Փայտե տնակներ ու կանաչ եղեւնիներ. Ստեփանավանը բրենդավորվել է

17.11.2016 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Դբա լավը, դբա Ստեփանավան». լոռեցիների հայտնի այս կարգախոսով Braind ընկերությունն օրերս ներկայացրեց Ստեփանավան քաղաքի բրենդը՝ որպես քաղաքային բրենդինգի զարգացման առաջին փուլ: Ինչ նշանակություն կարող է ունենալ քաղաքի բրենդավորումն ընդհանուր առմամբ, եւ ինչ նպատակ ունի նախագիծը՝ Banks.am-ը փորձել է պարզել ընկերության համահիմնադիր եւ արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանից:

Փայտե բարի տնակներն ու կանաչ եղեւնիները

«Կան մի շարք քաղաքներ, որոնք ունեն իրենց դեմքը, իրենց «հայերենը», իրենց համն ու հոտը, ինչով եւ ակնհայտորեն առանձնանում են մյուսներից: Այդ բոլոր առանձնահատկությունները կարելի է միավորել՝ մեկ ընդհանուր ֆիրմային ոճի մշակման նպատակով, եւ ստանալ յուրաքանչյուրի բրենդը»,- կարդում ենք նախագծի էջում:

«Համուհոտով» քաղաքներից առաջինը Ստեփանավանն է. պատճառը նախագածի հեղինակների՝ այստեղ անցկացրած մանկության տարիներն են եւ քաղաքի ներքին կոլորիտին առավել ծանոթ լինելու հանգամանքը: Ֆիրմային նշանը ստեղծելիս որպես հիմնական տարրեր ծառայել են ստեփանավանցիների «բրենդային» փայտե բարի տնակները եւ մշտապես կանաչ եղեւնիները:

Գաղափարը ծնվել է դեռ ամիսներ առաջ. նախ մշակվել է լոգոն, հետո աշխատանքներ են տարվել կայքի վրա, մշակվել է բրենդի ռեալիզացման քաղաքականությունը:  

«Ցանկություն կար քաղաքի համար անել մի բան, որը ոչ թե ուղղակի սիրուն կլինի, այլ կաշխատի եւ ինչ-որ ձեւով օգուտ կբերի քաղաքին»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Էդուարդ Քանքանյանը:



Աշխատանքները տարվել են առանց կողմնակի աջակցության: Հեղինակները կարծում են, որ եթե գաղափարը կա, պետք չէ սպասել պատվերի կամ օգնության. դրանով անհապաղ պետք է զբաղվեն մասնագետները, այլապես ամեն ինչ կարող է մնալ թղթի վրա:

Քաղաքի չօգտագործված պոտենցիալը

«Եթե մենք կարողանանք Ստեփանավանը որպես քաղաք ճիշտ ձեւով բրենդավորել, ներքին ու արտաքին տուրիզմ խթանել, դրանից արդեն բոլորը կարող են օգտվել քաղաքում. թե՛ անհատները, թե՛ փոքր բիզնեսները, թե՛ մի քիչ ավելի մեծ բիզնեսները, թե՛ քաղաքային իշխանությունները»,- վստահ է Էդուարդը:

Նա ցավով նշում է, որ քաղաքն այսօրվա դրությամբ լիարժեք կերպով չի կարողանում օգտագործել այն պոտենցիալը, որն ունի: Զբոսաշրջային ընկերությունները սովորաբար առաջարկում են ստանդարտ փաթեթներ, որոնցում միշտ չէ, որ Ստեփանավանն ընդգրկված է: Ընդհանուր առմամբ, քաղաքում հանգստանում են հիմնականում Երեւանի բնակիչներ, որոնք էլ քաղաքի մասին լսել են բարեկամներից ու ընկերներից:

«Իսկ մենք, շատ լավ ծանոթ լինելով Ստեփանավանին՝ իր բոլոր մանրուքներով, տեսարժան վայրերով, ներքին կոլորիտով ու ամեն ինչով, հասկանում ենք, որ իրականում քաղաքը շատ մեծ պոտենցիալ ունի, ու դա չօգտագործելը պարզապես վնաս է. այսինքն, քաղաքը չի օգտվում այդ մարդկանց հոսքից ու դրա պոտենցիալ եկամուտից»,- ասում է նա:

Այնուամենայնիվ, հեղինակների համար առավել կարեւոր է, որպեսզի նախագիծն ընդունվի հենց տեղացիների կողմից, որպեսզի նրանց մոտ ոգեւորություն առաջանա, նոր նախաձեռնություններով հանդես գան, եւ յուրաքանչյուրն իր ձեւով մասնակցի քաղաքի զարգացմանը:   

Համագործակցություն

Նախագծի հեղինակները բաց են համագործակցության համար՝ սկսած քաղաքային իշխանություններից մինչեւ առանձին կազմակերպություններ, բիզնեսներ ու անգամ անհատներ:  

«Հիմնական գաղափարն այսպիսին էր. մենք սա անում ենք, ու եթե քաղաքի իշխանությունները կամ մարդիկ հավանում են, մենք անհատույց պատրաստ ենք այս ամբողջ բրենդինգը տրամադրել նրանց: Մենք տալիս ենք գաղափարը ու պատրաստ ենք օգնել նրանց այն իրականացնելու հարցում»,- ասում է նա:



Ընդ որում, բրենդը կարող է օգտագործվել ամենատարբեր ոլորտներում՝ սկսած հյուրանոցներից ու սրճարաններից մինչեւ տեղական արտադրություն եւ քաղաքային դիզայն: Առաջիկայում հեղինակները պատրաստվում են նախագիծը ներկայացնել Ստեփանավանի քաղաքապետարանին եւ տարածքում գործող կազմակերպություններին՝ ակնկալելով, որ նրանց կողմից էլ նախաձեռնություն կցուցաբերվի, եւ համատեղ կիրականացնեն ծրագիրը:

«Նպատակ կա Ստեփանավան անվանումը դարձնել բրենդ, որակի չափանիշ. իրենց արտադրանքն առավել գրավիչ դարձնելու համար՝ սա կարող է հավելյալ գործիք դառնալ բոլոր բիզնեսների համար: Մենք մեր կողմից քայլն արել ենք ու շատ կուզեինք, որպեսզի դիմացի կողմից արդեն գործնական արձագանքներ ստանանք ու միասին հասկանանք՝ այս ամեն ինչը ինչպես պետք է կյանքի կոչել»,- ասում է նա:

Հետագա ճակատագիրը

Նախագծի հետագա ճակատագիրը եւ շարունակականությունը կախված է արդյունքից. եթե Ստեփանավանի փորձը հաջողությամբ ավարտվի, «բրենդավորման կենթարկվեն» նաեւ այլ քաղաքներ:

«Եթե այս ամեն ինչը բերի նրան, որ օգնի անհատներին ու բիզնեսին, բիզնեսն էլ իր հերթին ստեղծի աշխատատեղեր եւ դրանով արդեն կոնկրետ խնդիրներ լուծվեն, մենք պատրաստ ենք ամեն ձեւ դրան աջակցել»,- ասում է Էդուարդը:

Այս պահին թիմը առաջնային խնդիր ունի՝ սկսածը հասցնել մինչեւ վերջ, մինչեւ որ երեւա արդյունքը: Դրա համար մշակվել է գործողությունների պլան՝ ինչ է անհրաժեշտ քաղաքի բրենդավորման համար՝ սկսած քարտեզից ու կայքից, մինչեւ ինֆորմացիոն ցուցանակներ, ինֆո կենտրոն կամ սթիքերներ:

Էդուարդ Քանքանյանը


«Եթե մենք կարողանանք ռեալիզացնել այդ բոլորը կամ գոնե դրա մեծ մասը, կհամարենք, որ Ստեփանավանի դեպքում սա ստացվեց: Իսկ եթե սահմանափակվի գովեստի խոսքերով կամ լայքերով, մենք կհասկանանք, որ արեցինք, ուրախացանք ու ամեն ինչ վերջացավ»,- եզրափակում է Էդուարդ Քանքանյանը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 10861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai