Ապառիկ ոլորտի ֆինտեխ ստարտափները շարունակում են ներդրումային մրցավազքը

12.11.2021 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Zilch #BNPL #ներդրումներ
Բրիտանական Zilch ֆինտեխ ստարտափը, որը ծառայություններ է մատուցում BNPL (buy now, pay later, «գնիր հիմա, վճարիր հետո») ոլորտում, հերթական ներդրումային փուլի ընթացքում ներգրավել է $110 մլն, ընկերության գնահատումն աճել է մինչեւ $2 մլրդ:

Ինչպես գրում է Frank Media-ն`վկայակոչելով CNBC-ն, ութ ամիս առաջ ներդրումային փուլի արդյունքներով ընկերությունը ստացել էր $500 մլն գնահատում, այսպիսով՝ այս ընթացքում ընկերության արժեքը քառապատկվել է։ Zilch-ը նախատեսում է ներգրավված միջոցներն օգտագործել ԱՄՆ-ում բիզնես գործարկելու համար։ Ընկերությունն արդեն գրասենյակ է բացել Մայամիում։

Zilch-ը հուսով է, որ իր մոտեցումը BNPL-ին կօգնի ընկերությանն առանձնանալ այլ առցանց ապառիկ ծառայություններից: Այսպես, ի տարբերություն Klarna-ի, Afterpay-ի եւ Affirm-ի, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները որոշ ռիթեյլերների կայքերում, Zilch-ը հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել իր ծառայությունից ամենուր, որտեղ ընդունվում են Mastercard վճարային համակարգի քարտերը:

Zilch-ի ղեկավար Ֆիլիպ Բելամանթի խոսքով՝ ստարտափն ընտրել է այս մոտեցումն այն պատճառով, որ բոլոր BNPL ծառայությունները «նույն տեսքն ունեն»։ «Չեմ ուզում ասել, որ նրանց բիզնեսը վատն է, ուղղակի պատճենահան թղթի պես են։ Իրականում, մենք նրանց դեմ օգտագործում ենք հաստատված սկզբունքներ։ Մենք դիմում ենք անմիջապես սպառողներին եւ ասում, որ նրանք կարող են գնել հիմա եւ վճարել հետո, որտեղ ուզում են»,- ասել է Բելամանթը:

Նշենք, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է հետաքրքրությունը BNPL ծառայությունների նկատմամբ: Այսպես՝ այս տարվա ամռանը ամերիկյան Square վճարային ընկերությունը, որը ղեկավարում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, եւ ավստրալիական Afterpay-ը, որը մասնագիտանում է առցանց ապառիկի ուղղությամբ, պայմանավորվել էին բաժնետոմսերի փոխանակման գործարքի շուրջ, որի գնահատված արժեքը կազմել է $29 միլիարդ:

Սեպտեմբերին հայտնել էինք, որ PayPal-ը պայմանավորվածություն է ձեռք բերել գնելու BNPL ոլորտում ծառայություններ մատուցող ճապոնական Paidy ընկերությունը $2.7 միլիարդով: Իսկ հոկտեմբերին Mastercard-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի շուկաներում կգործարկի Mastercard Installments ծրագիրը, որի շրջանակում սպառողներին հասանելի կդառնա BNPL ծառայությունը։

Վերջերս էլ աշխարհի երկու խոշորագույն ֆինտեխ ստարտափները՝ ամերիկյան Stripe-ն ու շվեդական Кlarna-ն հայտարարեցին համագործակցության մասին, որի շրջանակում Stripe-ը հնարավորություն կտա իր հաճախորդ ռիթեյլերներին ինտեգրել Klarna-ի BNPL վճարման եղանակն իրենց առցանց խանութներում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW