Վարդան Խաչատրյան. Հայաստանն՝ ի դեմս Arca-ի, պետք է ունենա հուսալի ազգային վճարային համակարգ
04.04.2025 | 09:57
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս



- Armenian Card (Arca) ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Ինչպիսի՞ ճանապարհ է անցել ընկերությունը եւ ո՞րն է այս տարիների ամենամեծ ձեռքբերումը:
- Հայաստանի Հանրապետությունն այն բացառիկ երկրներից մեկն է աշխարհում, որ 25 տարի առաջ ստեղծեց ազգային վճարային համակարգ: Այն սկսեց իրականացնել քարտային վճարումների միասնական սպասարկում ՀՀ բանկերի համար։
Arca-ն ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) եւ առեւտրային բանկերի կողմից: ԿԲ-ն եւ թվով 16 առեւտրային բանկ ներկայումս էլ շարունակում են մնալ մեր բաժնետերերը:
Ընկերությունն աշխատանքը սկսել է Arca քարտերի թողարկումից, այնուհետեւ ապահովել նաեւ տարբեր միջազգային քարտային համակարգերի սպասարկումը ՀՀ-ում, դարձել է Mastercard համակարգի լիիրավ անդամ: Այս պահին Arca-ն սպասարկում է գրեթե բոլոր միջազգային վճարային համակարգերի քարտերը մեր անդամ բանկերի համար:
Այս 25 տարվա ընթացքում քարտերի թողարկումը եւ դրանց սպասարկումն ուղեկցվել է վճարային նոր տեխնոլոգիաների ներմուծմամբ, դրանք են քարտերով անհպում վճարումները, Apple Pay եւ Google pay համակարգերի ներդնում եւ այլն։
Arca-ն այս տարի ունենալու է նաեւ միասնական QR համակարգ։ Այն ներդրվելու է մեր բոլոր մասնակիցների համար՝ հավասար մրցակցային պայմաններով: Միջազգային լավագույն լուծումները առաջարկելու ենք մեր անդամ բոլոր բանկերին, նույնիսկ ոչ անդամ բանկերին եւ ֆինանսական կազմակերպություններին։
- Ի՞նչ գործոններ են նպաստել ձեր կայուն եւ հաջող գործունեությանը, ինչպե՞ս է հաջողվել համընթաց քայլել ֆինանսական ոլորտի փոփոխությունների հետ:
- Իրականում այդ ամենի մեջ իր մեծ դերն է ունեցել եւ շարունակում է ունենալ մեր թիմը: Թիմի յուրաքանչյուր անդամ իր մեծ ներդրումն է ունենում մեր զարգացման համար: Առանց շարունակաբար կրթվելու եւ թիմային ոգու՝ ընկերությունը հնարավորություն չէր ունենա հասնելու այն նպատակներին, ինչին որ հասել է: Այսօր էլ, այն նպատակները, որոնց ընկերությունը պատրաստվում է հասնել, առաջնային հենվում է թիմի, անձնակազմի վրա: Մեզ համար ամենամեծ հենասյունը նրանք են:
Մեր ուշադրության կենտրոնում են վճարային կամ բանկային համակարգերի միջազգային բոլոր զարգացումները եւ փորձում ենք հնարավորինս արագ, հնարավորինս լավագույն տարբերակով բերել Հայաստան եւ բանկերի միջոցով մատուցել մեր քաղաքացիներին։
- Որո՞նք էին ամենամեծ մարտահրավերները, որոնց հանդիպել եք եւ ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել դրանք:
- Մարտահրավերներից այս պահին կառանձնացնեմ կորոնավիրուսի տարիները: Մարտահրավեր ասվածը շատերի մոտ բացասական ընկալում ունի, բայց այն նաեւ իր դրական ազդեցությունն է ունեցել: Այդ ժամանակահատվածը նպաստեց ինտերնետ վճարումների ծավալների կտրուկ աճին, ինչի արդյունքում ունեցանք մի շարք անելիքներ, որոնք ընկերության համար մի քիչ անկանխատեսելի էին, բայց կարողացանք ադապտացվել իրավիճակին եւ առաջ շարժվել:
Կուզեմ անդրադառնալ նաեւ 2022 թվականին անկանխիկի մասին ընդունված օրենքին, երբ պետությունում շատ կարճ շրջանում արագ տեմպերով աճեցին անկանխիկ վճարումները: Ոլորտներ եղան, որտեղ ընդհանրապես սահմանափակվեց կանխիկի վճարումը։ Օրենքի ընդունումից հետո հսկայական աճ տեղի ունեցավ:
Ներկայիս մարտահրավերից մեկն էլ, որին մենք այսօր առերեսվում ենք, միջազգային շուկաների այն տենդենցն է, որ տարբեր տեղերում զարգանում են լոկալ, ոչ քարտային վճարային համակարգերը: Մենք փորձում ենք դրան համահունչ քայլել՝ ինչի նպատակով էլ գործարկել ենք ArcaPay ակնթարթային վճարումների համակարգը: Սրա շրջանակում սկսել ենք համագործակցություն նախաձեռնել շուրջ 4-5 երկրի 6-7 մասնավոր ֆինանսական եւ ազգային վճարային համակարգերի հետ։ Հուսով ենք՝ այս տարի որոշների հետ արդեն տարեվերջում կունենանք աշխատող նախագծեր:
- ArcaPay նորարար պրոդուկտը գործարկվեց նախորդ տարվա աշնանը: Կնշե՞ք ArcaPay-ի առավելությունները:
- ArcaPay-ը առավելություններ ունի ե՛ւ փոխանցող, ե՛ւ ստացող կողմերի համար: Փոխանցող կողմի համար առավելություններից կնշեմ այն, որ պետք չէ հավաքել բանկային հաշվեհամարին ամբողջությամբ, պետք չէ մի շարք տեղեկատվություն լրացնել փոխանցման փաստաթղթի մեջ, պետք է զուտ ստացող կողմի հեռախոսահամարն իմանալ եւ երկու կարճ հպման արդյունքում գումարը ուղղակել նրան:
Ստացող կողմի համար հիմնական առավելությունն այն է, որ փոխանցված դրամական միջոցները անմիջապես հասանելի են դառնում իրեն՝ վայրկյանների ընթացքում։ Մենք ունենք ավանդական հաշիվների միջեւ փոխանցման համակարգ, որ տեղի է ունենում երկար, նվազագույնը 1 օրվա ընթացքում, իսկ ArcaPay-ի միջոցով փոխանցվող գումարը ստացողին հասանելի է դառնում ակնթարթի ընթացքում:
Ինչ վերաբերում է միջնորդավճարին՝ այն էական նվազ է այլ փոխանցման գործիքների համեմատ։
Նշեմ, որ ArcaPay համակարգն այս պահին գործում է ֆիզիկական անձանց հաշիվների միջեւ փոխանցման համար, բայց այս տարի այն կգործի նաեւ իրավաբանական անձանց հաշիվների միջեւ փոխանցումների համար՝ կրկին ակնթարթային:
- Arca վճարումների համակարգն ինչպե՞ս է արձագանքում պատահարներին եւ դրանց կառավարման համար ի՞նչ մեխանիզմներ է ներդնում:
- Ընկերությունը պատահարների կառավարման մասով իրականացնում է ամենօրյա, 24-ժամյա մոնիթորինգ: Լինում են օրեր, րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, որոնք ցավոտ են լինում, քանի որ դրանց ընթացքում տեղի են ունենում խափանումներ եւ բանկոմատների, քարտային վճարումների հետ կապված անհասանելիություններ:
Պատահարների պատճառներ հիմնականում դառնում են վերազինումները, ծրագրերի թարմացումները։ Փորձում ենք վերազինման աշխատանքներն իրականացնել հնարավորինս այն պասիվ ժամերին, որոնք նվազագույնի կհասցնեն մեր քաղաքացիների եւ տնտեսվարողների դժգոհությունները, սակայն լինում են դեպքեր, որ չենք կարողանում դրանցից խուսափել: Ներողամտություն ենք հայցում մեր քաղաքացիներից, հասկանում ենք, որ նույնիսկ այդ մեկ րոպեն, կես րոպեն իր բացասական ազդեցությունն է թողնում:
Համակարգի անընդհատությունը ապահովելու նպատակով այս տարվա ընթացքում ամբողջությամբ կգործարկենք տվյալների երկրորդ միասնական կենտրոնը, որը կապահովի ավելի մեծ ծավալի թողունակություն եւ կապահովվի անընդհատության բարձր մակարդակ: Առաջիկայում կներդրվի նաեւ պատահարների կանխարգելման ու մոնիթորինգի նոր գործիքակազմ:
Ուզում եմ նշել, որ վերջին 6 ամսվա տվյալներով, չնայած, որ ունեցել ենք թե՛ համակարգային, թե՛ ոչ համակարգային խափանումներ, մեր հասանելիությունը եղել է 99,89% -ով։ Հիմա մեր առավելագույնն ենք անում, որ համակարգի հասանելիությունը դարձնենք միջազգային լավագույն փորձին հավասար, այսինքն՝ 99,99 %:
- Առաջիկայում զարգացման ի՞նչ նպատակներ ունեք եւ ի՞նչ դեր է խաղալու թվայնացումն այդտեղ:
- Եթե խոսենք թվայնացման դերի մասին մեր զարգացման ճանապարհին, ապա պիտի նշեմ, որ Arca-ն ինքը ի սկզբանե հենց թվային ընկերություն է եղել: Մենք հիմա ոչ թե թվային փոխակերպման խնդրի առաջ ենք կանգնած, այլ՝ մտածելակերպի ու բիզնեսի փոխակերպման լուծումների: Այսինքն՝ մենք փոխակերպում ենք մեր բիզնեսը: Ինչպես ժամանակին Netflix-ը վարձույթից դարձավ «ինտերնետ սթրիմինգ», իր պրոդուկտը թողեց նույնը, բայց մատուցման եղանակը փոխեց: Հիմա մենք, քանի որ ի սկզբանե թվային ենք, պարզապես փոխակերպում, ադապտացնում ենք մեր բիզնես ուղղությունները թե՛ տեղական, թե միջազգային շուկայում գործող մարտահրավերներին:
Մեր ընկերության գերնպատակը համակարգի անընդհատությունն ու թողունակությունը բարձր պահելն է՝ այլ երկրներում ներդրված վճարային լավագույն լուծումներին համահունչ: Նպատակ ունենք նաեւ մեր ուժերով ստեղծել նորարարական վճարային լուծումները, այսինքն՝ լինենք ոչ միայն ձեռք բերող, այլեւ ստեղծողի դերում:
Այս ամենի հիմքում ընկած է այն գաղափարը, որ Հայաստանն՝ ի դեմս Arca-ի, պետք է ունենա հուսալի եւ նորարար ազգային վճարային ենթակառուցվածք:
- Եվ վերջում՝ որո՞նք են այն կարեւորագույն արժեքները, որ պահպանում եք ընկերության գործունեության մեջ:
- Arca-ի որդեգրած արժեքներն են թափանցիկությունը, հուսալիությունը, նորարարությունը եւ ազնվությունը: Թե՛ թիմի ներսում, թե՛ մեր հաճախորդների եւ շահառուների հանդեպ մենք առավելագույնս թափանցիկ ենք, ազնիվ ու շարունակելու ենք այդ արժեքները պահպանել:
Մեր ընկերությունն արդեն 25 տարեկան է, ունի մեծ եւ հարուստ ժառանգություն, սա արժեք է, ինչը պահպանելով՝փորձում ենք համալրել նոր մարդկային կապիտալով եւ նոր գիտելիքներով: Այսինքն՝ տարիների ընթացքում ստեղծված արժեքները նոր մոտեցումների հետ ենք ուզում ինտեգրել, որի արդյունքում կկարողանանք դիմակայել շուկայի մարտահրավերներին, վերափոխելով մատուցվող ծառայությունների որակը, որոնք պետք է ծառայեն ի շահ մեր տնտեսությանն ու քաղաքացիներին:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: