Այսօր բացվել է Արարատբանկի 6-րդ թողարկման պարտատոմսերի առաջին առեւտրային նստաշրջանը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում եւ միաժամանակ հայտարարվել է բանկի պարտատոմսերի նոր թողարկման մասին:Ֆոնդային բորսայում այսօր տեղի ունեցած միջոցառմանը Արարատբանկի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ պարտատոմսերը գնանշվելու են “Ռենեսա” ներդրումային ընկերության կողմից, պարտատոմսերն ազատ շրջանառվելու են երկրորդային շուկայում, եւ ցանկացած անձ կարող է բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ընկերությունների միջոցով ձեռքբերել դրանք:6-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում էր $1 մլն (բանկի դոլարային պարտատոմսերի 2-րդ թողարկումն է)՝ 8,5% տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականությամբ:«Տեղաբաշխման արդյունքները ցույց տվեցին, որ ներդրողների հետաքրքրությունը մեծ էր. պահանջարկը շուրջ 30%-ով գերազանցեց թողարկման ծավալը, տեղաբաշխմանը մասնակցել է 123 ներդրող, որոնց գերակշիռ մասը ֆիզիկական անձիք են»,- ասել է Դավիթ Հարությունյանը:6-րդ թողարկման ցուցակման հետ միաժամանակ Արարատբանկը հայտարարել է նաեւ իր պարտատոմսերի 7-րդ թողարկման մասին, որոնք այս անգամ լինելու են դրամային: Թողարկման ծավալը կազմում է 400 մլն դրամ (40 հազ. անվանական արժեկտրոնային պարտատոմս 10 հազ. դրամ անվանական արժեքով), տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 13%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնների վճարումների պարբերականությունը՝ եռամսյակային: «Պարտատոմսերի վերջին տեղաբաշխման ժամանակ մենք հատկապես ֆիզիկական անձ-հաճախորդների շրջանում հայտնաբերեցինք պահանջարկ նաեւ դրամային գործիքների նկատմամբ եւ որոշեցինք բավարարել այն: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի ձեռքբերման համար կարող է հուլիսի 1-ից 19-ը դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Պարտատոմսերը երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Tweet Դիտում՝ 5781