Ամերիկյան խոշոր բանկերը կստեղծեն Apple Pay-ի եւ PayPal-ի մրցակցին

24.01.2023 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ԱՄՆ բանկեր #Early Warning Services #թվային դրամապանակ
JPMorgan-ը, Bank of America-ն, Wells Fargo-ն եւ ամերիկյան չորս այլ բանկեր մտադիր են միավորվել՝ թվային դրամապանակ ստեղծելու համար, որը թույլ կտա գնորդներին վճարել առցանց խանութներում դրան կցված բանկային քարտերով:

VC.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրների տվյալները։

Ծառայությունը կկառավարվի Early Warning Services (EWS) ընկերության կողմից, որի սեփականատերերի թվում են Bank of America-ն, Truist-ը, Capital One-ը, JPMorgan-ը, PNC Bank-ը, U.S. Bancorp-ը եւ Wells Fargo-ն։ EWS-ն արդեն կառավարում է բանկերի մեկ այլ համատեղ նախագիծը՝ Zelle ակնթարթային փոխանցումների հարթակը:

Բանկերը նախատեսում են նոր ծառայության ներդրումը սկսել 2023 թվականի երկրորդ կեսից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այն պետք է դառնա Apple Pay-ի եւ PayPal-ի մրցակիցը։ Դրանից հնարավորություն կունենան օգտվել EWS-ի սեփականատեր բանկերի հաճախորդները, իսկ գործարկման պահին ծառայությունը կունենա մոտ 150 միլիոն Visa եւ Mastercard բանկային քարտեր։

Առանձին հավելվածն անհրաժեշտ է, քանի որ Apple Pay-ը եւ PayPal-ը արտաքին օպերատորներ են, գրում է WSJ-ն։ Բանկերը մտահոգված են հաճախորդների հետ հարաբերությունների նկատմամբ վերահսկողության կորստով, ինչպես նաեւ փորձում են նվազեցնել խարդախության ռիսկերը. օրինակ, դրամապանակի սեփականատերերը ստիպված չեն լինի մուտքագրել իրենց քարտի տվյալները:

Սակայն ծառայության մանրամասները դեռեւս քննարկվում են. ամենայն հավանականությամբ, ինչպես գրում է WSJ-ն, ծառայությունը կաշխատի այսպես. պատվերի ձեւակերպման էջում օգտատերը պետք է նշի իր էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ վաճառողն, իր հերթին, պետք է կապ հաստատի  EWS-ի հետ, որը կդիմի բանկերին գործարքի համար հաստատում ստանալու համար, ապա կտրամադրի անհրաժեշտ քարտերը: Եթե ծառայությունը պահանջված դառնա, դրանում կավելացվեն վճարման այլ եղանակներ, այդ թվում՝ անմիջապես բանկային հաշվից:

JPMorgan-ը նախկինում ուներ իր Chase Pay թվային դրամապանակը՝ Apple Pay-ի հետ մրցակցելու համար: Բանկն այն գործարկել էր 2015 թվականին, իսկ 2020-ին՝ փակել։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 66726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW