Վրաստանում կգործարկվի թվային առաջին բանկը

22.11.2022 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Վրաստան #Paysera Georgia #թվային բանկ
Վրաստանի Ազգային բանկը Paysera Georgia բաժնետիրական ընկերությանը տրամադրել է բանկային գործունեության լիցենզիա՝ հաշվի առնելով թվային բանկի լիցենզավորման սկզբունքները։

Paysera Georgia-ի բիզնես մոդելը հիմնված է Եվրամիության ֆինանսական համակարգի հետ ինտեգրման վրա եւ ենթադրում է հաճախորդներին նորարարական թվային պրոդուկտների տրամադրում: Հաշվի առնելով թվային մոդելը՝ Paysera Georgia-ի ծառայություններից հնարավոր կլինի օգտվել հեռավար եղանակով՝ առանց մասնաճյուղերի ու սպասարկման կենտրոնների։

Վրաստանի Ազգային բանկի կողմից մշակված թվային բանկային գործունեության լիցենզավորման սկզբունքների համաձայն՝ հայտատուի բիզնես մոդելը գնահատելուց եւ օրենքով սահմանված պահանջները բավարարելուց հետո տրվում է բանկային լիցենզիա՝ որոշակի սահմանափակումներով, ինչպես նաեւ սահմանվում է ժամկետ թվային բանկի լիարժեք գործունեության եւ նվազագույն կապիտալի աստիճանական համալրման համար։

Լիցենզիա ստանալուց հետո Paysera Georgia-ն չորս ամիս կաշխատի թեստային ռեժիմով եւ կունենա որոշակի սահմանափակումներ։ Բանկային գործունեությունն իրական ռեժիմով իրականացնելու լիազորությունների տրամադրումը կիրականացվի փուլերով։

Վրացական bm.ge բիզնես պարբերականի տվյալների համաձայն՝ բանկի գլխավոր տնօրեն է նշանակվել Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Դմիտրի Կումսիշվիլին։

Նշենք, որ Paysera-ն 100% լիտվական կապիտալով ֆինտեխ ընկերություն է։ Ինչպես ասված է ընկերության կայքում, Paysera-ն ստեղծում է առանց սահմանների վճարումների ժամանակակից աշխարհ, իսկ նրա ծառայություններից օգտվում են «ինչպես մասնավոր, այնպես էլ բիզնես հաճախորդներ ամբողջ աշխարհում»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 62295

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW