Razorpay հնդկական վճարային ընկերությունն ավարտել է ֆինանսավորման հերթական փուլը, որի ընթացքում ներգրավել է $100 մլն եւ համալրել «միլիարդատերերի ակումբը»:Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, ներդրողները Razorpay-ի կապիտալիզացիան գնահատել են «$1 մլրդ-ից մի փոքր ավել»:Ներդրումային փուլը գլխավորել են Սինգապուրյան բարեկեցության սուվերեն հիմնադրամն (GIC) ու Sequoia India վենչուրային ֆոնդը: Razorpay-ին աջակցել են նաեւ իր նախկին ներդրողները: Այս ֆինանսավորման փուլը դարձել է խոշորագույնը վեցամյա ընկերության պատմության մեջ: Իր գործունեության ընթացքում Razorpay-ը ներգրավել է ավելի քան $206 մլն-ի ֆինանսավորում: Razorpay-ի գործունեությունն ուղղված է փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Ընկերությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին ուղարկել եւ ստանալ վճարումներ, ինչպես նաեւ մշակել համապատասխան գործարքներ: Ընկերությունն աշխատում է նաեւ վարկավորման շուկայում. ստարտափը փոխառություններ է տրամադրում ընկերություններին եւ կորպորատիվ վարկային քարտերի թողարկման համար բանկային հարթակ է գործարկել: Razorpay-ը հիմնադրվել է 2014թ.: Այս ընթացքում այն դարձել է Հնդկաստանում վճարային ծառայություններ մատուցող խոշոր ընկերություններից մեկը: Razorpay-ի հաճախորդներ են հանդիսանում ինչպես տեղական ձեռնարկություններ, այնպես միջազգային ընկերություններ, օրինակ՝ Facebook-ը, Google-ը եւ Wikipedia-ն: 2020թ. ստարտափը նախատեսում է շուրջ $25 մլրդ-ի գործարք մշակել, ինչը հինգ անգամ ավել է, քան նախորդ տարի: Razorpay-ի ծառայություններից օգտվում է շուրջ 10 մլն հաճախորդ, իսկ 2025թ. օգտվողների թիվը կարող է աճել մինչեւ 50 մլն: Razorpay-ում ընդգծում են, որ Հնդկաստանում գրանցված 42,5 մլն փոքր ձեռնարկություններից 53%-ը չունի հասանելիություն թվային ֆինանսական գործիքներին: Ուստի ներկայումս ընկերությունը չի պլանավորում միջազգային ընդլայնում, այլ մտադիր է կենտրոնանալ տեղական շուկայում: «Մրցակցությունը Հնդկաստանի թվային վճարումների շուկայում տարեցտարի միայն աճում է: Այստեղ հաճախորդների համար պայքարում են ոչ միայն տեղական ընկերությունները, այլեւ խոշոր արտասահմանյան կորպորացիաները: Statista պորտալի տեղեկություններով՝ մինչեւ տարեվերջ գործարքների ընդհանուր ծավալն այս հատվածում կգերազանցի $69 մլրդ-ը, իսկ 2024թ. վերջին՝ $141 մլրդ-ը»,- նշում է պարբերականը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 13052