էր երազում ու չնայած խոչընդոտներին՝ հավատում, որ մի օր այն իրականություն է դառնալու:

Մասնագիտությամբ բնապահպան Հարությունը համալսարանն ավարտելուց հետո 5 տարի աշխատել է անտառային տնտեսությունում՝ միաժամանակ հասցնելով մտովի մշակել էր իր բիզնես պլանն ու դրա համար ուսումնասիրել շուկան: Հիմնական գաղափարը մեկն էր՝ հիմնել թռչնաբուծական արտադրություն, ինչի պահանջարկը կար ոչ միայն Բերքաբերում, այլեւ հարակից գյուղերում:

Հարությունի երազանքն իրականություն դարձավ ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող, ինչպես նաեւ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվողˋ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որտեղ «Սահման» ՀԿ-ն ներկայացրել ու աջակցություն է ստացել Բերքաբեր համայնքի 7 բիզնես նախագծերի մեկնարկի համար:


Հանդիսանալով վերոնշյալ ծրագրի շահառու՝ Հարությունը ստացել է ինկուբատորն ու սեփական տանը հիմնել բիզնեսը:

««Սահման» ՀԿ-ի կողմից ֆինանսավորվող մյուս բիզնես նախագծերի նման, սա եւս ստացել է նախնական խորհրդատվություն: Ծրագրի իրականացման համար շահառունին տրամադրվել մոտ 600 հազ. դրամի ֆինանսավորում: Հարությունի բիզնեսի նախագծի դեպքում ֆինանսավորումը եղել է սարքավորման տեսքով, իսկ շահառուն կատարել է իր ներդրումը, ինչ կարող է լինել ֆինանսի, աշխատանքի, տարածքի եւ այլ տեսքով՝ ըստ անհարժեշտության»,- Banks.am-ին ասել է «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Նազարյանը:

Հարությունի թռչնաֆաբրիկայի գործունեության մեկնարկը տրվել է մոտ մեկ տարի առաջ: Այսօր արդեն երիտասարդ գործարարն օրական 50 ձու, իսկ ամսական 800 վաճառքի ենթակա ճուտ է ունենում: «Բերքաբեր» ապրանքանիշի ներքո թողարկվող արտադրանքը սպառվում է առանց խոչընդոտի:  

Երիտասարդ գործարարը պատմում է՝ սպառման շուկան հիմնականում Բերքաբերն ու հարեւան գյուղերն են, սակայն պահանջարկն այնքան մեծ է, որ մտադիր է միջոցներ խնայել ու դրանք ներդնել երկրորդ ինկուբատորի ձեռքբերման համար:

«Մինչ այդ տանն ունեինք թռչնաբուծական փոքր տնտեսություն, բայց ի վիճակի չէինք առանց հավելյալ օժանդակության նման արտադրություն հիմնել: Բացի ինկուբատորից՝ «Սահման» ՀԿ-ն մեզ տրամադրել է բիզնեսի վարման հատուկ գործիքակազմ, տրամադրել խորհրդատվությունˋ ճիշտ փաթեթավորման ու շուկա դուրս գալու համար»,- նշում է մեր զրուցակիցը:

Հարությունը նկատում է՝ «թեեւ սահմանամերձ համայնքին տրված են մի շարք հարկային արտոնություններ, այդուհանդերձ, բիզնես սկսելն ամեն մեկի գործը չէ»:

«Միայն մեզ տրված աջակցության շնորհիվ է, որ այս գործը հաջողվել է: Ճիշտ է, սկզբում մի փոքր բարդ էր, բայց տանջվելու ու հավատի դեպքում է, որ կարող ես հաջողության հասնել ու իրագործել երազանքդ»,- նկատում է նա:

Ի դեպ, Հարությունի բիզնեսը բավական եկամտաբեր է. նա թողել է հիմնական աշխատանքը եւ նվիրվել իր երազանքի զարգացմանը:  

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Անահիտ Նազարյանի
Դիտում՝ 35624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai