Սբերբանկը նորությունների օնլայն մոնիթորինգի համակարգում ներդրել է ABBYY ընկերության ինտելեկտուալ տեխնոլոգիաները՝ կոնտրագենտ բանկերի մասին հաղորդագրությունների բովանդակությունը ավտոմատ կերպով վերլուծելու համար: Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, վկայակոչելով ABBYY ընկերության մամուլի ծառայությունը, ռոբոտը կարդում է բոլոր հաղորդագրությունները, որտեղ հիշատակվում են Սբերբանկի կոնտրագենտ բանկերը, եւ օգնում նրանց կրեդիտային վարկանիշի շնորհման կամ թարմացման հարցում:Արհեստական բանականությունը վերլուծում է տեքստի բովանդակությունը եւ նորություններում բացահայտում ռիսկային գործոնի հիշատակումը. փոփոխությունները սեփականության կառուցվածքում, գործարքների պայմանների խախտումը, բաժնետերերի կամ մենեջմենթի մասնակցությամբ կոնֆլիկտները: Այնուհետեւ վերհանում է դրանց հետ կապ ունեցող օբյեկտները՝ բանկերի անվանումները, իրադարձությունների մասնակիցների անուններն ու պաշտոնները: «Այս լուծման շնորհիվ օնլայն ռեժիմում տեղի է ունենում նորությունների միավորում եւ իմաստային վերլուծում, դրանց դասակարգումը՝ ըստ տարբեր ռիսկային գործոնների: ABBYY-ի մոդելների միջով իրական ժամանակում անցնում է ավելի քան 1000 կոնտրագենտ բանկերի մասին նորությունների ամբողջ ծավալը, իսկ դոսյեում ավտոմատ կերպով հայտնվում են միայն կարեւոր տվյալները: Սա զգալիորեն նվազեցրել է աշխատակիցների գործի ծավալը՝ կապված լրատվության մշակման եւ դասակարգման հետ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: Ինչպես նշում է Ռուսաստանում ABBYY-ի ֆինանսական հատվածի հետ համագործակցության տնօրեն Օլգա Մորոզովան, աշխատանքը նորությունների հետ հանդիսանում է ռիսկերի կառավարման գործընթացի կարեւոր մասը: Եթե բանկը ժամանակին չարձագանքի էական լրատվական առիթին, դա կարող է ազդել իր հեղինակության եւ ֆինանսական կայունության վրա: «ABBYY-ի ինտելեկտուալ տեխնոլոգիաներն ազատում են բանկի աշխատակիցներին ամբողջ լրահոսը կարդալու հոգսից, ինչն էականորեն բարձրացնում է բանկի արձագանքի արագությունը, նվազեցնում է աշխատանքի ծավալը եւ բարձրացնում վերլուծության ճշգրտությունը»,- ընդգծել է Օլգա Մորոզովան:Banks.am-ը հիշեցնում է, որ ABBYY ընկերության հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը Երեւանի ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Դավիթ Յանն է: Նա նաեւ «Այբ» հիմնադրամի համահիմնադիրն է:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17835