#YereWineDays. Երեւանում առաջին անգամ կանցկացվեն Գինու օրեր

27.03.2017 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մայիսի 5-6-ը «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ կանցկացվեն գինու օրեր: Երկու օր մայրաքաղաքում ջազի ու բլյուզի կենդանի ելեւէջների եւ ազգագրական երաժշտության ներքո հնարավոր կլինի գինի ըմպել եւ ծանոթանալ հայկական գինեգործության վերածնված ավանդույթներին:

Միջոցառման PR գործընկեր Աննա Մազմանյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ հատկապես վերջին 5-10 տարիներին Հայաստանում գինեգործությունը նոր շունչ է ստացել: Բացի այդ, քաղաքացիների շրջանում ձեւավորվել է այսպես կոչված գինի խմելու մշակույթ, ինչն առաջացրել է նման քաղաքային միջոցառում անցկացնելու անհրաժեշտություն:

«Այո՛, 6000 տարի առաջ ունեցել ենք գինեգործություն, բայց պետք է դա ցույց տալ նաեւ արտասահմանցիներին, պետք է ցույց տալ, որ Հայաստանը եղել է գինեգործության օրրան»,- ընդգծում է Աննա Մազմանյանը:

Միջոցառման նպատակն էլ հենց դա է՝ զբոսաշրջիկներ ներգրավել եւ  ծանոթացնել նրանց հայկական գինեգործության ավանդույթներին: Աննա Մազմանյանը նկատում է, որ արտասահմանցի զբոսաշրջիկներին հայկական գինեգործությանը ծանոթացնելու ուղղությամբ շատ աշխատանքներ կան կատարելու, հետեւաբար, կարեւոր է, որպեսզի առաջին քայլերն արվեն ճիշտ, հստակ շեշտադրությամբ:

Երեւանում գինու օրեր անցկացնելու գաղափարը «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը շուրջ մեկ տարի քննարկել է տարբեր գինեգործների ու գինետների հետ: Երկարատեւ բանակցություններ են ընթացել նաեւ զբոսաշրջային գործակալությունների հետ, որոնք, ակնկալվում է, որ այդ օրերին հատուկ փաթեթներ կառաջարկեն: Միջոցառման կազմակերպիչները լիահույս են, որ մայիսի առաջին շաբաթը Երեւանը կընդունի մեծ թվով զբոսաշրջիկների, մասնավորապես՝ Ռուսաստանից:

Գինու օրերը նախատեսվում է անցկացնել Երեւանի Սարյան փողոցի «գինետների հատվածում» երեկոյան ժամերին: Առաջին օրը միջոցառումը կուղեկցվի կենդանի ջազի ու բլյուզի, երկրորդ օրը՝ ազգագրական երգ ու պարի հնչյուններով:

Միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել շուրջ 2 տասնյակ գինետուն-ռեստորանների, որոնք Սարյան փողոցում կտեղադրեն իրենց սեղանիկները: Այնուամենայնիվ, Աննա Մազմանյանի խոսքով, ռեստորանների ընտրությունը չի ավարտվել եւ իրենք բաց են համագործակցության համար:

Նախատեսվում է, որ ընտրված ռեստորաններն այդ օրը կներկայացնեն հատուկ՝ գինու երեկոյին «հարիր» մենյուներ: Գինու օրերին մասնակցելու են հրավիրվել նաեւ հացի եւ պանրի ինդուստրիայում ներգրավված կազմակերպություններ: Աննա Մազմանյանը սակայն ընդգծում է՝ «այդ օրերի թագավորը գինին է լինելու»:

Միջոցառումը լուսաբանելու եւ դրա ճանաչելիությունը բարձրացնելու համար Երեւան են հրավիրվել լրագրողներ Ռուսաստանից, իսկ սոցցանցերում միջոցառումը «կլուսաբանվի» #YereWineDays հեշթեգով: Բացի այդ, բանակցություններ են ընթանում վարպետության դասեր անցկացնող մասնագետներ ներգրավելու ուղղությամբ:

Միջոցառման ծախսերը կազմակերպիչներն ակնկալում են հոգալ մասնակցության վճարներից ստացված եկամտի հաշվին, ինչպես նաեւ հովանավորների աջակցությամբ: Աննա Մազմանյանը նշում է, որ հովանավորներ  փնտրելու ուղղությամբ այս պահին բանակցություններ են ընթանում, միաժամանակ, արդեն հստակ է, որ հովանավորների ցանկում չեն լինի ո՛չ գինետներ, ո՛չ ռեստորաններ:

Կազմակերպիչներն ակնկալում են միջոցառման շնորհիվ բարձրացնել հայկական գինեգործական մշակույթի ճանաչելիությունն արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում եւ նպաստել Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացմանը: Բացի այդ, այն կարող է հարթակ հանդիսանալ գինեգործների եւ գինեգործական ընկերությունների համար՝ իրենց արտադրանքն ավելի լայն շրջանակների ներկայացնելու եւ բիզնես կապեր հաստատելու տեսանկյունից:

«Ակնկալում ենք, որ սա կդառնա սիրված ու սպասված միջոցառում, որ զբոսաշրջիկների համար եւս մեկ առիթ կլինի Հայաստան այցելելու համար: Ակնկալում ենք, որ այն էլ ավելի գրավիչ կդարձնի մեր գինեգործներին արտասահմանցիների համար, իսկ գինեգործներն էլ կսիրեն այս ձեւաչափի միջոցառումը եւ մյուս տարի առավել մեծ թվով մասնակիցներ կունենանք»,- ամփոփում է Աննա Մազմանյանը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 136824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai