Ձկան խավիարը՝ Հայաստանի ապագա այցեքարտ

26.05.2015 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում ձկան խավիարի արտադրության բիզնեսը դեռ նոր է ձեւավորվում, սակայն բարձր որակի շնորհիվ հայկական խավիարն արդեն ճանաչելի է: Եթե արտադրության ծավալները մեծացվեն, արտասահմանյան շուկայում Հայաստանը կարող է հայտնի դառնալ ձկան խավիարով: 

Banks.am-ը Հայաստանում ձկան խավիար արտադրող ընկերությունների հիմնադիրներից փորձել է պարզել բիզնես դժվարություններն ու հեռանկարները:

Ձկնաբուծության ոլորտում արդեն մոտ 10 տարվա փորձ ունեցող «Չերքեզի ձոր» ընկերությունն արտադրում է իշխանի կարմիր եւ դեղին խավիար:

Գյումրիում հիմնված ընկերության տնօրեն Հմայակ Գեւորգյանը Banks.am-ին ասել է, որ մասնագիտացել են հիմնականում ինկուբացիոն ձկնարտադրության մեջ, որը ենթադրում է խավիարից մինչեւ մայրական կազմ ամբողջական ցիկլի ապահովում:

«Համապատասխան տեխնոլոգիական գործընթացներից հետո, մանրաձուկ ստանալու համար, մայրերից կթված խավիարի մի մասը վերամշակվում է որպես ուտելու խավիար: Կիրառում ենք նաեւ խավիար ստանալու մեկ այլ եղանակ՝ վաճառքի ենթակա ձուկը մաքրելուց հետո փառից ստացվում է ուտելու խավիարի հումքը»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց ստանդարտները համապատասխանում են ռուսականին:

Տնօրենի խոսքով՝ ընկերության խավիարի արտադրությունն առանձնանում է որակի կառավարման մենեջմենթով. «Խավիարի արտադրությունը պահանջում է կատարյալ ստերիլ պայմաններ եւ համապատասխան որակի հսկման մենեջմենթ: Խավիարի որակը կախված է նաեւ նրանից, թե ինչ ջրում է բուծվում ձուկը: Մենք աղբյուրի սառնորակ ջրում ենք բուծում, հետեւաբար, այդ ձկից ստացված խավիարը համային բարձր հատկանիշներ ունի»:

«Չերքեզի ձոր»-ի խավիարն հիմնականում իրացվում է ընկերության ռեստորանում, ներկայացված են նաեւ հայկական մի քանի մանրածախ ցանցերում: Փոքր քանակով արտահանում են Ռուսաստան:

«Մեր թիրախային շուկան ԵՏՄ երկրներն են: Արտադրության ծավալները դեռեւս բավարար չեն մեծ շուկաների համար, սակայն աշխատանքներ են տարվում ընդլայնելու եւ արտադրության ծավալները մեծացնելու ուղղությամբ»,- ասել է Հմայակ Գեւորգյանը:

Ընկերության արտադրած խավիարի 1 կգ-ը վաճառվում է 20 000 դրամով (+ԱԱՀ), իսկ սպառողական տարան կշռում է 140 գրամ եւ արժեքը 2800 դրամ է:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Հմայակ Գեւորգյանը նշել է, որ դրանք հիմնականում կապված են սպառման շուկայի հետ:

Հայկական խավիարի արտահանման լավ փորձ ունի «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունը, որն արդեն 15 տարի է՝ արտադրում է իշխանի կարմիր խավիար:

«Արքա ձուկ» ապրանքանիշով թառափի սեւ խավիարը 8 տարեկան է:

«Արքա ձուկ»-ի հիմնադիր տնօրեն Արկադի Գեւորգյանը Banks.am-ին ասել է, որ իրենց արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Դուբայ, Հունաստան:

«Մեր արտադրանքի որակը շատ բարձր է, քանի որ հայկական ձկնատեսակները մաքուր ջրերում են բուծվում: Ռուսական շուկան, որին ես առավել ծանոթ եմ, դրական վերաբերմունք ունի մեր խավիարի նկատմամբ: Կարծում եմ՝ զարգացումներ կլինեն»,- ասել է նա:

Արկադի Գեւորգյանի կարծիքով՝ հայկական խավիարը գնային առումով եւս մրցունակ է, եւ եթե ծավալները մեծացվեն, գները կարող են նվազել:

«Այն, որ Հայաստանում գնողունակությունը ցածր է, նորություն չէ: Հայկական շուկայում սպառում կա՝ 1 կգ-ը մոտ $700-800 արժե: Շուկայում էժան խավիար գոյություն ունի, բայց որակը ցածր է: Հայաստանում հիմնականում այդ խավիարն է սպառվում: Արտասահմանում ավելի բարձր գին են վճարում՝ բնականաբար որակյալ արտադրանք գնելով: Արտասահմանում մեր ընկերության արտադրանքի մեծածախ գները կարող են հասնել մինչեւ $1000-ի»,- ասել է նա:

Ըստ Արկադի Գեւորգյանի՝ արտասահմանյան շուկայում Հայաստանի խավիարը կարող է ճանաչելի լինել, եթե արտադրության ծավալները մեծանան. «Հայկական խավիարը կարող է ճանաչվել որպես հատուկ տարածաշրջանի հատուկ խավիար: Այցեքարտ կարող է լինել նաեւ խավիարի ստացման եղանակը, մենք խավիար արտադրում ենք կթելու եղանակով»:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, ըստ Արկադի Գեւորգյանի, խավիար արտադրելու համար մեծ գումարներ եւ ժամանակ է հարկավոր: Միաժամանակ, առկա է շուկան ընդլայնելու խնդիր:

Մարի Թարյան

Դիտում՝ 9935
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai