Ռուսաստանում կգործարկվի բանկոմատների արտադրություն

10.06.2022 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բանկոմատներ #BFS #Արտյոմ Ժիլոնով
Ռուսաստանյան խոշոր բանկերը, որոնց մի մասը գտնվում է արեւմտյան պատժամիջոցների տակ, կսկսեն տեղական բանկոմատներ գնել, RBC-ին հայտնել են բանկերի ներկայացուցիչները։

Ներկայումս ռուսաստանյան շուկայում ներկայացված են միայն բանկոմատների արտասահմանյան արտադրողները, նշել է «Սբերբանկ»-ի ներկայացուցիչը։ Արդեն 2021 թվականին, կառավարության որոշման համաձայն, պետական մասնակցությամբ բանկերի համար ռուսաստանյան արտադրանքի մասնաբաժինը նման սարքերի գնումների մեջ պետք է կազմեր առնվազն 18%, 2022 թվականից այն աճել է մինչեւ 20%:

Բանկոմատների սեփական արտադրություն է սկսել արտասահմանյան տերմինալների մատակարարներից մեկը, իսկ ֆինանսավորել է նրան, այդ թվում` Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը: Բանկոմատների ոչ բոլոր բաղադրամասերը կլինեն ռուսաստանյան։ Փորձագետները նշում են, որ արտադրության հետ կապված կարող են դժվարություններ լինել, իսկ երկրում ամենատեխնոլոգիական սարքերը նախկինի պես մնում են կորեականները (դրանց արտադրողը չի դադարեցրել աշխատանքը Ռուսաստանում):

Բանկոմատներ արտադրել որոշել է ռուսաստանյան BFS ընկերությունը, որը 2004 թվականից արտասահմանյան արտադրանք էր մատակարարում, RBC-ին պատմել է ընկերության գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Արտյոմ Ժիլոնովը։ Խոսքը «Էլբրուս» պրոցեսորով ինքնասպասարկման սարքերի մասին է, որոնց արտադրությունը նախատեսվում է սկսել 2023 թվականի սկզբին։

«Ռուսաստանի խոշոր բանկերը, այդ թվում՝ ՎՏԲ-ն, արդեն սկսել են հետաքրքրվել մեր բանկոմատներով։ Ձեւավորվել են աշխատանքային խմբեր, եւ մեր գործընկերների հետ նախատեսում ենք առաջին խմբաքանակների առաքումները։ Խոշոր բանկերից մեկը նախատեսում է 2023 թվականի սկզբին մեզանից գնել մոտ 1,5 հազար սարք»,- տեղեկացրել է Ժիլոնովը։



ՎՏԲ-ն իր առջեւ խնդիր է դնում վերակողմնորոշվել դեպի ռուսաստանյան արտադրության սարքեր, եւ BFS առաջին բանկոմատների թողարկումից հետո նախատեսում է փորձարկել դրանք, հաստատել է բանկի ներկայացուցիչը: «Մեր բանկոմատների պարկում սարքերի ամբողջական ներդրման մասին որոշումը կկայացվի փորձնական նախագծի արդյունքների հիման վրա»,- ասել է նա։

«Սբեր»-ը եւս շահագրգռված է իր բանկոմատների պարկի դիվերսիֆիկացմամբ եւ պատրաստ է դիտարկել պոտենցիալ արտադրողների առաջարկները՝ պայմանով, որ դրանք համապատասխանեն տեխնիկական, անվտանգության, էրգոնոմիկայի եւ դիզայնի պահանջներին, ասել է բանկի ներկայացուցիչը։

Ռուսաստանյան բանկոմատներից օգտվելու հնարավորությունն ուսումնասիրում է նաեւ «Ռոսբանկ»-ը։ Նման հնարավորությունն ապագայում չի բացառում «Ռուսական ստանդարտ»-ը, տեղեկացրել են բանկերի ներկայացուցիչները։

Ռուսաստանյան բանկոմատների նկատմամբ անհրաժեշտությունը սրվեց այն բանից հետո, երբ արտասահմանյան բանկոմատ արտադրողները՝ ամերիկյան Diebold Nixdorf եւ NCR ընկերությունները, որոշեցին դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում՝ 2022 թվականի գարնանը ՌԴ ֆինանսական հատվածի դեմ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին: «Նրանք բանկոմատների համաշխարհային շուկայի առաջատարներն են եւ ռուսաստանյան շուկայի առաջատարները: Մեզ մոտ բանկոմատների նրանց մասնաբաժինը կազմում է սարքերի ընդհանուր թվի մոտ 60-70%-ը։ Բանկերի մեծ մասն աշխատել է նրանց հետ»,- նշել է Ժիլոնովը:

Բանկոմատների խոշոր արտադրողների հեռանալու պատճառով բանկերը, օրինակ, խնդրել են Կենտրոնական բանկին հետաձգել նոր թղթադրամների ներմուծումը, որոնք պետք է հայտնվեին 2022 թվականին։ Միաժամանակ, Ռուսաստանում շարունակում են գործել GRG բանկոմատները, որոնք արտադրվում են Չինաստանի պետական պաշտպանական հոլդինգի կողմից, ինչպես նաեւ կորեական Nautilus Hyosung-ը, ճապոնական OKI-ը եւ այլն։

Տեղական արտադրության BFS բանկոմատներում կներկառուցվի ռուսաստանյան «Էլբրուս» պրոցեսորը։ Բացի դրանից, ներմուծման փոխարինման առաջին փուլում կօգտագործվեն ռուսաստանյան դիզայնը, փաստաթղթերը, կորպուսային բաղադրամասերը եւ ռուսաստանյան ծրագրային ապահովումը։ Կանխիկի ճանաչման եւ մշակման մոդուլը, ինչպես նաեւ մի շարք բաղադրամասեր, առայժմ  կմնան արտասահմանյան (ընկերությունը նախատեսում է մի քանի տարվա ընթացքում փոխարինել բանկոմատներում մնացած արտասահմանյան բաղադրամասերը): Օպերացիոն համակարգը կլինի Linux։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 55984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW