Պարտադիր աուդիտի պահանջի վերացման «կողմ»-երն ու «դեմ»-երը

13.04.2015 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2014թ. մայիսից «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում խոշոր կազմակերպությունների համար հանվել է պարտադիր աուդիտի պահանջը: Banks.am-ը փորձել է պարզել՝ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունեցել ոլորտում օրենքի փոփոխությունը:

Աուդիտի պահանջը վերականգնման կարիք ունի

«Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը կարծում է, որ սկզբնական փուլում «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումը բոլորի կողմից ողջունելի էր:

«Նախատեսվող փոփոխությունները շատ կարեւոր եւ տեղին էին, սակայն խնդիր կար օրենքում առկա թերությունների հետ, որոնց համատեքստում այն ճիշտ չընկալվեց: Ֆինանսների նախարարության կողմից` որպես ոլորտը վերահսկող մարմին, խիստ մոտեցում չցուցաբերվեց աուդիտորական գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունների որակի վերահսկողության նկատմամբ, իսկ նոր կառավարությունը խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի  անհրաժեշտության վերաբերյալ վերապահումներ ունեցավ, եւ, ի վերջո, այս պահանջը ուժը կորցրած համարվեց»,- ասում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Նա նշում է, որ 1998-ից Հայաստանում իրականացվել են տարբեր ծրագրեր, որպեսզի հայկական կազմակերպություններն իրենց հաշվապահությունը վարեն միջազգային ստանդարտների համաձայն, եւ այս ընթացքում ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները գրեթե ամբողջովին մոտեցվել են միջազգայինին: Նա անհրաժեշտ է համարում շարունակել ոլորտում սկսված բարեփոխումները:

«Այսօր մենք հայտնվել ենք մի անհասկանալի իրավիճակում: Չկա մի իրավասու մարմին, որը պահանջի կազմակերպություններից հաշվապահությունը վարել ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով: Կարծում եմ` կառավարությունը ամենից շահագրգիռ կողմը պետք է լինի՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Գտնում եմ, որ հատկապես խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտի պահանջը շատ կարեւոր է եւ այն պետք է վերականգնել»,- ասում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Նա հավելում է, որ ներկայում ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ բարեփոխումների ծրագիր է իրականացնում, որով նախատեսվում է պարտադիր աուդիտ իրականացնող ընկերություններին տրվող լիցենզիայի համար ստանդարտները խստացնել: Բարեփոխման նախագծային տարբերակի համաձայն` պարտադիր աուդիտի գաղափարը պետք է վերականգնվի նոր ձեւով ու շարադրանքով:

Պարտադիր աուդիտն ու ստվերի կրճատումը

«Գրանթ Թորնթոն»-ի տնօրենը նշում է, որ ստեղծված իրավիճակում աուդիտորական կազմակերպությունները հեշտությամբ են լիցենզիա ստանում, եւ, օրինակ, երեք աշխատող ունեցող ընկերություններն իրավունքն են ունենում աուդիտ իրականացնել եւ «եզրակացություն վաճառել» բավական մատչելի գնով:

Գագիկ Գյուլբուդաղյանի խոսքով` պարտադիր աուդիտն այն կարեւոր գործոններից մեկն է, որ կնպաստի խոշոր ընկերություններին դուրս գալ ստվերից դեպի թափանցիկ գործունեության ոլորտ:

Հարցի լուծման համար նա կարեւորում է պետության կողմից զգոն վերահսկողության իրականացումը, որով կսահմանվեն չափանիշներ հանրային նշանակության ընկերություններում պարտադիր աուդիտի իրականացման իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների համար:

«Հանրությունն իրավունք ունի տեղյակ լինել կարեւոր նշանակություն ունեցող կազմակերպությունների ֆինանսական իրավիճակից, ինչպես բանկային համակարգի պարագայում է»,- նշում է Գագիկ Գյուլբուդաղյանը` հավելելով, որ նման կազմակերպություններում պարտադիր աուդիտ կարող են անել այն աուդիտորական ընկերությունները, որոնք ունեն նվազագույնը 10 որակավորված աուդիտոր, 400 մլն դրամի չափով մասնագիտական ռիսկի ապահովագրություն, անձնակազմի վերապատրաստման համար բավարար ռեսուրսներ:

Մեր զրուցակցի խոսքով` այսօր Հայաստանում կա այս պահանջներին համապատասխանող 10-12 կազմակերպություն:

«Շատ կարեւոր է նաեւ աուդիտորական պալատի հիմնումը, ինչի համար արդեն իսկ քայլեր են արվում: Կարծում եմ, որ խոշոր աուդիտորական կազմակերպությունները պետք է դառնան աուդիտորական պալատի անդամ, եւ ամեն տարի պալատի կողմից, միջազգային ստանդարտների համաձայն, անցնեն որակի ստուգում»,- ասում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Պահանջի վերացումն ու լիցենզիայի ստանդարտների խստացումը

ՀԲ-ի կողմից 2013-2014 թթ. իրականացված First ծրագրի շրջանակում աուդիտորական գործունեության եւ հաշվապահական հաշվառման բնագավառում ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության ծրագիր՝ առաջիկա 8 տարիների իրագործման համար:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը սակայն նշում է, որ այս ծրագրով չի նախատեսվում պարտադիր աուդիտ իրականացնող ընկերություններին տրվող լիցենզիայի ստանդարտների խստացում:  

Իսկ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ի պատասխան Banks.am-ի հարցման, նշում է, որ օրենքում կատարված փոփոխությունը չի կարող ազդել խոշոր կազմակերպությունների աշխատանքի թափանցիկության վրա:

«Նույն օրենքի մեկ այլ կետով սահմանվում է, որ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունները պետք է այն հրապարակեն մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հուլիս ամսվա 1-ը:  Հետեւաբար` խոշոր կազմակերպությունները շարունակում են հրապարակել ֆինանսական հաշվետվությունները, սակայն առանց աուդիտորական եզրակացության»,- ասում է ֆինանսների փոխնախարարը:

Նա նկատում է, որ հաշվետվությունը հրապարակելու պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը բավական ընդգրկուն է, որոնց թվում են ԲԲԸ-ները, հիմնադրամներնը եւ բանկային ու ֆինանսական ոլորտի կազմակերպությունները:

Banks.am-ը փորձել է նաեւ պարզել՝ կվերականգնվի՞ արդյոք պարտադիր աուդիտի պահանջը խոշոր կազմակերպությունների համար, սակայն ֆինանսների նախարարության կողմից համապատասխան հարցման պատասխանը դեռ չի ստացել:

Աուդիտի պահանջը` նոր խմբագրմամբ

Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) նախագահ Հովհաննես Պետրոսյանի կարծիքով` խոշոր կազմակերպություններում պարտադիր աուդիտի պահանջը միանգամից հանելն այնքան էլ ճիշտ չէր:

«Եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում, ճիշտ կլինի, որ մի երրորդ կողմ պարզի՝ արժանահավատ ու ճշմարիտ է այն, թե՝ ոչ: Այդ տեսանկյունից տեղին պահանջի վերացումը տեղին չէր»,- ասում է ՀՀԱԱ նախագահը:

Միաժամանակ Հովհաննես Պետրոսյանը նկատում է, որ պետք է հստակեցվեր այն չափանիշը, թե որ կազմակերպությունը կարող է լինել խոշոր:

Նրա խոսքով` նախորդ օրենքը սահմանում էր, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց ակտիվների հանրագումարը 1 միլիարդ դրամից ավելի էր, սակայն կային դեպքեր, երբ ընկերությունը չէր աշխատում, սակայն ուներ 1 մլրդ դրամի շեմը հատող ակտիվների հանրագումար, հետեւաբար  համաչափությունը չէր պահպանվում:

Հովհաննես Պետրոսյանը նշում է, որ ներկայում ֆինանսների նախարարության հետ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում՝ խնդրի քննարկման ուղղությամբ: Նա կարծիք է հայտնում, որ պահանջը վերականգնման կարիք ունի, սակայն նոր խմբագրմամբ:

«Կարծում եմ` խոշոր պետք է համարվեն եւ պարտադիր աուդիտ պետք է իրականացվի այն կազմակերպություններում, որտեղ ակտիվների հանրագումարը 3 մլրդ է, հասույթը` 6 մլրդ, աշխատողների թվաքանակը` 100 կամ 200: Եթե թվարկված երեք չափանիշներից երկուսը վերաբերվի այս կամ այն կազմակերպությանը, ապա այն պետք է դիտվի որպես խոշոր եւ բերվի պարտադիր աուդիտի դաշտ»,- ասում է նա:

Հովհաննես Պետրոսյանը նշում է, որ ներկայում աշխատանքներ եւ քննարկումներ են ընթանում ֆինանսների նախարարության հետ, որոնց արդյունքների մասին ավելի պարզ հնարավոր կլինի խոսել մոտ մեկ ամսից:  

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 19996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW