Արդեն բավական երկար ժամանակ է` ծաղիկների հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր է զբաղեցնում տեղական բարձրակարգ ու որակյալ արտադրությունը: Նման արդյունքի հասնելու համար երկարատեւ ժամանակ ու բազմաթիվ ջանքեր են պահանջվել: Եւ չնայած մեծ քայլերով կատարվող առաջընթացին` ծաղկարտադրությունը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան, որոնք էլ Banks.am-ը փորձել է պարզել:Հայաստանում ծաղկաբուծության լավ ավանդույթներ կանՀայաստանի ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը եւ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը նշում են, որ խորհրդային տարիներին Հայաստանն այդ ոլորտում առաջատարներից մեկն է եղել, սակայն ցավալիորեն իր դիրքերը պահպանել չի կարողացել: Պողոս Գեւորգյանը հիշում է, որ մոտ 15 տարի առաջ Ամստերդամի ցուցահանդեսում ներկայացված հայկական մեխակներն ամենաբարձր գնահատականին էին արժանացել: Կազմակերպիչները միայն մեխակների փաթեթավորումից գոհ չէին եղել, ու կարծում էին՝ դա շտկելու դեպքում ծաղիկները շատ բարձր գնով կվաճառվեն:«2003թ. մեր ասոցիացիան կազմակերպեց գերբերաների ու լիլիաների արտահանում: Կես միլիոն դոլարի պայմանագիր կնքեցինք, սակայն անգամ 100 հազ-ի չկարողացանք արտահանել, որովհետեւ անհրաժեշտ քանակության ծաղիկներ չունեինք: Հիմնականում մեխակն էր մեծ պահանջարկ վայելում, սակայն դրա արտադրության ծավալները մեր երկրում կտրուկ նվազել էին, որովհետեւ այն ավելի էժան էր: Հոլանդիայի հետ համագործակցելու համար նույն տեսակի ծաղկից պետք է ունենալ նվազագույնը 12 հա ցանքատարածություն»,- ցավով նշում է նա:Սամվել Գեւորգյանի փոխանցմամբ` պատմականորեն Հայաստանում ծաղկաբուծության լավ ավանդույթներ են եղել, սակայն տարիներ առաջ բազմաթիվ ջերմատներ են քանդվել, ու հայկական ծաղիկները դուրս են մղվել շուկայից: Հայկական ծաղիկների հռչակն այնքան մեծ է եղել, որ այժմ միջինասիական ու ադրբեջանական վաճառողներն իրենց արտադրանքը հայկական անվամբ են ներկայացնում: Հայաստանում զգալիորեն նվազել է ծաղիկ գնողների թիվըՋերմատնային ասոցիացիայի նախագահի խոսքով`հիմնադրման սկզբում 47 անդամ ունեին, սակայն այժմ նրանց թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 12-ի: Ֆինանսական դժվարություններին շատ քչերն են կարողանում դիմակայել: «Մի քիչ մեծ ջերմատները ճարահատյալ աշխատում են, քանի որ դադարի դեպքում ամբողջ արտադրությունը կփչանա: Դա միակ ելքն է մեծ վնասներից խուսափելու համար: Ընդհանրապես բոլորի վիճակն էլ շատ ծանր է: Մենք պատվերներ շատ ենք ստանում Հոլանդիայից, որտեղ ծաղկի պակաս չկա, ու Ռուսաստանից, բայց ապահովել չենք կարողանում»,- հավելում է նա:Տնկանյութը բավական թանկ է, մինչ Հայաստան հասնելը դրա վրա շատ գումար է ծախսվում: Պողոս Գեւորգյանի խոսքով` փոքր ջերմոցները տնկանյութ ձեռք բերելու համար առնվազն €20 հազ. են ծախսում: Իհարկե, հնարավոր է տնկանյութը Հոլանդիայից չգնել, սակայն այն նպաստում է բարձրակարգ, ավելի մեծաթիվ, անհրաժեշտ որակի եւ հիվանդություններից զերծ ծաղիկների արտադրությանը:«Ծաղիկների արտադրությամբ զբաղվողներն այլ ելք են գտել: Նրանք ավելի քիչ քանակությամբ սածիլներ են գնում ու սկսում են դրանք բազմացնել: Արդյունքում պահանջվող բերքատվությունը չեն ստանում, ապրանքի ինքնարժեքը բարձրանում է, եկամուտն՝ իջնում»,- նշում է Պողոս Գեւորգյանը:Նրա հաշվարկներով` 1 քմ-ի վրա 40 մեխակ է հնարավոր աճեցնել: Մեկ ծաղկի գինը 47 եվրոցենտ է կազմում, այսինքն ստացվում է, որ 1 քմ-ից արտադրողն ընդամենը €19-ի օգուտ է ստանում: Օգուտը գոնե մի փոքր ավելացնելու նպատակով տոն օրերին ծաղկարտադրողները դրանց գներն էականորեն բարձրացնում են, իսկ շուկայում վերավաճառողների «շնորհիվ» մենք դրանք երբեմն գնում ենք աստղաբաշխական գներով: «Նպատակը գոնե այդ կերպ ծախսերը փակելն է, որովհետեւ այլեւս ծաղիկ գնող չի մնացել: Ապրանքը չի վաճառվում, իսկ հաջորդ օրը մնալու դեպքում ամեն ինչ փչանում է»,- ասում է Պողոս Գեւորգյանը:Կառավարությունն առայժմ միայն խոսքով է կարեւորում ծաղկարտադրությունըԱյս ոլորտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն վաղուց կա: Արտադրողների հոգսը մի փոքր թեթեւացնելու եւ ծաղկաբուծությանը զարկ տալու նպատակով, Սամվել Գեւորգյանի կարծիքով, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: «Ներմուծվող սածիլների վրա 32% մաքսատուրք է գործում, դա աբսուրդ է, ամբողջ աշխարհում նման բան չկա: Սածիլից ծաղիկ ստանալու համար բավականին ծախս ու աշխատանք է կատարվում: Բացի այդ էլ, այն դեռ պետք է վաճառել»,- նշում է նա:Սամվել Գեւորգյանը փաստում է, որ գյուղատնտեսության ոլորտը բարձիթողի վիճակում է, այդ պատճառով էլ այն լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Նա համոզված է, որ 1-3 տարվա ընթացքում հնարավոր է էական տեղաշարժ կատարել, եթե վերացվի մաքսատուրքը, կատարվեն ներդրումներ, կիրառեն նոր տեխնոլոգիաներ ու, իհարկե, նաեւ կառավարության աջակցության դեպքում, որն առայժմ միայն խոսքով է կարեւորում այդ ոլորտը:«Ռազմավարական նշանակության մասին խոսելը շատ քիչ է, փաստացի օժանդակություն է պետք ցուցաբերել: 15 տարի է Ջերմատնային ասոցիացիան փորձում է մաքսատուրքը հանել, սակայն ոչնչի չի հասնում: Պետությունը չի ուզում հրաժարվել մաքսատուրքից, որը տարիներ հետո կարող է հսկայական գումարի վերածվել»,- նշում է նա:Պողոս Գեւորգյանն էլ կարծում է, որ ոլորտն ակտիվացնելու համար նախ եւ առաջ գազի գինը պետք է կարգավորել, որը չափազանց բարձր է: Հայ ֆերմերներն իրենց ծախսերի համար բանկից վարկ են վերցնում, հետո արտադրանքից ստացած գումարով դրանք մարում ու արդյունքում շատ քիչ եկամուտ են ստանում. «Կամ էլ ձմռանը ջերմատները քանդում են, որ զերծ մնան ծախսերից: Նոր տեխնոլոգիաների մասին չեմ էլ խոսում, բոլորը վախենում են դրանք գնելու համար վարկ վերցնել ու հետո պարտքերի մեջ ընկնել»:Վերջին տարիներին Հայաստանում սկսել են կառուցվել նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող ջեմատներ, որոնցից ամենահայտնին ու մեծը 2011-ից Կոտայքի մարզի Գողթ գյուղում է գործում: Այնտեղ հիմնականում աճեցնում են հոլանդական վարդեր, որոնց մեծ մասն արտահանվում է:Ջերմատնային ասոցիացիայի հիմնական խնդիրը փոքր ու միջին ջերմոցներին աջակցելն է, քանի որ նրանց թիվը նկատելիորեն նվազում է, շատ քչերն են կարողանում դիմանալ մրցակցությանն ու աստիճանաբար փակվում են: Տեղական արտադրության ծաղիկները կազմում են ներքին շուկայի 95%-ըՈրքան էլ արտադրության հետ կապված խնդիրներ ու բացթողումներ կան, այունամենայնիվ, անգամ նման ծանր պայմաններում գործող ջերմատները կարողանում են ապահովել ներքին շուկայի պահանջները: Տեղական արտադրության ծաղիկները կազմում են ներքին շուկայի մոտ 95%-ը:«Մենք ջերմատուն ունենք, որը վարդեր է աճեցնում: Այնտեղ լավ տեխնոլոգիաներով որակյալ ծաղիկներ են ստացվում: Ջերմատանն Էկվադորի կլիման է ստեղծվել, ինչի շնորհիվ շատ բարձր որակի արտադրանք է լինում»,- նշում է Պողոս Գեւորգյանը:Հայաստանում գործող ջերմատների 40%-ն է զբաղվում ծաղիկների արտադրությամբ, մնացած 60%-ն էլ բանջարեղեն է արտադրում: Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն` Հայաստանում 2014թ. հունվար-դեկտեմբերին արտադրվել է 21 941 619, իսկ այս տարվա հունվարին՝ 810 196 հատ ծաղիկ: Վիճակագրական հաշվառման մշտադիտարկման մեջ ընդգրկված ծաղիկների մանրածախ առեւտրի շրջանառությունը 2014թ. կազմել է 2154.9 մլն դրամ: Ծաղիկների հայկական շուկան բավական բազմազան է: Եթե մոտ 20 տարի առաջ այն խիստ սահմանափակ էր՝ մեխակ, վարդ, լավագույն դեպքում՝ խրիզանտեմա ու ամառային ծաղիկներ: Ներկայում տեղական շուկայում կան գրեթե բոլոր տեսակների, այդ թվում` էկզոտիկ ծաղիկներ, որոնք նաեւ Հայաստանում են արտադրվում: «Արդեն վաճառքում են հայտնվել տեղական արտադրության բարձրակարգ հոլանդական վարդեր` տարբեր սորտերի, չափերի ու գույների: Տարիներ առաջ մենք միայն երազել կարող էինք այդ մասին»,- ասում է Սամվել Գեւորգյանը: Հայկական ծաղիկների «առյուծի բաժինը» արտահանվում է Ռուսաստան (189.1 տ): Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` անցած տարի Հայաստանից ծաղկեփնջերի ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ է արտահանվել նաեւ Վրաստան (136,6 տ), Բելառուս (2,7 տ) ու Միացյալ Թագավորություն: Իսկ արտահանվող ծաղիկների ընդհանուր ծավալը կազմել է 328.2 տ՝ $1 մլն 847.3 հազ.:Անցած տարի 22 երկրից Հայաստան են ներկրվել $591,6 հազ-ի ծաղկեփնջերի ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ: Ներկրման ծավալներով առաջատարներն են Էկվադորը, Հոլանդիան ու Թուրքիան, այդ երեք երկրից միասին մեր երկիր է բերվել 51.3 տ ծաղիկ:«Ժամանակին Էջմիածնում մեծ ջերմատուն կար, այն Էմիրություններ էլ էր ծաղիկ արտահանում, հիմա կարող ենք նաեւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ աշխատել, պահանջարկ կա, սակայն մեր հնարավորություններն են սահմանափակ: Իսկ Ռուսաստանի մասին չեմ էլ խոսում, այնտեղի շուկան հսկայական է: Համագործակցելու տարբերակները շատ են, պարզապես մեր արտադրության ծավալներն է անհրաժեշտ մեծացնել»,- հավելում է Ջերմատնային ասոցիացիայի նախագահը:Երկու զրուցակիցներն էլ համակարծիք են, որ ծաղկարտադրության ոլորտում Հայաստանը հսկայական ներուժ ունի, սակայն այն ամբողջությամբ չի օգտագործվում: Նրանք համոզված են, որ հսկայական ներուժի, փորձի ու աշխատասիրության շնորհիվ հայ մասնագետները մեծ հաջողությունների կարող են հասնել:Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան Tweet Դիտում՝ 12094