Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2022 թվականի առաջին եռամսյակի ամփոփ տվյալները 2020-2021 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առեւտրի եւ շուկայի ծավալների համեմատական աճ։Պետական պարտատոմսերի առեւտրի ընդհանուր ծավալը 1-ին եռամսյակում կազմել է ավելի քան 32 մլրդ դրամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 25%, իսկ 2021-ի համեմատ՝ 180% աճ։ Կնքվել է պետական պարտատոմսերով 192 գործարք։Շրջանառության մեջ առկա պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատում է 1,2 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 31%-ով։ Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի 1-ին եռամսյակի ավարտին շուկայի ծավալը կազմել է ավելի քան 502 մլրդ դրամ, որը 6%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Առեւտրի ծավալը 2020 եւ 2021թթ․-ի 1-ին եռամսյակների համեմատ աճել է ավելի քան երկու անգամ՝ անցնելով 19 մլրդ դրամի շեմը։ Գործարքների քանակն աճել է շուրջ 38%-ով։Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը 100 է։Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021թ․-ի 1-ին եռամսյակի ցուցանիշները 42%-ով, իսկ 2020թ․-ի ցուցանիշները՝ 59%-ով: Բաժնետոմսերի առեւտրի ծավալը 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 105 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 256 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 6 անգամ՝ հասնելով 188-ի։ Tweet Դիտում՝ 13759