Visa-ն ու Mastercard-ը խաղի նոր կանոններ են սահմանում ՌԴ բանկերի համար

02.04.2019 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Visa #Mastercard
Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը ռուսաստանյան բանկերին կպարտադրեն թողարկել միայն ոչ կոնտակտային քարտեր (NFC տեխնոլոգիայի կիրառմամբ), որոնք հնարավորություն կտան վճարել գնումների դիմաց մեկ հպումով:

Ինչպես հաղորդում է RBC-ն, վկայակոչելով սեփական աղբյուրները, համապատասխան պահանջները ներառված են ռուսաստանյան բանկերին ուղարկված հաղորդագրություններում: Ընդ որում, Visa-ն նոր կանոնները կկիրառի արդեն 2019թ. ապրիլի 13-ից, իսկ Mastercard-ը՝ 2021թ. ապրիլի 12-ից:  

Mastercard-ի մամուլի ծառայությունում հաստատել են այս տեղեկատվությունը, իսկ Visa-ն չի պատասխանել RBC-ի հարցմանը: ՌԴ երեք բանկերում հայտնել են, որ ծանոթ են նոր կանոններին: Ինչ վերաբերում է «Միր» վճարային համակարգին, ապա վերջինս չի նախատեսում նման պահանջ կիրառել իր քարտերի համար:

Պարբերականը մեջբերում է փորձագետների մեկնաբանությունները, համաձայն որոնց՝ ՌԴ ԿԲ-ն չի պահանջում թողարկել ոչ կոնտակտային քարտեր, մինչդեռ կա պարտադիր պահանջ՝ քարտերի մեջ ներառել չիպեր, այդ իսկ պատճառով բանկերը թողարկում են ինչպես հասարակ, այնպես էլ NFC տեխնոլոգիայի կիրառմամբ քարտեր:

Կոնտակտային քարտերի թողարկումն ավելի էժան է, քան ոչ կոնտակտայիններինը, ուստի վճարային համակարգերի պահանջը կանդրադառնա այն բանկերի վրա, որոնք շարունակում են թողարկել կոնտակտային քարտեր հաճախորդների առանձին սեգմենտի համար՝ սեփական ծախսերն օպտիմալացնելու նպատակով:  


Կախված խմբաքանակի չափից՝ ոչ կոնտակտային քարտի պատրաստման վրա բանկը ծախսում է 1,5-2 անգամ ավելի շատ գումար, քան կոնտակտային քարտերի դեպքում: Թողարկման արժեքը կախված է շատ հանգամանքներից՝ վճարային համակարգը, դրա տեսակը, խմբաքանակը, լրացուցիչ էֆեկտների կիրառումը եւ այլն, սակայն հիմնականում արժեքի վրա ազդում է չիպի գինը:   

Փորձագետների կարծիքով՝ անցումը ոչ կոնտակտային տեխնոլոգիաներին մարտահրավեր է հիմնականում ոչ մեծ եւ մարզային բանկերի համար: Խոշոր բանկերն ունեն սեփական պրոցեսինգային կենտրոնները՝ քարտի ինքնարժեքը նվազեցնելու համար, եւ նրանց համար այդքան էլ ցավագին չէ անցումը ոչ կոնտակտային քարտերի:

Mastercard-ի տվյալներով՝ Ռուսաստանում քարտերով կամ սմարթֆոններով ոչ կոնտակտային վճարումները կազմում են բոլոր գործարքների ավելի քան 50%-ը: Տեխնոլոգիան պահանջված են դարձնում պարզությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը:  

2018-ի աշնանը Visa-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանն առաջատար երկրների եռյակում է՝ ոչ կոնտակտային վճարումների թվով, որոնք կատարվում են ինչպես ոչ կոնտակտային քարտերի, այնպես էլ սմարթֆոնների (Apple Pay, Samsung Pay եւ այլն) միջոցով:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 20826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW