Ուսանողները դասախոսի հետ «զրոյից» PR ընկերություն են հիմնել

14.06.2019 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#SPRING PR
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

Տաթեւիկը, Նոնան եւ Մարիաննան 2009-ին հիմնել են SPRING PR ընկերությունը, որը մատուցում է PR եւ հետազոտական ծառայություններ: Տաթեւիկ Սիմոնյանը եւ Մարիաննա Մուսոյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներ էին, երբ իրենց դասախոս Նոնա Մելքոնյանին առաջարկեցին միասին հիմնել սեփական բիզնեսը եւ Հայաստանում ճիշտ զարգացնել PR ոլորտը:

«Դասախոս-ուսանող»-ից բիզնես գործընկերներ

Տաթեւիկ. Գաղափարն իմն էր: Կոմերցիոն ոլորտում էի աշխատում՝ Հայաստանի խոշոր ընկերություններից մեկում մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար էի, եւ հաճախ չէի հասցնում գործերիս մեծ մասը: Չկար այնպիսի թիմ, որ կարողանայի նախագծեր վստահել, ծանրաբեռնվածությունս կիսել: Դաշտում կային որոշ ընկերություններ, բայց այդ ժամանակ PR խորհրդատվություն մատուցվում էր միայն քաղաքական ոլորտում, կոմերցիոն դաշտը բաց էր, գործարարներն էլ բացի գովազդից ուրիշ բան չէին պատկերացնում:

Տաթեւիկ Սիմոնյանը

Խոսեցի դասախոսիս՝ Նոնայի հետ, ասացի՝ փող չկա, բայց գաղափարը կա: Ասաց՝ մի լավ ուսանող ունի, որը նույնպես նմանատիպ առաջարկ էր արել իրեն, կարելի է միասին սկսել: Փաստորեն երեք իրար չճանաչող մարդիկ (մի բան է՝ դասախոս, այլ բան է՝ գործընկեր) միավորվեցինք ու հիմնեցինք SPRING PR-ը: Ասում են՝ եթե դու ընկերություն ես ձեւավորում բիզնեսում, ուրեմն այն հարատեւ է, իսկ մեզ մոտ մշտապես ընկերական հարաբերություններ են:

Մարիաննա. Ավարտում էի բակալավրիատը եւ շատ հետաքրքրված է PR-ով, ուզում էի դիմել որեւէ ընկերության փորձաշրջանի համար եւ գործի մեջ տեսնել, թե որքանով է համապատասխանում ինձ այդ մասնագիտությունը: Չէի գտնում նման ընկերություն, այդ պատճառով դասախոսիս հարցնում էի՝ ինչու մենք չենք ստեղծում նման բան:

Մարիաննա Մուսոյանը

Նոնա. Այսօրվա պես եմ հիշում՝ Բաղրամյան փողոցից ես ու ուսանողներս ոտքով իջնում էինք դեպի Օպերա ու քննարկում ընկերություն հիմնելու գաղափարը: Երբեք չէի մտածել, որ կարող եմ իմ մասնավոր գործն ունենալ. բացի դասախոսելուց, որպես խորհրդատու անընդհատ ներգրավված էի տարբեր նախագծերում եւ իմ աշխատանքն ինձ բավարարում էր:

Նոնա Մելքոնյան

Այդ ժամանակ շատ քիչ էին խոսում PR-ի մասին, իսկ ես անընդհատ դասերին շեշտում էի, որ Հայաստանին անհրաժեշտ է գրագետ ու ճիշտ PR: Եվ պատկերացրեք, տարբեր կուրսերի համարձակ ուսանողուհիներ ինձ առաջարկում են միասին բիզնես հիմնել ու հենց այդ գրագետ PR-ը զարգացնել Հայաստանում: Դա ամենագրավիչ նախադասությունն էր, որը դարձավ մեր առաքելությունն ու նպատակը:


Եթե փող չկա, ներդրվում է գիտելիքը

Տաթեւիկ. Երբ սկսում էինք, մեր առաջին նպատակը մեծ գումարներ աշխատելը չէր, մենք ցանկանում էինք ոլորտը զարգացնել, լինել այն ընկերությունը, որը կսահմանի նշաձողը:

Սկզբում մտածում էինք՝ ինչ-որ մեկիս տանը սկսել, բայց հասկացանք, որ դա կխանգարի եւ պետք է տարածք վարձել: Կենտրոնում մի համեստ գրասենյակ գտանք, սկզբում միայն մեկ սենյակ էր, հիմա նույն շենքում վարձակալում ենք երեք սենյակ: Կահույքն առաջին ամսվա ընթացքում մեր ծանոթների մոտ պատվիրեցինք. մինչ օրս նույն սեղանն ենք օգտագործում: Անվան շուրջ երկար մտածեցինք. բոլորը կարծում են՝ SPRING PR անվանումը գարնան հետ է կապված (spring անգլերեն նշանակում է գարուն), սակայն բացվում է Strategic PR Initiative Group:

Ամալի Խաչատրյանը զրուցում է SPRING PR-ի հիմնադիրների հետ

Խնայողություններ ունեինք նախկին աշխատանքներից, յուրաքանչյուրս որոշակի գումար ներդրեց, ընդհանուր մոտ 600 հազ. դրամ ծախսեցինք ամբողջի վրա: Համակարգիչները տանից բերեցինք գրասենյակ: Խոշոր ներդրումներ չէինք կարող անել, մեր հիմնական ներդրումը մեր մասնագիտական կարողություններն էին, գիտելիքները: Յուրաքանչյուրիս պորտֆոլիոն դարձել էր կազմակերպության պորտֆոլիոն:

Օրը 24 ժամ աշխատանք

Մարիաննա. Մեկ շաբաթում ընկերությունը գրանցել ենք ու սկսել աշխատել: SPRING PR-ը ստեղծման առաջին ամսվանից գումար է աշխատել, մենք երկար ժամանակ չէինք վարձատրվում, բայց ընկերությունն իր ծախսերը հոգում էր:

Մեր աշխատավարձը եւ աշխատանքն է եղել մեր ամենամեծ ներդրումը: Այն պահին, երբ զգում էինք, որ կա բարդություն, ինչի համար ֆինանսական հոսքի կարիք ենք ունենալու, մենք պարզապես ավելի շատ էինք աշխատում:

Մշտապես աշխատում ենք՝ անգամ ճամփորդելիս կամ ընտանեկան խառը իրավիճակներում: Շատ պատասխանատու գործ է, չենք կարող վերցնել ու ձեռքի հետ գործն անել. ուրիշի բիզնեսի զարգացման համար ենք պատասխանատվություն կրում:

SPRING PR-ի թիմը

Ի դեպ, քանի որ բոլորս Սոցիոլոգիայի ֆակուլտետից էինք, առաջարկեցինք նաեւ հետազոտական ծառայություն մատուցել, ինչն էլ մեր դեպքում կարեւոր առանձնահատկություն դարձավ. PR-ում հետազոտությունը բոլոր փուլերում շատ կարեւոր է:

SPRING PR-ին «բախտ բերեց» մարքեթինգի գուրու Ֆիլիպ Կոտլերը
 
Նոնա. Ոլորտում նոր էինք, մեր առաջարկն առանձնահատուկ էր, նման «մաքուր» PR ծառայություն մատուցող ընկերություն չկար, մեզ ճանաչում էին ու վստահում որպես մասնագետներ:

Առաջին տարին ունեցանք շատ լուրջ ծրագիր, որը շրջադարձային եղավ մեզ համար: Աշխարհահռչակ մարքեթոլոգ Ֆիլիպ Կոտլերն էր գալիս Հայաստան եւ մեզ վստահվել էր իրականացնել այցի PR սատարումը: Հայաստանի մարքեթինգի ասոցիացիայի նախագահի հետ շատ վաղուց ընկերական հարաբերությունների մեջ էի, նրանք էին մեզ այդ առաջարկն արել:

SPRING PR-ի թիմը

Հայաստանի համար նման խոր եւ երկարատեւ PR արշավ դեռ չէր եղել. ո՛չ լրատվականներն էին սովոր դրան, ո՛չ բիզնես ոլորտը: Մի թեւավոր խոսք ունեինք. «Թող ամեն ընկերություն իր Կոտլերն ունենա. դա մեծ հաջողություն է բերում»:

Մեզ համար այն լուրջ մարտահրավեր էր, պետք էր ցույց տալ, որ PR-ի տարբեր գործիքներն այստեղ աշխատում են: Բոլորը քննարկում էին այդ արշավը, մեր ձեռագիրը սկսեցին ճանաչել: Հետագայում մեզ նման կերպ էին գտնում. «Ո՞վ էր արել Կոտլերի PR-ը»:

Թիմը

Տաթեւիկ. Առաջին տարում հասկացանք, որ նոր աշխատողի կարիք ունենք: Նոնան համալսարանական աշխատանքին զուգահեռ՝ չէր կարող մեզ հետ առավոտից գրասենյակում լիներ, իսկ մենք ցանկանում էինք թիմում գոնե երեք հոգով լինել, հրավիրեցինք Մարիամին աշխատանքի, նա նույնպես մեր ֆակուլտետի ուսանողն էր:

Մարիամ Սաֆարյանը մեր հասարակայնության հետ կապերի տնօրենն է: Նա հավատաց մեզ եւ միացավ մեր թիմին, երբ մենք դեռ շատ բան չունեինք նրան առաջարկելու:

Մարիամի ներդրումն էլ մեր թիմը չլքելն էր, հատկապես սկզբնական փուլում, երբ որոշ ճգնաժամեր էին առաջանում:

Մարիամ Սաֆարյանը

Մարիաննա. Տարիների ընթացքում մեր թիմը սկսեց մեծանալ, շատերն էլ որոշակի մեծ ծրագրերի ժամանակ են մեզ միանում: Նոր աշխատողի կարիք միշտ ունենք, սակայն հիմա մեզ համապատասխան մասնագետ գտնելը շատ բարդ է:


Ներկայում երեք-չորս մասնագետի կարիք ունենք, ամեն օր ստանում ենք բազմաթիվ CV-ներ: Վերջերս երեք երկրից մասնագետներ են դիմել մեզ, որոնք ազգությամբ հայ են, ցանկանում են միանալ մեր թիմին եւ տեղափոխվել Հայաստան:

Ամեն տարի նաեւ տարբեր համալսարաններից ուսանողներ են մեզ մոտ փորձաշրջան անցնում:

SPRING PR-ի թիմը

Ռիսկն ամբողջ գործն է

Նոնա. 24/7 աշխատանքն է հաջողության գաղտնիքը. սկզբում մենք էինք աշխատում կազմակերպության կայունացման համար, հիմա կազմակերպությունն է աշխատում մեր կայունացման համար: Հիմնականում մեր ընկերությունը ծառայությունների վաճառք չի արել, այլ մեզ են գտել ու վստահել իրենց ծրագրերը: PR-ի տարբեր ծառայություններ ենք մատուցում բոլոր ոլորտներում: Հավատում ենք, որ շատ բան ենք փոխել ու փոխում ոլորտում:

SPRING PR-ի աշխատակից Նազենի Բաղդասարյանը

Մարիաննա. Մեզնից յուրաքանչյուրին շատ առաջարկներ են եղել, ավելի բարձր աշխատավարձով տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ վարելու համար, բայց միշտ հրաժարվել ենք, որովհետեւ մենք բոլորս շատ հավատացել ենք մեր գաղափարին ու շարունակել ենք աշխատել:

Չենք դիմել ու փնտրել ներդրումներ, եղել են մարդիկ, որ առաջարկել են աջակցել մեզ, բայց հրաժարվել ենք, որովհետեւ հասկացել ենք՝ առաջարկն ընդունելու դեպքում մեր ընկերությունը հաջորդ օրը նույնը չէր լինի, ինչպիսին մենք էինք ստեղծել: Մայրական զգացում ունենք, որովհետեւ մենք ենք այս ընկերությունը ձեւավորել ու դարձրել 10 տարեկան:

Տաթեւիկ. Ռիսկը հաճախ ոչ թե գործի կեսն է, այլ ամբողջ գործը: Մենք չունեինք լուրջ պատկերացում, գումար, բայց դիմեցինք ռիսկի ու հիմնեցինք մեր ընկերությունը: Կարեւոր է տեսնել հաջորդ քայլդ եւ ունենալ նպատակ, որից երբեք չպետք է շեղվել:

SRING PR-ի հիմնադիրները

Երբ նոր էինք մտնում դաշտ ու ձեւավորում PR մասնագետի մեր ինքնությունը, պատկերացնում էինք միայն, թե ինչպես ենք PR-ի Միջազգային ասոցիացիային եւ այլ միջազգային կառույցների անդամակցելու, իսկ այս աշնանը մենք Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) հետ Հայաստանում կազմակերպելու ենք PR-ի դաշտում ամենախոշոր մրցանակաբաշխությունը, որը Երեւանում հավաքելու է աշխարհի տարբեր մասնագետների: Այն ժամանակ մենք ուզում էինք ու ձգտում լինել այդ միջավայրում, իսկ այսօր մենք ինքներս ենք նրանց բերում Հայաստան:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ SRING PR-ի արխիվից

«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Դիտում՝ 36733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW