Սեւակ Սարուխանյան. Պատժամիջոցների վերացումը հայ-իրանական կապերի վրա էապես չի ազդի

16.04.2015 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Իրանագետ, Ջորջթաունի համալսարանի հրավիրված գիտաշխատող Սեւակ Սարուխանյանի հարցազրույցը Banks.am կայքին

- Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կամ թուլացումը ինչպե՞ս կարող է ազդել հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների վրա: Պարզ ասած` ի՞նչ հնարավոր չէր անել պատժամիջոցների պայմաններում:

- Պատժամիջոցների դադարեցման կամ թուլացման հետ կապված դրական ակնկալիքները խիստ չափազանցված են. այն որակական ազդեցություն չի գործի հայ-իրանական հարաբերությունների վրա:

Պատճառն այն է, որ պատժամիջոցները վերաբերել են իրանական տնտեսության չորս հիմնական հատվածի` նավթ, ապահովագրություն, տեխնոլոգիաներ (այդ թվում՝ սպառազինություն), ինչպես նաեւ ֆինանսական տրանզակցիաներ: Բացի ֆինանսական սեկտորից՝ հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունն այս ոլորտներից ոչ մեկին չի վերաբերել: Մենք Իրանից նավթ եւ նավթամթերք չենք ներկրել: Ապահովագրական ոլորտն առաջին հերթին վերաբերել է իրանական նավթային նավատորմին: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական համագործակցությանը, ապա Հայաստանը գրեթե ոչինչ չի արտահանել Իրան, առավել եւս` սպառազինություն:

Հայաստանի տնտեսության միակ սեկտորը, որը կարող է շահել պատժամիջոցների դադարեցումից, անասնաբուծությունն է: Հայաստանից Իրան ոչխարի մսի արտահանման ծավալները կտրուկ կրճատվել են հենց պատժամիջոցների պատճառով. դրանք նախ հանգեցրին իրանական ռիալի արժեզրկմանը, ինչի արդյունքում ոչխարի միսն իրանական շուկայում դոլարային համարժեքով էժանացավ 40%-ով: Այնուհետեւ սկսվեց արտարժույթի դեֆիցիտ. արտարժույթով իրանցիները վճարում էին Հայաստանից եւ այլ երկրներից ներկրվող ապրանքների դիմաց, ինչը նույնպես բացասաբար անդրադարձավ Իրան մսի արտահանման վրա: Իրանում արտարժութային ճգնաժամի ավարտից հետո, ինչը տեղի կունենա պատժամիջոցների դադարեցման արդյունքում, այս սեկտորը կվերականգնի իր դիրքերը:  

- Իսկ որքանո՞վ պատժամիջոցներն ազդեցին Հայաստանի եւ Իրանի բանկային ոլորտների վրա:

- Ազգեցությունը զգալի չէր, չնայած որ կարող էր լինել: ԻԻՀ-ի դեմ ֆինանսական պատժամիջոցների փաթեթի ընդունումից հետո իրանական բանկերը եւ ֆինանսական խմբերը ձգտում էին դուրս գալ տարածաշրջանային ֆինանսական շուկաներ, որպեսզի դրանց միջոցով խուսափեն պատժամիջոցներից: 2012թ. ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի որոշ անանուն աղբյուրների միջոցով ինֆորմացիայի արտահոսք տեղի ունեցավ, ըստ որի՝ իրանական կողմը շահագրգռվածություն էր հայտնել հայկական երկու բանկում մասնաբաժին գնելու հարցում` դրանց միջոցով դեպի միջազգային շուկաներ ելք ստանալու նպատակով:

Սակայն այդ փորձերը կանխվեցին, ինչը միանգամայն սպասելի էր` հաշվի առնելով հայկական ֆինանսական հատվածի կախվածությունը միջազգային ֆինանսական ինստիտուտներից:

Մինչդեռ այլ երկրներում Իրանին հաջողվեց իրականացնել իր ծրագրերը, առաջին հերթին` Իրաքում եւ Թուրքիայում, որոնք դարձան դեպի Իրան արտարժույթի հոսքի, ինչպես նավթի եւ ոսկու ապօրինի առեւտրի հիմնական «կետերը»: Մինչ օրս Թուրքիայում չի մարում թուրք-իրանցի գործարար Ռեզա Զարրաբի շուրջ սկանդալը, որը, շրջանցելով պատժամիջոցները, թուրքական ֆինանսական հաստատությունների միջոցով Իրանի համար «լվացել» էր շուրջ $50 մլրդ դոլար: Սակայն Զարրաբը գործել էր Էրդողանի կառավարության հետ միասին, ինչը նրան մեծ ազատություն էր տվել:

Հայաստանն իրանական ապօրինի կապիտալի լվացման գոտու վերածելու հեռանկարն անհնար էր, քանի որ երկրի ֆինանսական շուկաների ծավալը փոքր է, եւ բացակայում են զգալի քաղաքական ռեսուրսներ` նման գործունեությանն աջակցելու համար:

- Կարծիքներ են հնչել, որ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը, այդ թվում՝ Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի կառուցումը, նույնպես փաստացիորեն ձգձգվում էր պատժամիջոցների պատճառով: Որքանո՞վ են այս կարծիքներն արդարացի:

- Դրանք միաժամանակ եւ՛ արդարացի են, եւ՛ ոչ: Հասկանալի է, որ ՀԷԿ-ի կառուցման համար Իրանին անհրաժեշտ է ազատ կապիտալ, որը երկրում չկա մակրոտնտեսական խոր ճգնաժամի պատճառով: Սակայն դրանից չի հետեւում, որ այդ ռեսուրսների հայտնվելուց հետո Իրանը դրանք կներդնի նախագծի իրագործման համար: Այսպես ասենք` պատժամիջոցների դադարեցումից հետո իրանցիները ֆինանսապես հնարավորություն կունենան ներդրում կատարել նախագծի համար, սակայն գործնականում այդ հեռանկարը կախված կլինի մի շարք հանգամանքներից, առաջին հերթին` քաղաքական: Որքանով Իրանը քաղաքականապես շահագրգռված կլինի պատժամիջոցների դադարեցումից հետո այդ նախագիծն իրականացնելու եւ գլոբալ տնտեսություն վերադառնալու` հայտնի չէ: Առավել եւս, որ Թեհրանը սկսել է վերանայել իր քաղաքականությունը էլեկտրաէներգիայի ոլորտում. եթե առաջ սպառման ծավալների աճը նախատեսվում էր ապահովել նոր հզորությունների կառուցման միջոցով, ապա այժմ էներգետիկ քաղաքականության հիմնաքարը դառնում է եղած հզորություններում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը:

- Վերջերս Մեդիամաքսին տված իր հարցազրույցում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ասաց, որ էլեկտրաէներգետիկ տարանցիկ միջանցքի հարավային ուղղությունը «շատ հետաքրքիր եւ հեռանկարային է` անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծման դեպքում»: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ են արդյոք Հայաստանը, Իրանը եւ Վրաստանը, պատժամիջոցների դադարեցման դեպքում, իսկապես զբաղվել այս եւ եռակողմ այլ նախագծերով:

- Իհարկե, կարող են: Սակայն դրա համար իրավական հարցերից բացի՝ անհրաժեշտ է լուծել մի շարք գործնական հարցեր, որոնք ուղղակիորեն կապված չեն պայմանագրային բազայի բացակայության հետ: Խոսքը վերաբերում է Իրանի եւ Հայաստանի միջեւ բարձր լարման նոր էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) կառուցմանը, որը ձգձգվում է, չնայած որ այդ նախագծի իրականացումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի (կամ պետք է ունենա):

Առանց բարձր լարման ԷՀԳ-ի՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում հայ-վրացական համագործակցության ոչ մի զարգացում չի կարող տարանցման եռակողմ ձեւաչափ ստեղծել, քանի որ Հայաստանի եւ Իրանի համակարգերի միջեւ փոխանակման հնարավորություններն այսօր գրեթե ամբողջովին գործի են դրված եւ զգալի լրացուցիչ բեռ վերցնել չեն կարող:

Կցանկանայի հատուկ նշել, որ Իրան-Հայաստան գազատարի գործարկումից հետո հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը որեւէ նոր զարգացում չի ապահովել, ինչը, իմ կարծիքով, շատ վատ է: Քանի դեռ Իրանը փակ է եւ քաղաքականապես շահագրգռված տարածաշրջանային հարեւանների հետ կապերը ամրապնդելու` թեկուզեւ տնտեսապես ոչ շահավետ նախագծերի միջոցով, պետք է օգտվել դրանից: Չէ՞ որ այն բանից հետո, երբ իրանական գազը մուտք կգործի եվրոպական շուկա, իսկ Իրանը կսկսի «մեծ խաղը» միջազգային էներգետիկ ասպարեզում, Հայաստանի հետ նոր բարձր լարման ԷՀԳ-ի կամ համատեղ ՀԷԿ-ի կառուցման կարգի նախագծերը նրան ուղղակի այլեւս հետաքրքիր չեն լինի:

- Կարո՞ղ է արդյոք պատժամիջոցների դադարեցումը Իրան-Հայաստան գազատարի համար նոր հեռանկար բացել, թե՞ այդ հարցը ամբողջովին էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական պայմանավորվածությունների շրջանակում է:

-  Չեմ կարծում, քանի որ տեխնիկապես Հայաստանը, Ռուսաստանից եկող գազատարի գործելու պայմաններում, իրանական գազի մեծածավալ ներկրման կարիք չունի: Շատ խոսակցություններ կան այն մասին, որ մենք կարող ենք իրանական գազն ավելի ցածր գնով գնել, քան ռուսականը, սակայն դրանք ընդամենը տեսական ենթադրություններ են: Իրանը ոչ մեկին դեռ էժան գազ չի վաճառել: Իրանական տարանցման ապագայի համար ռազմավարական  նշանակություն ունեցող այնպիսի երկիր, ինչպես Թուրքիան է, ստիպված է ամիսներ ծախսել իրանցիների հետ բանակցությունների վրա՝ 10% զեղչ ստանալու համար:

Իմ կարծիքով` հենց «Գազպրոմ»-ի համար է շահավետ Իրան-Հայաստան գազատարի առավելագույն օգտագործումը, քանի որ Հայաստանում $189-ով վաճառվող ռուսական գազը (չխոսելով Վրաստանին տարանցման համար թողնվող աստղաբաշխական 10% գազի մասին), կարող է միջազգային շուկաներում շատ ավելի թանկ վաճառվել:

Այնպես որ ցածր գնի իրական հեռանկարի հայտնվելու դեպքում իրանական գազը կարող է փոխարինել ռուսականին՝ հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ: Եթե դա տեղի չի ունենում, նշանակում է, որ նման հեռանկար չկա:

Միաժամանակ, օբյեկտիվ պատճառներով Իրանից գազի լրացուցիչ ծավալներ ստանալու անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կարող է առաջանալ Մեծամորի ԱԷԿ-ի փակվելուց հետո: Եթե փակվելուց հետո էլեկտրաէներգիայի պահանջարկը ապահովվի նոր ՋԷԿ-երի կառուցման միջոցով, ապա Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պարզապես չի կարողանա մատակարարման ծավալների աճի «տակից դուրս գալ»: Գազատարը, հատկապես նրա վրացական հատվածը, վատ, իսկ տեղ-տեղ` ողբալի վիճակում է: Վրաստանը նվազագույն միջոցներ է ներդնում գազատարի վերանորոգման եւ անվտանգության համար, ինչը կարող է Իրան-Հայաստան գազատարի թողունակության մեծացմանն այլընտրանք չթողնել, այդ թվում՝ հայկական գազատրանսպորտային համակարգի ռուսական սեփականատիրոջի համար:  

- Լոզանյան հանդիպման արդյունքում Երեւանում հնչեցին նաեւ հոռետեսական կանխատեսումներ: Մասնավորապես, խոսվում էր, որ պատժամիջոցների դադարեցումը կհանգեցնի իրանական նավթի մատակարարման ծավալների ավելացմանը, եւ, որպես հետեւանք, նավթի միջազգային գների էլ ավելի նվազմանը եւ Ռուսաստանի` Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերոջ տնտեսության նոր թուլացմանը: Ի՞նչ կարող եք ասել այս թեմայով:

- Նավթն այն ապրանքն է, որի գինը որոշվում է ոչ միայն արդյունահանման եւ սպառման ծավալներով, այլեւ աժիոտաժով: Պատժամիջոցների դադարեցումը նոր աժիոտաժ կբարձրացնի շուկայում, եւ գները կընկնեն, սակայն դա ժամանակավոր բնույթ կկրի: Դա մի քանի պատճառ ունի:

Առաջինը` ոչ ոք հավաստի տեղեկություն չունի, թե որքան նավթ է Իրանը իրականում արտահանել պատժամիջոցների կիրառման շրջանում: Իրանի նավթի նախարարության հնչեցրած տվյալները մի բան են ասում, իրականությունը` մեկ այլ: Իրանա-իրաքյան սահմանի փաստացի բացակայության, ինչպես նաեւ նավթով հարուստ իրանական Խուզեստան նահանգի` Իրաքին սահմանամերձ լինելու պայմաններում, իրանական նավթի զգալի ծավալներ միջազգային շուկա էին հասնում իրաքյան նավթի անվան ներքո: Պատժամիջոցների դադարեցումից հետո դրանք կշարունակեն հասնել շուկա, սակայն արդեն որպես իրանական նավթ, ինչը ծավալների տեսանկյունից ոչինչ չի փոխում:

Երկրորդը` իրանական հորատանցքերը տեղ-տեղ սարսափելի վիճակում են եւ չեն կարող արդյունահանման կտրուկ աճ ապահովել: Իրանական հորատանցքերի 80%-ը մշակված է մինչեւ Իսլամական հեղափոխությունը: Վերջին տարիներին լուրջ ներդրումներ չեն արվել դրանք պահպանելու եւ զարգացնելու համար: Իրանն այսօր առերեսված է ոչ թե միջազգային նավթային շուկան գրավելու, այլ իր դիրքերն այդ շուկայում պահպանելու խնդրին, ինչը առանց ֆինանսական եւ տեխնոլոգիական զգալի ներդրումների՝ անհնար է: Այդ պատճառով, միջազգային շուկա լիարժեք վերադառնալու համար Իրանին անհրաժեշտ է 5-10 տարի եւ, տարբեր հաշվարկներով, $50-150 մլրդ-ի ներդրում:

Սեւակ Սարուխանյանի հետ զրուցել են Արա Թադեւոսյանը եւ Խորեն Օրմանյանը

Դիտում՝ 2785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW