«Վանքի Անուշ» մուրաբաներն ու Տավուշի թեմի զարգացման ծրագրերը

23.12.2016 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Վանքի Անուշ» ապրանքանիշի ներքո Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն արդեն մի քանի ամիս էˋ արտադրում է մուրաբաներ, որոնց հումքը ձեռք  է բերում սահմանամերձ գյուղերի բնակիչներից:

Թեմի տնտեսական ծրագրի եւ սահմանամերձ համայնքների բնակչության եկամուտի այլընտրանքային աղբյուրի մասին Banks.am-ը զրուցել է Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

«Փորձում ենք տարբեր կազմակերպություններ ներգրավելովˋ թիրախային աջակցություն տրամադրել մեր սահմանամերձ համայնքների բնակիչներինˋ յուրահատուկ ներդրում ունենալ մարդկանց կյանքում: Իսկ Տավուշում աճող կիվիի, նռան, հապալասի եւ մի շարք այլ յուրահատուկ պտուղներից ու հատապտուղներից պատրաստված մուրաբաները նոր մշակույթ են ներմուծում մեր իրականություն, տարածում են էկոլոգիապես մաքուր արադրանքի գաղափարը»,- ասում է Բագրատ Սրբազանը:

Մուրաբաների հումքը գյուղացիները հավաքում են անտառներից կամ իրենց այգիներից, բայց սպառելու հնարավորություն չունեն: Տավուշի թեմը, տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ինչպիսիք են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Կլոր Սեղան» հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, ձեռք է բերում հումքը, մուրաբաներ պատրաստում եւ կազմակերպում դրանց վաճառքը:  


«ՀՕՖ-ի կողմիցˋ Գրեգ Թուֆայանի ներդրմամբ, Հաղարծինի վանքի բակում փոքրիկ արտադրամաս ենք հիմնել, որտեղ եւ պատրաստվում են մուրաբաները: Ունենք նաեւ նոր տեսակի՝ սպիտակ մեղրի արտադրություն, որը բավական լավ սպառվում է շուկայում»,- նշում է մեր զրուցակիցը:

Մուրաբաների արտադրամասում մշտական աշխատանք ունի մարզի 5 բնակիչ, իսկ հումքի ձեռքբերման մասով աշխատում են ավելի քան 30 բնակչի հետˋ մարզի տարբեր համայնքներից, մեծ թիվ են կազմում նաեւ ծրագրում ներգրավված կամավորները:   

Արտադրանքը վաճառվում է միայն Հաղարծինի եւ Գոշավանքի փոքրիկ խանութներում, ամանորի նախաշեմին ներկայացվել են նաեւ երեւանյան ամանորյա տոնավաճառներում: Վաճառքից ստացած ողջ հասույթն ուղղվում է Տավուշի թեմի կողմից իրականացվող ծրագրերին:


«Օրինակ` «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնի կարիքները հոգալու համար, որի նպատակը երեխաներին փողոցից կտրել, նրանց համար արհեստագործական զանազան զբաղմունքներ ապահովելն ու քրիստոնեական դաստիարակություն տալն է: Կենտրոնի սաների 80%-ը մարզի խոցելի խավի ընտանիքներից են, ովքեր ամեն օրˋ դասերից հետո գալիս են կենտրոն, ստանում մեկանգամյա սնունդ եւ մասնակցում տարբեր խմբակների»,- պատմում է Սրբազանը:

Ի դեպ, Հաղարծինի վանքի հուշանվերների խանութում վաճառվում են նաեւ այդ երեխաների ուսուցման արդյունքում ստեղծված ձեռագործ պարագաները, ինչի հասույթը եւս ուղղվում է թեմի սոցիալ-կրթական ծրագրերի իրականացմանը:


Տավուշի թեմի առաջնորդի փոխանցմամբˋ առաջիկա 3 տարում նպատակ ունեն մարզի 70 համայնքում բացել կիրակնօրյա նմանատիպ դպրոցների մեծ ու փոքր կենտրոններ, որոնց համար արդեն իսկ պատրաստել են 60-ից ավել ուսուցիչների: Ընթացիկ տարին Թեմն ամփոփում է նմանատիպ 43 կենտրոնով եւ 2000 աշակերտով:

«Նման նախաձեռնություններով փորձում ենք հավելյալ տնտեսական միջոցներ ստեղծել Տավուշի մարզի համայնքների համար: Հիմնական շեշտադրումը հետեւյալն է. մեր հոգեւոր գիտակցության մեջ բարձրագույն արժեքը մարդն է, ում արժանապատվության հասկացողությունը մի քանի շերտից է բաղկացած, իսկ տնտեսական կյանքի զարգացումն այդ շերտերից մեկն է: Մեր հոգեւոր գիտակցությունն ու գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի մարդն իրեն ամբողջական էակ զգա»,- եզրափակում է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարներըˋ հեղինակի եւ Տավուշի թեմի

Դիտում՝ 11296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai