Ճապոնական կրիպտոշուկան խոշոր հարձակման է ենթարկվել

29.01.2018 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Coincheck #NEM #կրիպտոարժույթ
Coincheck-ը, որը ճապոնական խոշորագույն կրիպտոարժութային բորսաներից է, հայտարարել է NEM կրիպտոարժույթով ավելի քան 500 մլն տոկենների (շուրջ $400 մլն-ին համարժեք) կորստի մասին:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, վկայակոչելով բորսայի ներկայացուցիչներին, միջոցներն անօրինական կերպով դուրս են բերվել հարթակից, իսկ ընկերությունը աշխատում է հաճախորդների բոլոր ակտիվների անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Մենք տեղյակ ենք՝ ուր են ուղարկվել միջոցները, հետեւում ենք դրանց շարժին եւ, եթե հաջողվի շարունակել այդ գործընթացը, ապա հնարավոր է՝ կարողանանք վերականգնել կորուստը»,- նշել է բորսայի համահիմնադիր Յուսուկե Օցուկան:

Ավելի վաղ Coincheck-ը հայտարարել էր, որ դադարեցնում է միջոցների հանումը, բոլոր տեսակի կրիպտոարժույթների (բացառությամբ բիթքոինի) տոկեններով առեւտուրը եւ ներդրումները NEM տոկեններում:  

Ինչպես գրում է գործակալությունը, 2009թ. բիթքոինի գործարկումից եւ թվային արժույթների հայտնվելուց ի վեր, այս միջադեպը ներդրողների ակտիվների կորուստների կամ առեւանգումների խոշորագույն դեպքերից է:


Միջադեպից երկու օր չանցած՝ Coincheck-ը հայտարարեց, որ կփոխհատուցի հաճախորդների կորուստներն իր սեփական կապիտալի հաշվին:

Մասնավորապես, ընկերությունը գողության թիրախ դարձած բոլոր 260 000 օգտատերերին յուրաքանչյուր NEM-ի դիմաց կվճարի 82 ամերիկյան ցենտ: Ըստ ճշտված տվյալների՝ ընդհանուր առմամբ գողացվել է 523 մլն միավոր NEM: Ներկայում ուսումնասիրվում են փոխհատուցման ժամկետները եւ հայտերի ընդունման գործընթացը:

«Հարձակումն ապշեցրել է ճապոնացի օրենսդիրներին, որոնք 2017թ. ապրիլին օրենք էին ընդունել՝ ուղղված նման աղետների կանխարգելմանը եւ ճնշում գործադրել գլոբալ կրիպտոշուկաների վրա, մտահոգված լինելով կարգավորիչների կողմից աճող ուշադրությամբ»,- գրում է գործակալությունը:

Coincheck-ը հիմնադրվել է 2012թ.: Անցած տարվա հուլիսի դրությամբ, բորսան ուներ 71 աշխատակից: Coincheck-ի գլխամասային գրասենյակը գտնվում է ստարտափների կողմից սիրված Տոկիոյի շրջաններից մեկում:

NEM-ը գործարկվել է 2015թ. եւ հանդիսանում է 10-րդ խոշորագույն կրիպտոարժույթը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW