ՌԴ-ում կփորձարկվի բանկոմատի միջոցով հաճախորդին նույնականացնելու տեխնոլոգիան

06.06.2022 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Արտյոմ Ժիլոնով #բանկոմատներ #նույնականացում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը կուսումնասիրի բանկոմատների օգտագործման հարցը՝ բանկերի նոր հաճախորդներին տեսանույնականացման համար։ Տեխնոլոգիան փորձարկելու առաջարկով  ԿԲ-ին է դիմել բանկոմատների մատակարար ու արտադրող BFS ընկերությունը։ Այս մասին RBC-ին պատմել է BFS-ի գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Արտյոմ Ժիլոնովը։

Կենտրոնական բանկի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ներկայումս տեսակապի կոմերցիոն ծառայությունների կիրառմամբ նույնականացման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։ Նա հավելել է, որ Ռուսաստանի բանկը դիտարկում է ֆինանսական հաստատությունների հաճախորդներին նույնականացնելու մոտեցումների մշակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։

Իր հերթին, Ժիլոնովը նշել է, որ տեխնոլոգիան փորձարկելու համար ընկերությունը գտնվում է Կենտրոնական բանկի հետ վարչական հարցերի քննարկման եզրափակիչ փուլում։

Ներկայումս, փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրության համաձայն, բանկերը կարող են իրականացնել հաճախորդների տեսանույնականացում մասնաճյուղում իրենց ներկայությամբ կամ Միասնական կենսաչափական համակարգի օգնությամբ:

«Մենք դիմել ենք Կենտրոնական բանկ՝ առաջարկով փորձարկել բանկոմատների օգտագործումը տեսանույնականացման մեր լուծումով։ Մեզ մոտ տեսակապի սեանսն իրականացվում է սարքի միջոցով, որն ամբողջությամբ գտնվում է բանկի անվտանգության ուրվագծում, եւ հաճախորդի տրամադրած անձնագիրը վավերացվում է հատուկ միջոցով, որը ստուգում է այն մինչեւ վեց պրոյեկցիաներ, ինչը նույնիսկ ավելի անվտանգ է, քան երբ բանկի աշխատակիցն այն պարզապես անցկացնում է կապույտ լամպի տակ»,- նշել է Ժիլոնովը:

Նրա խոսքով՝ համապատասխան ծրագրային ապահովումը կարող է ներդրվել ցանկացած արտադրողի բանկոմատներում։ Ընկերությունը նախատեսում է նաեւ ինքնուրույն արտադրել ռուսաստանյան բանկոմատներ, որոնք կպարունակեն տպիչ, փաստաթղթերի սկաներ, անձնագրի վավերացման մոդուլ, բանկի աշխատակցի հետ կապ հաստատելու համար լսափող, dropbox, որպեսզի հնարավոր լինի թողնել ստորագրված փաստաթղթերը, քարտերի  տրամադրման համար մոդուլներ եւ այլն։

Բանկային շուկայի մասնակիցներն առաջին անգամ առաջարկեցին Կենտրոնական բանկին նոր հաճախորդների նույնականացման համար փորձարկել տեսակապի ձեւաչափը դեռեւս 2020 թվականին՝ COVID-19 համավարակի եւ ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման ֆոնին։ Սակայն դա ենթադրում էր հաճախորդի նոութբուքի տեսախցիկի օգտագործումը: Այս ձեւաչափում Ռուսաստանի բանկը տեսավ խարդախության ռիսկեր, այդ թվում՝ անձնագրի կեղծում, դիպֆեյք տեխնոլոգիայի կիրառում (մարդու պատկերի փոխարինում) կամ պրոֆեսիոնալ գրիմի օգտագործում։

Ըստ Ժիլոնովի՝ հաճախորդներին տեսանույնականացման գործառույթով բանկոմատները կարող են օգտագործվել երկու բիզնես մոդելներում. «Որոշ բանկեր ունեն հսկայական մասնաճյուղային ցանցեր եւ զգալի ծախսեր, դրանք կարող են կրճատվել, բայց, միաժամանակ, թողնել ներկայության կետ՝ նման տեխնոլոգիական սարքի տեսքով։ Եվ կա բանկերի մեկ այլ հատված, որը չունի մեծ ցանց, բայց դրանք կցանկանային «ձեռք մեկնել» հաճախորդներին ամբողջ երկրում (տեսաբանկոմատների օգնությամբ - RBC)»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 42546
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW