Բրիտանա-լիտվական Revolut նեոբանկը 2026 թվականի մրցաշրջանից կդառնա «Formula-1»-ի «Audi» թիմի տիտղոսային հովանավորը։Գերմանական թիմի գլխավոր տնօրեն Ջոնաթան Ուիթլիի խոսքով՝ բանակցություններն ավարտվել են չորս ամսից էլ պակաս ժամանակահատվածում, իսկ գործարքը շահավետ կլինի երկու կողմերի համար: Revolut-ը կփոխարինի ներկայիս տիտղոսային հովանավոր Stake բուքմեյքերական ընկերությանը, որի հետ պայմանագիրը լրանում է 2025 թվականի մրցաշրջանի ավարտին:««Audi»-ն մուտք է գործում «Formula-1» հետեւյալ առաքելությամբ. առաջնությունն օգտագործել որպես տեխնոլոգիական եւ տնտեսապես շահավետ ներդրում բրենդի ապագայում։ Մենք վստահ ենք նախագծի հաջողության մեջ։ Revolut-ը մեզ համար դարձել է մի գործընկեր, որը կիսում է մեր հավակնությունները»,- ասել է «Audi»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գերնոտ Դելները։Համաձայնագրի շրջանակում Revolut-ը կստանա բացառիկ իրավունք թիմի մեքենաների, մրցարշավային հանդերձանքի վրա եւ հեռարձակումների ընթացքում տեղադրել իր ապրանքանշանները, բանկը նաեւ կհիշատակվի թիմի անվանման մեջ։ Գործընկերությունը ներառում է նաեւ Revolut Business հարթակի ինտեգրումը «Audi»-ի ֆինանսական գործառնությունների մեջ եւ տեխնոլոգիաների օգտագործումը մերչենդայզինգի կառավարման համար։ Հատուկ ուշադրություն կդարձվի երկրպագուների փորձի բարելավմանը՝ Revolut-ի հաճախորդների համար բացառիկ առաջարկների միջոցով։Revolut-ի մարքեթինգի գծով տնօրեն Անտուան Լե Նելը, առանց բացահայտելու գործընկերության ֆինանսական մանրամասները, ընդգծել է «Audi»-ի հետ գործընկերության երկարաժամկետ բնույթը եւ մինչեւ 2027 թվականը 100 միլիոն հաճախորդի հասնելու հավակնոտ նպատակը: Նա ասել է, որ ընկերությունը փնտրում էր հարթակ իր ընդլայնումը սատարելու համար. «Մենք իրական հնարավորություն ունենք ներգրավելու «Formula-1»-ի հսկայական լսարանը: Մանրածախ եւ բիզնես հաճախորդների տեսանկյունից մենք կկարողանանք ներգրավել երկրպագուներին Revolut-ի հարթակի միջոցով»: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16182