Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում փետրվարին գրանցվել է 1512 գործարք

06.03.2026 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆոնդային բորսա #պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի փետրվար ամսվա շուկայական տվյալները։ 

Ֆոնդային բորսայից հայտնել են, որ ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։

Փետրվարին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 34 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 114 գործարք՝ ավելի քան 39 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 190%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 38% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 14 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1512 գործարք՝ փետրվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 195 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է շուրջ 427 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 478 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 520%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.53%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 166 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5.3 մլրդ ՀՀ դրամ: Փետրվար ամսին կնքվել է 50 ռեպո գործարք։

Փետրվարին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 8 գործարք՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 377.25-377․9 դրամ միջակայքում, առաջարկը՝ 377.5-379 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 377.63 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 1433

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW