Telegram-ը $850 մլն է ներգրավել

19.02.2018 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Telegram #TON #Պավել Դուրով
Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC) հաշվետվություն է ներկայացրել՝ 81 ներդրողից $850 մլն ներգրավելու մասին։

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, հաշվետվությունում բերված են բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերություն՝ Telegram Group Inc. եւ TON Issuer Inc., որոնք կառավարվում են Պավել եւ Նիկոլայ Դուրով եղբայրների կողմից։

Ներգրավված միջոցները կուղղվեն սեփական կրիպտոարժույթով (Gram) նոր՝ Telegram Open Network (TON) բլոկչեյն հարթակի եւ Telegram մեսենջերի զարգացմանը։

SEC-ին ներկայացրած փաստաթղթում Պավել Դուրովը չի նշել ներդրողների անունները, սակայն ռուսաստանցի որոշ գործարարներ արդեն հայտարարել են իրենց ներդրումների մասին։ Մասնավորապես, Qiwi-ի համահիմնադիր Սերգեյ Սոլոնինը պատմել է $17 մլն, իսկ Wimm Bill Dann ընկերության համահիմնադիր Դավիթ Յակոբաշվիլին հայտնել է $10 մլն ներդրում կատարելու մասին։

Ռուսաստանցի ներդրողների շարքում «Վեդոմոստի»-ն նշում է նաեւ Ռոման Աբրամովիչի անունը, որը, չհաստատված տվյալներով, կարող էր Telegram-ին հատկացնել մինչեւ $300 մլն։ Միաժամանակ, ըստ Telegram-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ռուսաստանյան արմատներով ներդրողների մասնակցության ընդհանուր մասնաբաժինը ICO-ում չի գերազանցել 7%-ը, իսկ մեկ ներդրողից ստացված առավելագույն չեկը կազմել է $20 մլն։


Այնուամենայնիվ, ինչպես հայտնել է գործընթացին ծանոթ աղբյուրը, Telegram-ն անցկացրել է ոչ դասական ICO։ «Սա, ավելի շուտ, արժեթղթերի փակ տեղաբաշխում է՝ դոլարով եւ եվրոյով։ Ներդրողները նախագծի ներքին կրիպտոարժույթի (Gram) համար իրավունքներ են գնում, սակայն քանի դեռ չի գործարկվել TON-ը, դրանք հասարակ արժեթղթեր են, որոնք ենթադրում են մասնակցություն տոկենների հետագա բաշխման գործընթացում»։

Telegram մեսենջերը ստեղծվել է 2013թ.։ В контакте սոցիալական ցանցից հեռանալուց հետո Պավել Դուրովը մեկնել էր Ռուսաստանից։ 2017թ. դեկտեմբերին Bloomberg-ին տված հարցազրույցում Դուրովը հայտնել էր, որ որոշել է բնակվել Դուբայում։  

Forbes-ի նախնական գնահատականով՝ Պավել Դուրովի կարողությունը կազմում է առնվազն $1,7 մլրդ։
Դիտում՝ 9234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW