Banks.am-ի հարցազրույցը Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ: - Պարոն Խաչատրյան, նոյեմբերի 9-ին Թեհրանում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էր Հայաստան-Իրան գործարար համաժողովը: Ի՞նչ ընդհանուր հետաքրքություններ ունեն հայ եւ իրանցի գործարարները:- Ինչպես գիտեք, հոկտեմբերին իրանական պատվիրակության՝ Երեւան կատարած այցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն իսկ կազմակերպել էր Հայ-իրանական գործարար համաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցությամբ:Կարեւորելով երկկողմ տնտեսական հարաբերություններին առավել լայնամասշտաբ ընդգրկվածություն հաղորդելու անհրաժեշտությունը` պայմանավորվածություն ձեռք բերվեց նոյեմբերի 9-ին Թեհրանում կազմակերպել երկրորդ համաժողովը: Թեհրանում կազմակերպված համաժողովին մասնակցեցին ավելի քան 250 իրանցի եւ շուրջ 70 հայաստանցի գործարարներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտային եւ լոգիստիկ ծառայությունների, բանկային եւ խորհրդատվական ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտներից: Իրանցի գործարարների կողմից Հայաստանը դիտարկվում է որպես կամուրջ դեպի ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների ապրանքների եւ ծառայությունների շուկաներ: Մասնավորապես, միջոցառման շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվել Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում Հայաստանում իրանական (եւ օտարեկրյա այլ ներդրողների մասնակցությամբ) ներդրումային եւ առեւտրային ծրագրերին, որոնք նպատակաուղղված են ապրանքների եւ ծառայությունների արտահանմանը դեպի ԵԱՏՄ երկրներ: Մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով ռազմավարական նշանակություն ունի նաեւ երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացումը, եւ այս առումով միջոցառման ընթացքում խիստ կարեւորվեցին ինչպես արդեն մեկնարկած «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, այնպես էլ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը:- Փորձագետներից ոմանք պնդում են, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման կամ թուլացման հետ կապված դրական ակնկալիքները խիստ չափազանցված են, եւ այն որակական ազդեցություն չի գործի հայ-իրանական հարաբերությունների վրա: Ի՞նչ կարող եք ասել այս մասին: -Ակնհայտ է, որ իրանական շուկայի հնարավորությունները մեծ են: Պատժամիջոցերի դադարեցման կամ թուլացման ամենաընդգծված ակնկալիքն Իրանի վերադարձն է դեպի նավթի միջազգային շուկա, որը համակցված միջազգային վճարահաշվարկային համակարգի հասանելիության եւ Իրանի արտարժույթային ռեզերվների բացման եւ օգտագործման հետ անխուսափելիորեն ստեղծելու է որակական նոր հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար: Սակայն, ակնհայտ է նաեւ, որ հնարավորությունների եւ որակական փոփոխությունների համար, մասնավորապես հայաստանյան համատեքստում, անհրաժեշտ է ժամանակ եւ ջանք: - Համաժողովի ընթացքում ներկայացվել են ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի առեւտրային ռեժիմները: Որքանո՞վ են գրավիչ այս ռեժիմները իրանցի գործարարների համար: - Հայաստանում գործունեություն ծավալելով՝ արտոնյալ ռեժիմներից կարող են օգտվել նաեւ իրանցի մեր գործընկերները: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականություն եւ ունի առեւտրի արտոնյալ ռեժիմներ բազմաթիվ երկրների հետ: Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով անարգել կարող են մուտք գործել միության անդամ երկրների մոտ 170-միլիոնանոց սպառողական շուկա: Ունենք ազատ առեւտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչությամբ ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ: Միաժամանակ, Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) արտոնյալ ռեժիմից, ինչը նշանակում է՝ Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղչված կամ զրոյական մաքսատուրքերով