Ռուսաստանում գործարկվել է «Կանխիկը՝ գնումների հետ» ծառայությունը

06.09.2018 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Բանկ Ռուսկիյ Ստանդարտ» #Mastercard #METRO Cash&Carry
Մոսկվայում բացվել է առաջին խանութը, որի դրամարկղում բանկային քարտով վճարում կատարելիս կարելի է նաեւ գումար կանխիկացնել: Նոր ծառայությունը ստացել է «Կանխիկը՝ գնումների հետ» անվանումը:

Նախագիծն իրագործել են Mastercard միջազգային վճարային համակարգը, «Ռուսական ստանդարտ բանկ»-ը եւ «Ֆասոլ» (Фасоль) խանութների ցանցը, որը գործում է մանրածախ եւ մեծածախ առեւտրի միջազգային խոշորագույն օպերատորներից մեկի՝ METRO Cash&Carry-ի ֆրանչայզինգի ներքո:

Ինչպես հայտնում են «Ռուսական ստանդարտ բանկ»-ի մամուլի ծառայությունում, նորարարական այս ծառայությունից դեռ կարող են օգտվել միայն «Ռուսական ստանդարտ բանկ»-ի Mastercard դեբետ եւ կրեդիտ քարտերի քարտապանները. բանկը հանդիսանում է ցանցի էքվայրինգի գործընկերը:  

Հաղորդագրությունում նշված է, որ «Ռուսական ստանդարտ բանկ»-ը դարձել է առաջին եւ միակ բանկը Ռուսաստանում, որն իր հաճախորդներին ընձեռում է գնումների դիմաց դրամարկղում բանկային քարտով վճարում իրականացնելիս գումար կանխիկացնելու հնարավորություն:


Մոտ ապագայում նախագիծը կզարգացվի, եւ METRO-ն աստիճանաբար այս ծառայության գործարկման հնարավորությունը կառաջարկի բոլոր ֆրանչայզիներին: Բացի այդ, Mastercard-ն աշխատում է գործընկերային ցանցի ընդլայնման ուղղությամբ եւ ծրագրում համագործակցել նոր խանութների եւ բանկերի հետ:

Խանութում գնումների հետ նաեւ կանխիկ ստանալու նպատակով անհրաժեշտ է վճարում կատարել «Ռուսական ստանդարտ բանկ»-ի Mastercard տեսակի քարտով, վճարում իրականացնելուց առաջ զգուշացնել դրամարկղի աշխատակցին կանխիկ ստանալու ցանկության մասին: Կանխիկացման մեկ գործարքի արժեքը չի կարող գերազանցել 5000 ռուբլին:

«Ռուսական ստանդարտ» հոլդինգի փոխնախագահ Էլդար Բիկմաեւը վստահություն է հայտնել, որ նոր ծառայությունը գործընկերներին հնարավորություն կտա ստանալու բոլոր անհրաժեշտ գործիքները՝ սպառողական պրոդուկտների տեսականու ընդլայնման եւ դրանց որակի բարձրացման համար՝ ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների համար:

Mastercard-ի՝ Ռուսաստանում շուկայի զարգացման գծով տնօրեն Իվան Իսայենկոն իր հերթին նշել է, որ «Կանխիկը՝ գնումների հետ» ծառայությունը ոչ միայն ֆինանսների կառավարման հարմարավետ եղանակ է քարտապանների համար, այլեւ ներդրում անկանխիկ տնտեսության զարգացման գործում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 5941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW