Անցած տարի՝ 2015թ., Անելիք Բանկը նշեց իր 25-ամյակը, որի շրջանակում իրականացրեց մի շարք նախագծեր: Անելիք Բանկի Վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն-վարչության անդամ Հայկ Մկրտչյանը Banks.am-ի հետ զրույցում ամփոփել է բանկի հոբելյանի շրջանակում իրականացված միջոցառումները եւ խոսել ապագա նախագծերի մասին: - 2015թ. բանկի իրականացրած միջոցառումները միավորված էին մեկ միասնական` «25 տարի` պարզ եւ բարի» գաղափարի շուրջ: Որո՞նք էին այդ գաղափարի հիմնական մեսիջները: -Ներկայում մարդկանց հոգսերն այնքան շատ են, որ պարզությունը եւ բարությունը մղվել են հետին պլան։ Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները միտված էին սերմանելու պարզություն եւ բարություն մարդկանց մեջ եւ խրախուսելու բարի արարքները: - Պրն Մկրտչյան, բանկում զբաղեցրած Ձեր պաշտոնը ենթադրում է նաեւ կրեատիվ լուծուների մշակում եւ կիրառում: Այս մոտեցումն էլ ավելի է կարեւորվում՝ հաշվի առնելով, որ 2015թ. հոբելյանական էր բանկի համար: Ի՞նչ կասեք այս առումով:-Իհարկե, հնարավոր չէ մարքեթինգը պատկերացնել առանց կրեատիվ լուծումների։ Եվ մեծամասամբ այդ լուծումներից են կախված այս կամ այն բանկային ծառայության կամ պրոդուկտի հաջող ներդրումը եւ կիրառումը բանկի կողմից։ Միաժամանակ, կրեատիվ լուծումների շնորհիվ է բարձրանում բանկի ճանաչելիությունը։Անցած տարի՝ բանկի 25-ամյակի հետ կապված, որոշեցինք դրական լիցքեր փոխանցել մեր հաճախորդներին։ Ամբողջ տարվա ընթացքում բանկն իրականացրեց տարբեր միջոցառումներ՝ բարեգործական, հովանավորչական, ինչպես նաեւ կազմակերպեց տարբեր խաղարկություններ, մշակեց նոր պրոդուկտներ։Այս միջոցառումներից կառանձնացնեի մի քանիսը՝ «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք» ակցիայի շրջանակում բանկի աշխատակիցների կողմից արյան հանձնումը արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին, երեխաների պաշտպանության առթիվ Գյումրիի կենտրոնական այգիներից մեկում բացված խաղահրապարակը, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում կազմակերպված ծառատունկը:- Որքանո՞վ է իրատեսական այսօր հայաստանյան բանկերի համախմբումը ընդհանուր բարեգործական նախագծի կամ հիմնադրամի շուրջ: Նման գաղափար երբեւիցե քննարկվե՞լ է բանկային միջավայրում:- Հայաստանում բանկերի մեծամասնությունը կարեւորում է բարեգործական ծրագրերի իրականացումը, ինչի մասին վկայում են բանկերի կողմից ամեն տարի իրագործվող բազմաթիվ միջոցառումները։ Կարծում եմ՝ լավ մշակված ծրագրի դեպքում բանկերը պատրաստակամ կլինեն համատեղ ծրագիր իրականացնելու համար։- Անցած տարի Անելիք Բանկը՝ «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ, դասընթացներ կազմակերպեց իր աշխատակիցների համար: Այս տարի համանման ի՞նչ ծրագրեր են ակնկալվում: - Անելիք Բանկի աշխատակիցների համար դասընթացները պարբերական բնույթ են կրում: 2015-ին, ինչպես նշեցիք, «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ, գրեթե բոլոր աշխատակիցների համար իրականացվեցին մի քանի փուլից բաղկացած դասընթացներ՝ «Որակի կառավարման բարելավում» թեմայով։ Նման դասընթացներ կկազմակերպվեն նաեւ այս տարի:- Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լոկալ զարգացում ապահովել գլոբալ ճգնաժամի պայմաններում:- Բանկերի զարգացումն ուղիղ համեմատական է երկրի տնտեսական վիճակին։ Լոկալ զարգացում ապահովելու համար հարկավոր է մշտապես ուսումնասիրել շուկայի պահանջարկը եւ այդ պահանջարկից ելնելով՝ առաջարկել նոր պրոդուկտներ, ներդնել նոր ծառայություններ՝ չմոռանալով իհարկե հաճախորդների սպասարկման որակի մասին։ 2015թ. Անելիք Բանկը հաջողությամբ ներդրեց մի քանի նոր պրոդուկտներ, ինչպես նաեւ իր հաճախորդներին առաջարկեց նոր ծառայություններ, ինչի շնորհիվ բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների աճ։- 2015թ. Անելիք Բանկը ներդրեց էլառեւտրի անվտանգության 3D Secure համակարգը: Ի դեպ, ուշագրավ տվյալներ կան, որ Երեւանի բնակչության ընդամենը 4,2%-ն է գնումներ կատարում հայաստանյան առցանց հարթակներից: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դերակատարություն ունեն բանկերն էլառեւտրի զարգացման հարցում:- Եթե համեմատենք այլ երկրների հետ, այս տեսանկյունից մեր ցուցանիշներն իսկապես շատ ցածր են՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ինտերնետային թափանցելիությունը գերազանցում է 75%-ը: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ էլառեւտրի ոլորտը Հայաստանում դեռ զարգացման փուլում է։ Լրացուցիչ անվտանգության համակարգերը, իհարկե, կարող են խթանել այն, սակայն բանկերի դերակատարությունը եւս պետք է մեծ լինի։ Խոսքը վերաբերում է նրան, որ բանկերը ինտերնետ-խանութների հետ համատեղ կարող են մշակել պրոդուկտներ, որոնք առավել դյուրին կդարձնեն էլեկտրոնային առեւտուրը։ Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք ականատես կլինենք նման պրոդուկտների ներդրմանը Հայաստանում։- Մեր կատարած ուսումնասիրության համաձայն՝ 2015թ. (3-րդ եռամսյակի վերջի դրությամբ) hայկական բանկերը կրճատել էին գովազդի եւ մարքեթինգի հետ կապված ծախսերը: Ձեր բանկի պարագայում արձանագրվել էր ոչ մեծ, սակայն դրական դինամիկա: Բացահայտեք, խնդրում եմ, բանկի գովազդային քաղաքականությունը:- Անցած տարի բանկի՝ գովազդի եւ մարքեթինգի հետ կապված ծախսերի աճը պայմանավորված է եղել նրանով, որ ամբողջ տարվա ընթացքում հոբելյանի հետ կապված տարբեր միջոցառումներ են կազմակերպվել: 2016թ. Անելիք Բանկը շարունակելու է իրականացնել նախկինում մշակված գովազդային քաղաքակնությունը։ Ծախսերի առումով որոշակի տնտեսումներ նախատեսված են, որոնք, սակայն, պայմանավորված են գովազդի կառուցվածքի փոփոխությամբ։Հայկ Մկրտչյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 7292