Revolut ֆինտեխ ստարտափը եվրոպական բանկային արտոնագիր է ստացել
13.12.2018 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ wikimedia.org

Ռուսական եւ ուկրաինական ծագումով գործարարների կողմից Լոնդոնում հիմնված Revolut ֆինտեխ ստարտափը Լիտվայում ստացել է եվրոպական բանկային արտոնագիր:
Ինչպես հաղորդում է Rb.ru-ն, արտոնագիրն ընկերությանը թույլ կտա գործարկել մի շարք նոր ծառայություններ Լիտվայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Լեհաստանում: Այս երկրների բնակիչները կարող են ունենալ ոչ միայն էլեկտրոնային դրամապանակ, այլեւ դեբետային քարտ:
Հետագայում Revolut-ը նախատեսում է առաջարկել նաեւ օվերդրաֆտներ եւ վարկեր:
«Ընկերությանը տրամադրած փաստաթուղթը Revolut-ի օգտատերերին դարձնում է Ավանդների ապահովագրման եվրոպական համակարգի մասնակից, ինչը հնարավորություն է ընձեռում միջոցների կորստի դեպքում փոխհատուցել մինչեւ €100 հազ.: Դա խթան կհանդիսանա եվրոպացիների համար՝ Revolut-ում եղած հաշվին փոխանցել իրենց աշխատավարձերը եւ մեծ գումարներ»,- գրում է պարբերականը:
Banks.am-ը հիշեցնում է, որ Revolut ֆինանսական ստարտափը հիմնվել է 2015թ. Լոնդոնում: Ի սկզբանե ստարտափը մշակել էր դեբետային քարտ, որի միջոցով հնարավոր էր վճարումներ կատարել յուրաքանչյուր երկրում՝ փոխանակելով արժույթը միջբանկային փոխարժեքով։
Revolut-ն աշխատում է 130 արժույթով, ընկերության ծառայությունից օգտվում է արդեն մոտ 3 մլն մարդ (հիմնականում Միացյալ Թագավորությունում)։ Ստարտափն անցած տարի ներգրավել է $250 մլն-ի ներդրում՝ հասցնելով իր արժեքը $1,7 մլրդ-ի:
Այս տարի աշնանը հայտնի դարձավ, որ ընկերությունը նախատեսում է արտոնագիր ստանալու համար դիմում ներկայացնել Լյուսքեմբուրգին՝ Brexit-ի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու համար:
Revolut-ի համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին հայտարարել էր, որ ընկերությունը չի ծրագրում լքել Լոնդոնը, սակայն կանխատեսում էր, որ «Մեծ Բրիտանիայի՝ ֆինանսական կենտրոնի հեղինակությունը կարող է խամրել»: Նրա խոսքով՝ ավելի ու ավելի շատ բանկեր կցանկանան դուրս գալ շուկայից, երբ սկսեն ավելի քիչ վաստակել՝ հանդիպելով կարգավորման դաշտի ճնշմանն ու ֆինտեխ ընկերությունների մրցակցությանը:
Revlout-ն անցած տարի հանդիպել էր Մեծ Բրիտանիայի կարգավորիչ մարմնի ներկայացուցիչների հետ՝ բանկային գործունեության արտոնագիր ստանալու մտադրությամբ, սակայն, փոխարենը, նման դիմում ներկայացրել էր Լիտվային՝ մասամբ Brexit-ի պատճառով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: