Klarna ֆինտեխ ընկերությունը գործարկել է Money Story ծառայությունը
06.02.2023 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ klarna.com

Money Story-ում օգտագործվում է սոցիալական ցանցերում տարածված անիմացիոն «պատմությունների» ձեւաչափը՝ օգնելու օգտատերերին վերլուծել ծախսերը, որոնք նրանք կարող են վերածել 2023 թվականի համար ֆինանսական նպատակների: Փաթեթը վիզուալիզացնում է ծախսերի մոդելները եւ առաջարկում անիմացիոն հարցում, որը դրդում է հաճախորդներին խորհել՝ որտեղ են նրանք ծախսել սեփական միջոցները 2022 թվականին:
Բացի 2022 թվականին կատարված ընդհանուր ծախսերի, սպառողները նաեւ ստանում են տեղեկատվություն՝ ըստ ամիսների, առեւտրային ընկերությունների եւ դրանց կատեգորիաների: Յուրաքանչյուր օգտատիրոջ Money Story-ն ներառում է նաեւ հուշումներ՝ ծանոթանալու եւ փորձարկելու համար Klarna-ի ֆինանսների կառավարման գործիքները, ինչպիսիք են բյուջեի թրեքերը եւ ամսական ծախսերի բաժանումը:
Klarna-ի Քարտերի եւ բանկային ծառայությունների գծով բաժնի ղեկավար Ֆելիքս Վյուրտենբերգերի խոսքով՝ ընկերության սպառողների համար սա կլինի առաջին դեպքը, երբ նրանք կստանան Klarna-ի միջոցով կատարված տարեկան ծախսերի համապարփակ նկարագրությունը: «Փողերի կառավարման հաճախ ձանձրալի եւ բարդ առօրեական գործընթացի գեյմիֆիկացիայի միջոցով մենք ակնկալում ենք ոգեշնչել օգտատերերին՝ 2023-ին եւ գալիք տարիների ընթացքում վերահսկելու իրենց ֆինանսները եւ առավելագույն օգուտով ծախսելու դժվարությամբ վաստակած գումարները»,- ասել է Վյուրտենբերգերը:
Ծառայությունը, որն ընդգրկում է Klarna-ի օգնությամբ կատարված ծախսերի մասին բոլոր տվյալները, ներառյալ՝ գնումները Klarna App-ի, Klarna Card-ի եւ գործընկեր ռիթեյլերների դրամարկղերի միջոցով, հաճախորդներին հասանելի է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Գերմանիայում:
«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող Klarna ֆինտեխ ստարտափն անցած տարվա սկզբին սկսեց ծառայություններ տրամադրել 9 նոր երկրում՝ Ավստրալիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Կանադայում եւ Նոր Զելանդիայում:
Klarna-ն սկսել է գործել 2005 թվականից, սկզբում որպես առցանց վճարումների ծառայություն, իսկ բանկային լիցենզիա ստացել է միայն 2017-ին: Klarna-ի համահիմնադիր Սեբաստիան Սեմյատկովսկին նշում էր, որ բիզնեսի հիմքում ընկած է առցանց խանութի եւ գնորդի միջեւ եղած անվստահության խնդրի լուծումը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: