ՍԱՍ Գրուպը դոլարային պարտատոմսեր է թողարկել
30.11.2012 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան/Մեդիամաքս/. «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն $7 մլն-ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսեր է թողարկել:
ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանն այսօր Երեւանում թողարկմանը նվիրված մամլո ասուլիսին ասել է, որ պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10,1%, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 10$, շրջանառության ժամկետը՝ 2 տարի:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը դեկտեմբերի 4-ից 2013թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում:
«Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ՝ պարտատոմսի անվանական արժեքի 5,05%-ի չափով: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել իրավաբանական եւ ֆիզիկական անձինք», - ասել է Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, հավելելով, որ տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:
Ըստ Առնո Մոսիկյանի, պարտատոմսերում պատրաստվում են ներդնել նաեւ օտարերկրյա ներդրողները:
Ստեփան Սահակյանը նշել է, որ պարտատոմսերից ներգրավված միջոցներն ուղղվելու են սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը: «Նախատեսում ենք ընդլայնել մեր ցանցը Երեւանում՝ սուպերմարկետներ բացելով բոլոր վարչական շրջաններում», - ասել է Ստեփան Սահակյանը, նշելով, որ մարզերում ընդլայնվելու ծրագրեր ընկերությունը դեռեւս չունի:
Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը հրապարակված է Կենտրոնական բանկի, Ամերիաբանկի եւ ՍԱՍ Գրուպի վեբկայքերում:
ՍԱՍ Գրուպի կողմից դոլարային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը երկրորդ նմանատիպ նախաձեռնությունն է հայկական կապիտալի շուկայում. 2012թ. հոկտեմբերի սկզբին $1 մլն ծավալով, 9% եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով դոլարային պարտատոմսեր է թողարկել Արարատբանկը: Արժեթղթերը տեղաբաշխվեցին սահմանված ժամկետից շուտ եւ արդեն գնանշվում են բորսայում:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: