ՓՄՁ ԶԱԿ. Վարկային ռեսուրսներն այսօր մատչելի են

03.12.2014 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստանի ամբողջ տարածքում արդեն շուրջ 10 տարի է, ինչ իրականացնում է վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը:

Գործող ՓՄՁ-ներին վարկային երաշխավորությունները տրամադրվում են 15 մլն դրամը չգերազանցող վարկի գումարի մինչեւ 70%-ի չափով եւ 5 տարի ժամկետով: Վարկավորումն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով:

Սկսնակների համար երաշխավորությունները տրամադրվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հետեւյալ պայմաններով. գումարը՝ մինչեւ 5 մլն դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 10%, իսկ ժամկետը՝ մինչեւ 5 տարի:

Banks.am-ը ծրագրի արդյունքների շուրջ զրուցել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանի հետ:

- Պրն Պետրոսյան, այս տարվա կտրվածքով քանի՞ տնտեսվարող է օգտվել վարկային երաշխավորություններից:

- Ինչպես գիտեք, կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ՓՄՁ ոլորտի աջակցությունը, հատկապես հանրապետության մարզային գյուղական եւ քաղաքային համայնքներում: Այս պահի դրությամբ 213 ընկերության տրամադրել ենք աջակցություն, որից 10-ը՝ գործող, իսկ 203-ը՝ սկսնակ ընկերություններ են: Ինչ վերաբերում է ուղղություններին, ապա տրամադրվող վարկային միջոցների 65%-ը բաժին է հասել արտադրությանը, 29 %-ը՝ ծառայությունների, եւ միայն 6 %-ը` առեւտրի ոլորտին: Այո, առեւտուրը մեր պարագայում չի հանդիսանում աջակցության գերակա ուղղություն, բայց լինում են դեպքեր, երբ, ելնելով աջակցության որոշակի մոտեցումներից, նաեւ սոցիալական բնույթ կրող ուղղություններ ենք ներառում: Չենք կարող ամեն ինչի մեջ դնել զուտ տնտեսական նպատակահարմարություն: Այն պարագայում, երբ աջակցում ենք միկրոձեռնարկություններին, որոնք հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում ապահովում են ինքնազբաղվածություն, սոցիալական էլեմենտը տնտեսական նպատակահարմարության էլեմենտի նկատմամբ պետք է գերակայի: Սակայն, միեւնույն ժամանակ, ամեն ինչ անում ենք այդ երկու ուղղությունները համատեղելու համար:

Տնտեսվարողների հետ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո բանկը կայացնում է վարկը տրամադրելու որոշում, իսկ մենք մեր հերթին տրամադրում ենք երաշխավորության նամակը՝ բիզնես վարելու գործընթացը համարելով մեկնարկած:

Ծրագիրը գործում է շուրջ 10 տարի: 2006-2013թթ. ավելի քան 1000 փոքր եւ միջին ձեռնարկություն ստացել է մոտ 4 մլրդ դրամի վարկային երաշխավորություն: Ինչ վերաբերում է վերջին 3 տարիներին, ապա մեր կողմից աջակցություն է ստացել շուրջ 600 գործող եւ սկսնակ  ընկերություն:

-Որո՞նք են ձեր կողմից  ռիսկի գնահատման եւ վերահսկման մեխանիզմները:

- Ռիսկերի գնահատման մեխանիզմի շրջանակում հաշվի ենք առնում մի շարք չափանիշներ: Առաջին հերթին, փորձում ենք հասկանալ տվյալ մարդու շարժառիթները, որքանով է պատկերացնում տվյալ բիզնեսը, արդյոք ոլորտի մասնագետ է: Երբ վերջինս ցանկանում է ինչ-որ բան արտադրել, կարեւոր է հասկանալ, թե արդյոք ունի համապատասխան գիտելիք, անհրաժեշտ տեխնոլոգիաներ, համապատասխան տարածք, ինչպես նաեւ որքանով են միջոցները բավարարում անհրաժեշտ սարքավորումներ կամ հումք ձեռք բերելու համար:

Ուշադրություն ենք դարձնում նաեւ այն հանգամանքի վրա, թե վերջինս ինչպես է վաճառելու տվյալ ապրանքը: Ներկայումս ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերի մշակման եւ ներդրման փուլում դա իրականացնում ենք Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից ներգրավված փորձագետի օգնությամբ: Արդեն հաջորդ տարվանից պետք է մեկնարկենք սքորինգային համակարգով աշխատանքը, որն օգտագործվում է, օրինակ, բանկերի կողմից գնահատելու այս կամ այն վարկառուի ռիսկը:  

Ռիսկերը նաեւ ընթացքում են առաջանում եւ կարող են բաժանվել երկու խմբի՝ մեկնարկի հետ կապված եւ իրականացման ռիսկեր: Հնարավոր է մի բան լավ կազմակերպել, բայց իրականացումն ավելի ուշ փուլում լավ չստացվի, եւ հակառակը՝ հնարավոր է, որ կազմակերպման ընթացքը վատ ընթանա հենց սկզբից:
Բիզնեսը տարաբնույթ ռիսկերի ենթարկվող երեւույթ է, եւ այդ ռիսկերը պետք է վերահսկվեն թե մեկնարկում, թե ընթացքում եւ թե վաճառքների կազմակերպման ժամանակ:

Կենտրոնը մարզային կառույցների, ինչպես նաեւ գործընկեր բանկերի աշխատանքի շնորհիվ մշտապես կապ է պահպանում վարկառուների հետ: Ինչ վերաբերում է ընթացիկ վերահսկմանը, ապա այն իրականացնում են բանկերը: Վարկի տրամադրումից հետո եւս տնտեսվարողների հետ մեր աշխատանքը շարունակվում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովումը հանդիսանում է մեր կողմից տրամադրվող աջակցության ընդամենը մի մասը:

Աջակցություն ենք տրամադրում նաեւ հարկային խորհրդատվության, ապրանքանիշերի ձեւավորման, շուկայում դրանց առաջմղման, գովազդի, մարքեթինգի եւ բազմաթիվ այլ ուղղություններով: Ի դեպ, առաջիկա տարիներին նախատեսում ենք վերոնշյալ ուղղություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել եւ զարգացնել, քանի որ դրանք ինչ-որ չափով կնվազեցնեն ձախողման ռիսկերը եւ կավելացնեն բիզնեսների՝ հետագայում հաջողության հասնելու հնարավորությունը:

- Ի՞նչ սկզբունքների հիման վրա են ընտրվում գործընկեր վարկատու ընկերությունները՝ բանկերը եւ ՈՒՎԿ-ները, եւ արդյոք նախատեսվու՞մ է ընդլայնել գործընկերների շրջանակը:

- Համագործակցության գործընթացին միտված քայլերը իրականացվում են երկուստեք՝ թե ՓՄՁ ԶԱԿ-ի եւ թե բանկերի կողմից: Հիմնական չափանիշը, որով առաջնորդվում ենք, բանկերի մարզային մասնաճյուղերի ծածկույթն է: Սկսնակ բիզնեսների աջակցության առումով այս պահին մեր գործընկերը ՎՏԲ-Հայաստան Բանկն է, քանի որ վերջինս մարզերում ունի լայն ծածկույթ: Մենք չենք կարող փոքր վարկ ստանալու համար տնտեսվարողներին պարտադրել, որ հասնեն Երեւան:

Նշեմ, որ մեր կողմից ընդլայնմանը միտված քայլերը մշտապես ընթացքի մեջ են: Վերջերս համապատասխան պայմանագրեր ենք կնքել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի եւ Համահայկական բանկի հետ՝  նպատակ ունենալով մեր երաշխավորությունների գործիքի օգնությամբ ընդլայնել աջակցությունը գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին: Սա չափազանց կարեւոր է մեր երկրի տնտեսության զարգացման համար, քանի որ մի փոքր ավելի կայացած բիզնեսներին աջակցելը կնպաստի ավելի մեծ ավելացված արժեքի եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վերջին տարիներին ստեղծված ՓՄՁ-ների գործունեության արդյունքում այս պահին ունենք շուրջ 800 նոր աշխատատեղ, որոնց 80%-ը՝ մարզերում:

Ընդհանրապես, մեր աջակցության գերակշիռ մասն ուղղված է եղել մարզերին, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ այս պահին մենք աջակցություն ենք տրամադրում սիրիահայ գործարարներին, որոնք հիմնականում նախընտրում են գործունեություն ծավալել Երեւանում, մարզերի եւ Երեւանի միջեւ թվային հարաբերակցությունը փոքր-ինչ փոխվել է:
 
- Ինչպե՞ս կգնահատեք ՓՄՁ-ների կողմից ներկայացվող վարկային հայտերի որակը:

- Դժվար է գնահատել այդ հայտերի որակը, քանի որ տվյալ դեպքում մենք ՓՄՁ-ներին ուղղորդում եւ աջակցում ենք վարկային հայտերի կազմման գործընթացում: Հիմնականում չենք ունենում դեպքեր, երբ տնտեսավարողն ինքնուրույն է կազմում իր վարկային հայտը:

- Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում բանկերի կողմից ՓՄՁ-ներին ուղղված վարկային պայմանները՝ հաշվի առնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկերին տրամադրվող վարկային միջոցները, որոնց զգալի մասը հասցեագրված է հենց ՓՄՁ-ներին:

- Երբ միջազգային կազմակերպությունները ռեսուրսներ են տրամադրում առեւտրային բանկերին, տոկոսադրույքների ձեւավորման պայմանները եւս ուղղորդվում են առեւտրային հիմքերով: Ամեն ինչ կրկին կախված է շուկայից: Վերջին տարիներին նկատվում է վարկային տոկոսադրույքների նվազման միտում: Սա կարելի է վերլուծել այսպես. վարկային ռեսուրսները շուկայում բավական շատ են, եւ բանկերը միմյանց հետ մրցակցում են եւ արդյունքում առաջարկում ավելի լավ պայմաններ՝ մի փոքր ավելի ցածր տոկոսադրույք, ավելի երկար արտոնյալ ժամանակահատված եւ այլն: Փաստն այն է, որ վարկային ռեսուրսներն այսօր մատչելի են, եւ տնտեսվարողները կարող են օգտվել դրանցից:  

Հավելեմ, որ ՓՄՁ ԶԱԿ-ն այսուհետ շարունակելու է աջակցել սկսնակ եւ զարգացող բիզնեսներին՝ փորձելով բարելավել տրամադրվող աջակցության պայմանները: Ծրագրեր ունենք ավելացնել թե տրամադրվող երաշխավորությունների քանակը, թե դրանց ծավալը: Կավելացվեն նաեւ ոչ ֆինանսական աջակցության տրամադրման ծավալները, ինչը տնտեսվարողներին թույլ կտա ավելի լավ կազմակերպել իրենց աշխատանքը:

Գեղամ Պետրոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 8034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW