Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Տաթեւիկ Բաբայանը, Սոնա Մանուկյանը եւ Աննա Գյուլխասյանը 2018-ի ամռանն անսպասելի կորցնում են աշխատանքը. Հայաստանում գործող արտասահմանյան երկու ընկերություն, որտեղ նրանք բարձր պաշտոններ էին զբաղեցնում, մեկ օրում փակվում են: Գործընկերները հուսահատվելու փոխարեն ամիսներ անց հիմնում են իրենց ընկերությունը՝ մարքեթինգի եւ դիզայնի ծառայություններ մատուցող Deep Agency-ն, որին կից բացում են Deep Academy ուսումնական կենտրոնը: ԿենսագրությունԱննա, 29 տարեկան. Մարքեթինգի ոլորտում 10 տարվա փորձ ունեմ, տարբեր խոշոր ընկերություններում եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար: Ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որից հետո Նյու Յորքում մեկ տարվա փորձաշրջան եմ անցել: Աննա Գյուլխասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սոնա, 27 տարեկան. Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան, աշխատել որպես գրաֆիկ դիզայներ մի շարք տեղական եւ արտասահմանյան ընկերություններում: Երկար ժամանակ խաղերի ստեղծման ոլորտում եմ եղել: Սոնա Մանուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Տաթեւիկ, 31 տարեկան. ԵՊՀ-ն եմ ավարտել, մասնագիտությամբ հանրային կառավարիչ եմ: Աշխատել եմ տարբեր մասնագիտություններով, հիմնականում մենեջեր: Տաթեւիկ Բաբայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս 2017-ից միացել եմ աղջիկներին, երեքս միասին աշխատել ենք նույն ընկերությունում: Որոշ ժամանակ անց Սոնան տեղափոխվել է այլ ընկերություն: Մնացին անգործ Աննա. 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո այն ընկերությունը, որտեղ աշխատում էի, անակնկալ փակվեց: Ղեկավարները մեզ հայտնեցին այդ մասին, եւ կողմերի փոխհամաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծարվեց:Զարմանալի զուգադիպությամբ այդ օրերին սնանկ ճանաչվեց ամերիկյան այն ընկերությունը, որում աշխատում էր Սոնան: Deep Agency-ի թիմը Լուսանկարը՝ Անձնական արխիվ Չսկսելու պատճառները շատ էին Տաթեւիկ. Երեքս էլ 10 տարվա փորձ ունեինք, գիտեինք, որ անգործ չենք մնա, կարող էինք կրկին մի լավ ընկերությունում բարձր աշխատավարձով գործ գտնել: Բայց մտածեցինք՝ նշան է, որ մենք մերը ստեղծենք: Քանի որ երեքս էլ նույն հոգեվիճակում էինք, նաեւ ոգեւորված էինք ամիսներ առաջ տեղի ունեցած հեղափոխությունից, կարճ ժամանակ անց սկսեցինք գրասենյակի համար տարածք փնտրել: Սոնա. Չհասցրինք հուսահատվել, անգամ ուրախացանք, որ վերջապես ոչ մեկի ղեկավարությամբ չենք աշխատելու, ունենալու ենք մեր ընկերությունը, ոչ մեկ մեզ չի ասելու՝ փակվում է գրասենյակը: Մինչ այս դեպքը մենք միասին շատ ենք զրուցել մեր բիզնեսն ունենալու թեմայով, բայց քանի որ ֆիզիկապես անընդհատ գրասենյակում էինք, չէինք հասցնում նոր բան սկսել: Բացի այդ, ես Աննայից ու Տաթեւիկից առանձին, փորձել եմ իմ ընկերությունը բացել, սակայն դա երկար կյանք չի ունեցել, որովհետեւ ամեն ինչ ինքս էի անում, հիմնական աշխատանքի հետ էլ չէի հասցնում: Դժվար է միայնակ բիզնես պահելը: Աննա. Մի բան էլ կար, որը մեզ անընդհատ հետ էր պահում մերը ստեղծելուց. միշտ մտածում էինք՝ դեռ պատրաստ չենք, դեռ այլ ընկերություններում ավելի շատ փորձ ձեռք բերելու տեղ ունենք: Մինչեւ գործազուրկ չդարձանք, մեր բիզնեսը չսկսեցինք: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Վարկի տակ ընկան»Աննա. Որոշեցինք հիմնել մարքեթինգի ու դիզայնի ծառայություններ մատուցող Deep Agency-ն, որտեղ ամեն մեկս կշարունակեր իր գործը: Սկզբում թիրախավորեցինք դրսի շուկան, հետո ավելացրինք նաեւ տեղական հաճախորդներին: Հավաքած գումար չունեինք, մեր միջոցներով սկսեցինք: Միակ գումարը ծախսել ենք տարածքի վարձակալության վրա: Ընկերությունը դեռ նոր էր, գովազդի համար բյուջե չունեինք, մարդիկ մեզ դիմում էին որպես անհատների, մենք էլ նախագծերը միայնակ անելու փոխարեն, անում էինք գործակալությունում՝ բոլորս միասին: Եկամուտն այստեղից էր ձեւավորվում, ինչով էլ վճարում էինք տարածքի գումարը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր տարիների գործունեությունը չի կորել. ոլորտում շատերին գիտենք, առաջին հաճախորդներին գտնելը խնդիր չեղավ: Միշտ ավելինՏաթեւիկ. Ուզում էինք մեր բիզնեսը զարգացնել՝ ուսումնական կենտրոն հիմնել, աշխատատեղեր բացել, որի համար մեզ առաջին հերթին համակարգիչներ էին հարկավոր: Նախկին աշխատավայրերի փակվելուց հետո վերջնահաշվարկ էր արվել, յուրաքանչյուրս որոշակի գումար էինք ստացել: Բիզնես վարկ էինք ցանկանում վերցնել, բայց բանկերը մերժում էին, քանի որ այդ տեսակի համար մեր գործունեությունը վեց ամսից ավելի պետք է լիներ: Ստիպված դիմեցինք սպառողական վարկի համար, որի տոկոսներն ավելի բարձր են: Արդյունքում մեր ունեցած գումարները եւ վարկը միավորեցինք, ծախսեցինք տեխնիկա գնելու վրա, որից անմիջապես հետո երեք աշխատող ընդունեցինք: Վարկը դեռ մարում ենք: Deep Agency-ի թիմը Լուսանկարը՝ Անձնական արխիվ Նաեւ սովորեցնում են Սոնա. Ամիսներ անց հիմնեցինք նաեւ Deep Academy ուսումնական կենտրոնը, որտեղ սովորեցնում ենք միայն մարքեթինգ եւ դիզայն: Հայաստանում առաջինն ենք, որ այս ոլորտում գործակալություն հիմնելուց հետո նաեւ ուսումնական կենտրոն ենք բացել: Մենք տարբերվում ենք շուկայում նաեւ նրանով, որ այլ դասընթացներ չենք ավելացնում, օրինակ, ծրագրավորում կամ մարդկային ռեսուրսներ: Տարեկան 500-ից ավելի մարդ է հաճախում մեր կուրսերին: Մի քանիսը դարձել են մեր թիմի անդամ, շատերին էլ աջակցել ենք աշխատանք գտնելու հարցում: Լուսանկարը՝ Անձնական արխիվ Ակադեմիան ոչ թե առանձին բիզնես է, այլ՝ հարթակ, որտեղ սովորեցնում ենք այն, ինչ գիտենք: Դասավանդման ծրագիրը մենք ենք կազմում, մինչեւ երկու ամիս տեւողությամբ կուրսերում ընդգրկում ենք այն գիտելիքները, որոնք ինքներս համալսարանում չորս տարվա ընթացքում ենք անցել: Պատկերացումներ vs իրականությունԱննա. Երբ այս ամենը սկզբում միայն պատկերացում էր, մի շարք բիզնես գործեր էինք ուսումնասիրում, կողքից հեշտ էր թվում, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է՝ հատկապես Հայաստանում, այն էլ՝ կին ղեկավարների համար: Երբ մարքեթինգից շատ հեռու 50-ն անց տղամարդը դիմում է մեր գործակալությանը եւ պարզում, որ ղեկավարները բոլորը կին են, անլուրջ է վերաբերվում, կարծում է՝ մենք գործին լավ չենք տիրապետում: Մինչեւ չեք սկսում համատեղ աշխատելը, նման պատկերացումները չեն փոխվում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանում նաեւ շատերը հետեւում են, թե այլ ընկերություններ ինչպես են աշխատում, ու պահանջում են, որ մենք նույն բանն անենք: Մեր գործում վերջնանպատակը դիմացինի հաճախորդների քանակն ավելացնելն է, թե ինչպես ենք դա անում, մենք ենք որոշում. սիրում ենք ազատություն ունենալ գործում: Թիմն ու մթնոլորտըՏաթեւիկ. Հենց սկզբից ենք որոշել Deep Agency-ի աշխատանքային ոճը, որովհետեւ շատ ենք կարեւորում ընկերության մթնոլորտը: Առհասարակ ինչպե՞ս է, երբ հիմնական ղեկավարությունն աշխատավայրում չէ, աշխատողներն ուրախանում են: Մեզ մոտ հակառակն է՝ մեր աշխատողները տխրում են, երբ տեղում չենք: Սոնա. Թիմում բոլոր տոները նշում ենք, ամսվա վերջին ուրբաթը կինոդիտում ենք կազմակերպում:Այժմ 11 հոգի ենք: Բոլորս ամբողջական դրույքով գրանցված աշխատողներ ենք: Ապագայում պատրաստվում ենք մեծացնել թիմը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մի՛ արեք այսպեսԱննա, Սոնա, Տաթեւիկ. Մենք առաջին անգամ ենք ընկերություն ղեկավարում, ուստի մի շարք սխալներ կան, որ թույլ ենք տալիս ու ինքներս մեր սխալներից սովորում: Մի քանիսն առանձնացնենք սկսնակ գործարարների համար: 1. Հաշվարկները լա՛վ արեք, մի՛ շտապեք:Առաջին տարվանից հետո մի պահ է գալիս, երբ թվում է՝ բիզնեսը շատ ուժեղ աճել է: Երբ մեզ թվաց՝ մենք բավական առաջ ենք գնացել, աշխատողների թիվն անմիջապես կրկնապատկեցինք: Սխալ էր, պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, որովհետեւ նման լուրջ որոշում կայացնելուց հետո կանգնում ես մի շարք դժվարությունների առջեւ: 2. Համաձայնե՛ք բոլոր նախագծերին: Համաձայնե՛ք նույնիսկ ամենափոքր գործերին, մի՛ նայեք եկամուտին, որովհետեւ երկար ժամանակ է պետք, որ շուկայում ձեր ուրույն տեղն ունենաք եւ աշխատեք այն կազմակերպությունների հետ, որոնց հետ դուք կցանկանաք: Լուսանկարը՝ Մեդիամաքս 3. Վարձով մի՛ վերանորոգեք տարածքը: Մենք գումար ծախսեցինք վերանորոգման վրա, իսկ հիմա պատրաստվում ենք տեղափոխվել: Առաջիկա տարիներին պետք չէ ուշադրություն դարձնել գրասենյակի արտաքին տեսքին, ավելի լավ է այն տեխնիկայով ապահովել, համակարգիչներ գնել, քան պատերը գեղեցկացնել: Մեր տարածքի միայն գույներն էին մռայլ, մտածում էինք՝ ավելի վառ պատերի ներքո աշխատողներն ավելի հաճելի կաշխատեն: Լուսանկարը՝ Մեդիամաքս Տնօրենն ինքդ եսԵթե տարիներ անց Deep Agency-ն փակվի, միեւնույնն է՝ այն լինելու է մեր կյանքում մեզ ամենաշատ փորձ տված աշխատանքը: Երբ ռիսկի ես դիմում ու քո ընկերությունը բացում, թեյնիկի անսարքությունից մինչեւ գործնական խնդիրներ ինքդ ես լուծում: Հեռախոսդ չես կարող անջատել ու կտրվել գործից: Միեւնույն ժամանակ, սա միակ գործն է, որ այսքան շատ նվիրվել ենք: Ամալին զրուցում է Deep Agency-ի հիմնադիրների հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ճիշտ է՝ այստեղ մենք ավելի քիչ ենք ստեղծագործական աշխատանք անում, քան նախորդ բոլոր ընկերություններում, բայց ձեռք ենք բերում եւս մեկ մասնագիտություն՝ սովորում ենք ինչպես ճիշտ ղեկավար լինել: Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Deep agency-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 123740