Ընթացիկ տարում Հայաստանում նախատեսվում է հյուրանոցային 10 համալիրի բացում, այդ թվում՝ 5-ը՝ մայրաքաղաք Երեւանում:Այս մասին Banks.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:Նրա խոսքով՝ ներկայում հյուրանոցային 2 համալիրի շինարարություն է ընթանում Հյուսիսային պողոտային հարակից տարածքում, որոնցից մեկը, նախնական բանակցությունների արդյունքով, հավակնում է ընդգրկվել միջազգային Accor հյուրանոցային խմբում: Այդ դեպքում այն կլինի միջինից բարձր դասի՝ 3-4-աստղանի հյուրանոց:«Եւս մեկ հյուրանոց էլ կառուցվում է Ավան վարչական շրջանում, որն էլ հավակնում է դառնալ Wyndham միջազգային հյուրանոցային խմբի անդամ: Հյուրանոցային համալիրների ակտիվ շինարարական աշխատանքներ են տարվում նաեւ Կրկեսի եւ Գրողների միության շենքերի մոտ: Շինարարական աշխատանքների ընթացքից է կախված՝ թվարկված հյուրանոցների բացումն այս տարի կլինի, թե՝ ոչ»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:Հյուրանոցների սեփականատերերի անունները էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը չի հստակեցրել՝ նշելով, որ իրեն եւս դրանք հայտնի չեն:Միաժամանակ՝ նա տեղեկացրել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում Երեւանում մի շարք այլ հյուրանոցների կառուցման վերաբերյալ, որոնք դեռ հստակեցման փուլում են: «Արդեն իսկ պատրաստ է «Ռեժինե» հյուրանոցի նոր մասնաշենքը, որը բացված չէ, սակայն արդեն իսկ պատվերներով հագեցած է»,- ասել է նա:Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ ներկայում Հայաստանում հյուրանոցային տնտեսությունների պահանջարկ կա, «խնդիրը դրան դիմակայելու մեջ է»:«Պահանջարկ կա, որին բավական արագ արձագանքում են մեր մասնավոր հատվածի ներդնողները: Այս առումով պետությունն էլ իր հերթին ստեղծել է բարենպաստ ներդրումային միջավայր: Մասնավորի արձագանքը վկայում է գործընթացի հաջողության մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանում ընթացող ակտիվ հյուրանոցաշինությունն օգնում է ժամանակին առաջարկ ձեւավորվելը, ինչը, նրա խոսքով, դրական է ազդում ե՛ւ բիզնեսի, ե՛ւ երկրի իմիջի ու զբոսաշրջության զարգացման վրա:Ներկայում Հայաստանում գործում է 330-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնք, ընդհանուր առմամբ, ապահովում են 10 հազ. հյուրանոցային համար՝ շուրջ 20 հազ. ննջատեղով: «Սրանում ներառված չեն զբոսաշրջային տները, որոնք հիմնականում մարզերում են` շուրջ 200 օբյեկտ: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, մեծ թափով զարգանում է նաեւ զբոսաշրջային վարձով բնակարանների մշակույթը»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:Նրա խոսքով՝ 2000-ից սկսած Հայաստանում ամեն տարի զբոսաշրջության աճ է արձանագրվել: Վերջին տարիներին աճը յուրաքանչյուր տարվա կտրվածքով շուրջ 10% է, ինչը բացարձակ թվով 100 հազ. զբոսաշրջիկից ավելի է:«2014թ. Հայաստան է այցելել 1 մլն 203 հազ. զբոսաշրջիկ, ինչը 11%-ով գերազանցում է 2013թ. ցուցանիշը: Այս տարի եւս 10% աճ ենք նախատեսում, ինչը ենթադրում է եւս 100 հազ. զբոսաշրջիկով աճ՝ լայն աշխարհագրությամբ»,- ասել է նա:Ի դեպ, արտաքինից բացի՝ աճել են նաեւ ներքին զբոսաշրջության ծավալները:«2014թ.՝ նախորդ տարվա համեմատ, 28.4% աճ է արձանագրվել ներգնա տուրիզմի բնագավառում, ինչը բացարձակ թվով կազմում է 190 հազ.»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:2000-ը մեկնարկային տարի է համարվում հայաստանյան զբոսաշրջային ոլորտի վիճակագրության համար: Այդ տարի Հայաստանում գործել է 3-4 հյուրանոց, բոլորը՝ Երեւանում: 2000-ից ի վեր, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով, Հայաստան է այցելել 45 հազ. զբոսաշրջիկ: Ընդ որում՝ 2014թ. նրանց թիվն ավելացել է ավելի քան 26 անգամ: Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 10784