մուտք՝ վերոնշյալ երկրների շուկա:Ներկայացվեցին նաեւ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող GSP+ կոչվող առեւտրային ռեժիմի առավելությունները, ինչն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների մուտքը ԵՄ 28 երկիր՝ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով: Իրանցի գործընկերների համար համագործակցության հարթակ կարող են դառնալ նաեւ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: Մեր երկրում գործում է երկու ազատ տնտեսական գոտի, որոնցից մեկն ունի բարձր եւ նորարարական տեխնոլոգիաների արտադրության եւ արտահանման, մյուսը` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ուղղվածություն: Հայաստանի ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի եւ մաքսատուրքի վճարման պարտավորություններից:- Համաժողովի արդյունքում կա՞ն արդեն պայմանավորվածություններ հայ եւ իրանցի գործարարների միջեւ, թե՞ համաժողովը միմյանց ծանոթանալու փորձ էր: - Այո, համաժողովի արդյունքում հայ եւ իրանցի գործարարների միջեւ արդեն իսկ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համագործակցության տարբեր ոլորտներում, օրինակ, ՏՏ ոլորտում ծառայությունների մատուցում, հայկական պլանշետների ու հեռախոսների արտահանում, ընդեղենի այգիների ստեղծում: Ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել այգիների հիմնադրման շուրջ:Ոսկերչության ոլորտում քննարկվում է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում իրանական ընկերության կողմից գործունեություն ծավալելու հնարավորությունը: Կա պայմանավորվածություն «ՌԱO Մարս» գործարանի տարածքում գտնվող ԱՏԳ-ում հիմնել պլաստիկ պալետների արտադրության կազմակերպման մասով: Աշխատանքներ են տարվում նաեւ ԱՏԳ-ում հաստոցների հավաքմամբ զբաղվող իրանական ընկերության գործունեության ծավալման ուղղությամբ: Պղնձի խտանյութի արտահանման հարցերը քննարկելու համար իրանական ընկերությունն առաջիկայում կայցելի Հայաստան: Կան պայմանավորվածություններ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրների բեռների դեպի Իրան տեղափոխման ու դեպի ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրներ արտահանման շուրջ:Հայաստանյան մեկ այլ ընկերություն քայլեր է ձեռնարկում Իրանում «Հայաստանի մասնավոր առեւտրի պալատ» ստեղծելու ուղղությամբ, որը կզբաղվի ՀՀ-ից Իրան եւ Իրանից ԵՏՄ երկրներ ապրանքատեսակների արտահանմամբ: - Յուրաքանչյուր տարի Հայաստան են այցելում մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ, սակայն նրանց այցելությունները հիմնականում տեղի են ունենում տարվա մեջ ֆիքսված ժամանակահատվածում: Քննարկվե՞լ են արդյոք զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: - Իրանը զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից կարեւոր երկիր է Հայաստանի համար: Գործում են կանոնավոր ավիաչվերթեր, ավտոբուսային երթուղիներ, իսկ հյուրանոցային, ժամանցային, մշակութային ենթակառուցվածքները լավագույնս ընդունում եւ ճանապարհում են մեր հարեւան երկրի զբոսաշրջիկներին: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը եւ հայկական տուրինդուստրիան լուրջ քայլեր են կատարում զբոսաշրջային ենթակառուցվածքներն ընդլայնելու, նոր զբոսաշրջային պրոդուկտներ ձեւավորելու նպատակով, ինչը հնարավորություն կտա ամբողջ տարվա ընթացքում ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունել Իրանից: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողների եւ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների այց կազմակերպել դեպի Հայաստան, իսկ հայկական տուրօպերատորներն Իրանում կմասնակցեն զբոսաշրջային ցուցահանդեսի: Այս ամենը կնպաստի, որ իրանցիներն ավելի լավ պատկերացում կազմեն Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալի մասին եւ ավելի շատ ձգտեն իրենց հանգիստը մեր երկրում անցկացնել:Արման Խաչատրյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը Tweet Դիտում՝ 6675