Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել է «Մարկետփլեյս» (Marketplace) նախագծի իրականացման «ճանապարհային քարտեզը». նախագծի նախատիպը նախատեսվում է փորձարկել այս տարվա ապրիլի կեսին, հաղորդում է Banki.ru-ն:Ինչպես նշել է ՌԴ ԿԲ-ի ֆինանսական շուկաների զարգացման դեպարտամենտի տնօրեն Ելենա Չայկովսկայան, նախատեսվում է, որ սպառողները հնարավորություն կստանան օնլայն ռեժիմում ավանդ ձեւակերպել՝ Banki.ru պորտալի միջոցով: Նույնականացումից հետո հաճախորդն իր անձնական կաբինետում պետք է տեսնի, որ իր անունով ավանդ է բացված նախագծի մասնակից հինգ բանկերից մեկում: ԿԲ-ում չեն բացառում, որ տարվա վերջին Մարկետփլեյսի միջոցով հնարավոր կլինի նաեւ պետական պարտատոմսեր գնել:«Բանկերի համար սա ավելի էժան տարբերակ կլինի, քան, եթե նույնն իրենք անեին ինքնուրույն: Նրանց միջեւ, ովքեր գիտեն՝ ինչպես վաճառել եւ նրանց, ովքեր վաճառելու բան ունեն, անհրաժեշտ է IT-հարթակի առկայություն»,- կարծում է Ելենա Չայկովսկայան: Իր հերթին, ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Շվեցովը նշել է, որ բացի հինգ բանկերից եւ «Банки.ру» հոլդինգից, նախագծին մասնակցում են բանկային ասոցիացիաներ եւ ֆինանսական ինքնակարգավորվող կազմակերպություններ, ինչպես նաեւ БКС ֆինանսական խումբը: Նա ընդգծել է, որ Մարկետփլեյսի ծառայություններից կկարողանա օգտվել Ռուսաստանի բնակչության կեսը: «Չնայած տեխնոլոգիաների զարգացմանը՝ ռուսաստանցիներն այսօր ֆինանսական ծառայությունների հասանելիության տարբեր հնարավորություններ ունեն: Առաջին հերթին, դա վերաբերում է ոչ մեծ բնակելի վայրերին, որտեղ հնարավոր է օգտվել մեկ կամ առավելագույնը երկու բանկի ծառայություններից: Նոր հարթակի զարգացմանը զուգահեռ՝ քաղաքացիները հավասար հնարավորություններ կունենան, զգալիորեն կաճի ֆինանսական ծառայությունների ներթափանցման մակարդակն ու բնակչության ֆինանսական գրագիտությունը»,- նշել է «Банки.ру» հոլդինգի գլխավոր տնօրեն Դինարա Յունուսովան: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 13927