LearnBonds ֆինանսական պորտալի կանխատեսումներով՝ այս տարի ավտոմատ ռոբոտացված ներդրումային խորհրդատուների (Robo-advisor/ռոբո-ըդվայզեր) համաշխարհային ինդուստրիան կկազմի $1,4 տրլն՝ անցած տարվան համեմատ արձանագրելով 47% աճ:Իսկ արդեն 2023թ. ինդուստրիան կհասնի $2,5 տրլն-ի՝ այս տեխնոլոգիայում մշտապես աճող ներդրումների, ինչպես նաեւ առաջատար միջազգային ֆինանսական կորպորացիաների ցուցաբերած հետաքրքրության շնորհիվ:Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, առաջին նման համակարգերը հայտնվել են 2008թ., երբ ֆինանսական ճգնաժամի պատճառով փոքր ներդրողները փնտրում էին մինիմալ միջնորդավճարներով ակտիվների կառավարիչների: Առաջիններից նման ծառայություններ առաջարկեցին Betterment եւ Wealthfront ամերիկյան ստարտափները, այդ ժամանակվանից ռոբո-ըդվայզերների թիվն ավելացավ մինչեւ մի քանի հարյուր:Ռոբո-ըդվայզերների աշխատանքում օգտագործվում են հատուկ ծրագրային ապահովումներ եւ մաթեմատիկական ալգորիթմներ, որոնք հնարավորություն են տալիս առաջարկել հաճախորդին այս կամ այն ներդրումները՝ կախված շուկայում ընթացիկ իրավիճակից, ներդրողի միջոցներից, ներդրումային ռազմավարության վերաբերյալ վարքագծային իր ցանկություններից, ռիսկի մակարդակից, ներդրումների ոլորտների նախապատվություններից եւ այլն: Ներկայում գործարքների մեծ մասը կնքվում է ԱՄՆ-ում ($1 տրլն): Ռոբո-ըդվայզերների օգնությամբ իրականացված տրանզակցիաների ծավալով երկրորդ տեղում Չինաստանն է ($312 մլրդ): Այս շուկայում խոշորագույն երկրների հնգյակում են նաեւ Մեծ Բրիտանիան ($24 մլրդ), Գերմանիան ($13 մլրդ) եւ Կանադան ($8 մլրդ):LearnBonds-ի վերլուծաբանները նշում են, որ մանրածախ բանկային ինդուստրիայում ռոբոտացված եւ ավտոմատ համակարգերի զարգացմանը զուգահեռ՝ ավելի շատ հաճախորդներ ներդրումային գործունեության ընթացքում կդիմեն նաեւ ռոբոտացված համակարգերին: Եթե 2017թ. ռոբո-ըդվայզերների ծառայություններից ամբողջ աշխարհով օգտվում էր ընդամենը 13 մլն մարդ, ապա այսօր այդ թիվն աճել է հինգ անգամ՝ մինչեւ 70,5 մլն մարդ: Այսպիսով, նման ծառայությունների հաճախորդների թիվը տարեկան ավելացել է ավելի քան 50%-ով: Նման դինամիկան մասնագետներին առիթ է տալիս ենթադրելու, որ ռոբո-ըդվայզերների հաճախորդների թիվը 2023թ. կհասնի 147 մլն-ի:Վերջին շրջանում ռոբո-ըդվայզինգի տեխնոլոգիաների վրա ուշադրություն են դարձնում առաջատար ֆինանսական կորպորացիաները: Վերջերս Citigroup-ը հայտարարել է Citi Wealth Builder թվային ներդրումային հարթակի գործարկման մասին՝ նախատեսված ԱՄՆ-ում մանրածախ ներդրողների համար: Հարթակը օգտագործել սկսելու համար Citi-ի գործող հաճախորդին բավարար է ունենալ $1,5 հազ.:Ավելի վաղ ոոբո-ըդվայզերների գործարկման մասին հայտարարել էին այնպիսի առաջատար ամերիկյան բանկեր, ինչպիսիք են JPMorgan Chase-ը, Wells Fargo-ն, Bank of America-ն եւ Morgan Stanley-ն:Banks.am-ը նշում է, որ հետազոտությունն իրականացվել է մինչեւ կորոնավիրուսի համավարակը եւ նյութում բերված տվյալները կարող են փոփոխության ենթարկվել: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16286