Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան գործարկվել է ժամկետային վարկային ռեսուրսների հարթակ, որտեղ կկազմակերպվի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթաց:Բորսայի ղեկավարության հավաստմամբ, այն բացառիկ տեխնոլոգիական լուծում է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում, եւ ակնկալվում է, որ այն կդառնա բորսայի կողմից կազմակերպվող ամենամեծ շուկաներից մեկը, քանի որ այն 2010-ից գործող օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակի հետ մեկտեղ կստեղծի ակտիվների կառավարման առավել արդյունավետ եւ ճկուն մեխանիզմներ եւ կնպաստի կարճաժամկետ վարկային տոկոսադրույքների արդար եւ թափանցիկ գնագոյացմանը:«Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը բացառիկ է ֆինանսական շուկաների համար, քանի որ համատեղում է անանում երկկողմանի աճուրդը եւ գրավի կենտրոնացված կառավարումը, որի ամբողջ գործընթացը ղեկավարվում է մեր մասնագետների կողմից ստեղծված բարդ ծրագրային համակարգերի միջոցով», - նշել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը: Նրա խոսքերով, 2010-ից բորսայում գործող միջբանկային օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակում իրականացված առեւտրի ծավալները 2011-ին կազմել են $8 մլրդ, իսկ ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքներով` $12 մլրդ, ինչը գերազանցում է մերձբալթյան երեք երկրների ֆոնդային բորսաների համախառն առեւտրի ծավալները: Նոր հարթակում առեւտրին կրկին մասնակցելու են ՀՀ առեւտրային բանկերը: Առեւտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր 11:00-ից 13:00-ն: Առեւտրային նստաշրջանի փակմանը հաջորդող 10 րոպեյվա ընթացքում կանցկացվի հետառեւտրային նստաշրջան, որի ընթացքում շուկայի մասնակիցները կկարողանան վարկային ռեսուրսներ տրամադրել եւ ստանալ տվալ առեւտրային օրվա ընթացքում ձեւավորված միջին կշռված տոկոսադրույքով: Tweet Դիտում՝ 4327